Մարդ, ում կարծիքով վատ մարդիկ գոյություն չունեն: Մարդ, որ ստեղծագործելով կարողանաում է պահել իր ընտանիքը: Մարդ, ով բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով Ջավախքում հաստատվել է որպես նկարչուհի:
Սյուզաննա Մանուկյանը դեռ մանկուց է սկսել նկարել, նրա համար նկարչությունը մի աշխարհ է, որտեղ ամփոփվում է իր Եսը: Անկախ կյանքի լուսավոր ու մութ շրջադարձների վերջինս շարունակում է ստեղծագործել:
«Նկարչությունն իմ աշխարհն է, ինչ կա դրա մեջ է, ես ապրում եմ նկարչության համար, առանց դրա ես չեմ պատկերացնում, որ ես կարող եմ գոյություն ունենալ: Ինչ սկսել եմ խոսել, ընկալել ինչ-որ մի բան՝ նկարել եմ», – ասաց նկարչուհին:
Երբ խոսում ենք մանկությունից, առաջին նկարից վերջինիս դեմքը պայծառանում է: Երբ առաջին անգամ վրձին է վերցրել ձեռքը, առաջին բանը որ արել է, դա եղել է գույներն իրար խառնելը: Այսօր էլ նկարչուհին ստեղծագործելիս սիրում է գունային տարբեր համադրություններ անել:
«Սիրում եմ լուսավոր ու վառ գույներով նկարել: Ճիշտ է, կախված տրամադրությունից, ապրումներից նկարում եմ բոլոր գույներով: Պետք է տարբերվես, չտարբերվար, կլինես բոլորի նման, այսինքն՝ նույնը», – նշեց Սյուզաննա Մանուկյանը:
Ըստ նկարչուհու, կյանքի յուրաքանչյուր էտապ իր դասն է տալիս, մարդն անընդհատ սովորում է:
«Ամեն վայրկյան քեզ սովորեցնում է, հարցն այն է, դու ինչքանով ես օգտվում պահից, և, այսպես ասած, «քաղում» այն, ինչ քեզ պետք է: Տարիների ընթացքում դու ավելի ուժեղ ես զգում և քո զգացածը կարողանում փոխանցել կտավին: Պետք է տառապես, ապրես քո հոգում, որ կարողանաս ստեղծագործել»:
Սյուզաննա Մանուկյան նկարչուհին առաջնորդվում է՝ «վատ մարդիկ չկան» գաղափարախոսությամբ:
«Դոստոևսկու «Վատ մարդիկ գոյություն չունեն» միտքը կարդալուց հետո, ես սկսեցի աշխարհին այլ դիտանկյունից նայել: Պատկերացրեք, ինչպես կփոխվի քո աշխարհը, այս գաղափարով բացառապես ամեն ինչ կարող ես կյանքում հաղթահարել: Սա կարևոր է նախ քեզ համար, թե դիմացինդ քեզ ինչպես կընկալի, այլ խնդիր է», – տեսակետ հայտնեց նկարչուհին:
Սյուզաննայի կարծիքով, կին-արվեստագետ լինելը շատ դժվար է:
«Կին նկարչուհի լինելը տառապանք է: Այնպես է, որ նստում նկարում ես և ամեն ինչ մոռանում, դու քո անձը կողքի ես դնում, պատկերացրեք մնացածը ինչ վիճակում են լինում՝ երեխա, ընկեր, բարեկամ: Պարզապես կինն արվեստում իրոք դժվար է, բայց այդ դժվարությունն ավելի անհաղթահարելի է թվում Ախալքալաքում: Առաջ մարդկանց կարծիքները ճնշող էր, դու քեզ քո ափսեում չէիր զգում, սակայն հիմա ինձ համար միևնույնն է», – ասաց Սյուզաննան:
Երիտասարդ տարիներին, ինչպես բոլորը, նա ևս ձգտել է ճամփորդելու: Մեծ քաղաքները ձգել են, սակայն հիմա հակառակն է: Չնայած որ շատ հարազատներ ունի Երևանում, սակայն նախընտրում է մնալ Ախալքալաքում:
«Յուրաքանչյուր անգամ, երբ գնում եմ ինչ-որ մի տեղ 2 օրով կամ շաբաթով, դա ինձ համար մեծ սթրես է: Մենակ եմ այստեղ, այդ մենակությունը նույնիսկ ինձ չի ստիպում, որ գնամ: Ջավախքը ինձ ձգում է անբացատրելի մի ուժով»:
Նկարչուհին նորմալ է համարում և գտնում է, որ յուրաքանչյուր դարաշրջանում արվեստը հետին պլանում է եղել, կամ չի ընդունվել:
«Ջավախքում մշակույթը սարսափելի վիճակում է գտնվում: Այսօր մշակույթով ոչ-ոք չի զբաղվում, հասկանում եք, դա իրենց անհետաքրքիր է, և դա հավատացեք նորմալ է, բոլոր ժամանակներում այդպես է եղել, ինչ որ պրոտոկոլային միջուցառումներ և վերջ, իսկ մշակույթն ազատություն է սիրում», – նշեց նկարչուհի Սյուզաննա Մանուկյանը:
Վերջինս ստեղծագործում է առանց վարանելու, ցանկանում է նորարար լինել և աշխարհը ներկայացնել իր վրձնի գույներով:
«Թե կուզես նորարար լինել, ուրեմն ոչ մի կանոնի պիտի չհետևես, հենց խախտելով է ստեղծվում տարբերվող արվեստը: Ես ինձ հաջողակ մարդ եմ համարում, զբաղվել սիրածդ գործով, որը քեզ նաև եկամուտ է բերում, դա համարյա հրաշք է, շատ քչերին է տրվում»:
Աղունիկ Այվազյան