Ախալքալաքի հանրային դպրոցներում բացակաները շատ են, ծնողների մեծամասնությունը թույլ չեն տալիս իրենց երեխաներին դպրոց գնալ, վախենալով, որ իրենց երեխաները կվարակվեն կարմրուկով: Որոշ ծնողներ ցանկանում են, որ դպրոցները փակվեն կարանտինի, սակայն Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնը (ՀԱԿ) կարծում է, որ այս իրավիճակում դպրոցները փակելը ելք չէ։

Ուսումնական տարվա սկզբից, պայմանավորված տարբեր վարակիչ, սեզոնային վիրուսային հիվանդություններով, այդ թվում՝ մունիցիպալիտետում տարածված կարմրուկով, Ախալքալաքի դպրոցներում ցածր հաճախելիություն է նկատվում։ Բացակայում են ոչ միայն հիվանդ աշակերտները, այլեւ առողջ երեխաները, որոնք վախենում են վարակվել տարբեր վարակիչ հիվանդություններով։

Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը կարծում է, որ կարմրուկի տարածման պատճառը, որից ծնողներն այդքան վախենում են, այն է, որ ծնողները ճիշտ ժամանակին չեն պատվաստում իրենց երեխաներին։

«Դպրոցները փակելն անիմաստ է: Եթե գոնե կարողանայինք անցնել առցանց ուսուցման, թե չէ փակումը տարբերակ չէ, իրավիճակից ելքը պատվաստումն է։ Քաղաքում երեխաներին չեն պատվաստում, հետևաբար այս վիճակն է: Ամեն օր կարմրուկով հիվանդների թիվն ավելանում է, չենք հասցնում անալիզներն ուղարկել Ախալցիխե: Ամեն օր 4-5 դեպք է հայտնաբերվում, սրանք միայն նրանք են, ովքեր մեզ դիմում են, բայց շատերը չեն դիմում»,- ասում է Սիրանուշ Տոնականյանը։

Տոնականյանի խոսքով, գյուղերում ևս կան կարմրուկի դեպքեր, բայց քիչ, քանի որ գյուղերում 95 տոկոսը պատվաստված է, իսկ քաղաքում չեն պատվաստվում:

Ախալքալաքի մունիցիպալիտետում կարմրուկով վարակման առաջին դեպքը գրանցվել է մայիսի 20-ին, և այդ օրվանից մինչ օրս հիվանդների թիվն ավելանում է։