«Ծուղրութի Ավետարանը», որը թվագրվում է 974 թվականին, սրբությամբ պահպանվում է Ախալցիխեի շրջանի Ծուղրութ գյուղում՝ Սապոնջյանների տանը: Այն հիմնանորոգման կարիք ունի:
«Ծուղրութի Ավետարանը» թվագրվում է 974 թվականին: Գրիչը Հովհաննեսն է, հիշատակարանի հեղինակը` Եղիա քահանան: Գրչության վայրը և մանրանկարիչը հայտնի չեն: Ավետարանի մագաղաթյա թերթերը բավականին նուրբ են ու պահպանված: Հովհաննես գրչի ձեռքով ստեղծված՝ արծաթյա կազմով և 395 էջ ծավալով հռչակավոր մագաղաթյա այս Ավետարանը սրբության և հայկական շարունակականության խորհրդանիշ է հանդիսանում ծուղրութցիների համար:
Սուրբ Ավետարանը գրագիր Հովհաննեսը գրել է մագաղաթի վրա մ.թ. 974 թվականին Էրզրումում: Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ արքեպիսկոպոս Կարապետն առաջնորդում էր հայ ընտանիքների գաղթը Էրզրումից Ախալցիխե: Նրանց մեջ էր նաև Սապոնջյան ընտանիքից Անախաս տատը, ով փրկել է Հովհաննեսի Ավետարանը և բազում փորձությունների միջով անցնելով հասցրել Ծուղրութ:
Ծուղրութի Ավետարանը, մեզ հայտնի երրորդ ամենահին ձեռագիրն է: Այն առանձնահատուկ է հայ միջնադարյան արվեստում՝ հնագրության և մանրանկարչության առումով։
Ավետարանի փրկության պատմությունը շատ հետաքրքիր է: Երբ մարդիկ բռնում են գաղթի ճանապարհը և թողնում են Իլիճա գյուղը, ճանապարհին Հակոբ և Անախաս Սապոնջյանները հրդեհվելուց և դարանակալ խուժանի հարձակումներից փրկելու համար գիրքը պարկով գետի մեջ են իջեցնում, որտեղ շաբաթներով գիրքը մնում է ջրի մեջ: Երբ մագաղաթյա ձեռագիրը հանում են ջրից, գրեթե վնասված չի լինում, չնայած, որ մինչ օրս զգացվում են ջրի հետքերը:
Բազում փորձությունների միջով անցած «Ծուղրութի Ավետարանն» այսօր մշակման ու հիմնանորոգման կարիք ունի:
«Հայսատանից շատ են գալիս ասում են փչանաակը, տարիմ երկուս էտեվ փչանակը, 1 000 տարի պահպանեվել է ու էլի կպահպանվի: Ամեն անգամ քուքան կսեն անպայման բուժում է պետք, իստեղ չի ըլլցվի, անպայման Հայաստան տի տարվի, եսա համաձայն չեմ, բուժում կուզեք էնել, օգնել կուզեք, խնդրեմ արիք դեղերով է, ինչով է, տեղում բուժեք: Ես շատ մեծ բան չեմ ուզե: Մատենատարանի աշխատակիցներից մեկը խոստացել էր, որ անպայման դեղ կբերեն գրքի թերթերը սրբելու համար, բայց մենակ խոստանում են: Սա անգին գիրք է, մեր հավատքը, որը պարտավոր ենք սրբությամբ ու հոգատարությամբ պահպանել»,- ասաց Սարգիս Սապոնջյանը:
Բացառիկ ճակատագիր ունեցող ձեռագիր այս հուշարձանն այսօր գտնվում է ոչ թե ձեռագիր պահոցներում, այլ ժողովրդի ձեռքում՝ հավաստելով Ավետարանի ուժն ու զորությունը։ Գրեթե ամեն օր Սապոնջյաններն ուխտագնացների են հյուրընկալում իրենց համեստ հարկի տակ: «Ծուղրութի Ավետարանը» համարվում է խնդրակատար գիրք: Աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ այստեղ ուխտի են գալիս:
1826 թ. սկսված ռուս-պարսկական պատերազմն ավարտվել է երկու տարուց` Թուրքմենչայի պայմանագրով: Այդ պատերազմում ռուսական բանակը գտնվում էր Պասկևիչի հրամանատարության տակ: Կնքված պայամանագրի համաձայն` Երևանն անցել է Ռուսաստանին: Նույն տարում Պասկևիչի հրամանատարության ներքո գտնվող ռուսական բանակը հարձակվել է Օսմանյան կայսրության վրա և գրավել Էրզրումը: Պատերազմն ավարտվել է 1829թ.` Ադրիանապոլսի պայմանագրով: Սույն պայմանագիրը ներառում էր նաև մի հոդված, ըստ որի` ցանկացողներին իրավունք էր շնորհվում գաղթել Ռուսաստան: Այն հայերը, ովքեր մտավախություն ունեին, թե Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև կմնան երկու քարի արանքում, որոշել են փոխադրվել Ռուսաստան: Նրանց մեջ եղել են նաև Էրզրումի հայեր: Էրզրումի Իլիճա գյուղում ապրող հայերը` եպիոկոպոս Կարապետի առաջնորդությամբ, բնակություն են հաստատել տվյալ ժամանակաշրջանում Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող Ջավախքում և հիմնել են Ծուղրութ գյուղը: Իրենց հետ բերելով Իլիճա գյուղ Սուրբ գրքերը, այդ թվում մագաղաթյա այս Ավետարանը:
Աղունիկ Այվազյան