Գերմանական Statista վերլուծական կենտրոնը, հիմնվելով Bounce ընկերության տվյալների վրա, կազմել է գինու զբոսաշրջության լավագույն երկրների վարկանիշը, որում Վրաստանը եզրափակում է հնգյակը և առաջ է անցել Ֆրանսիայից։

Վարկանիշը հրապարակված է Statista և Bounce կայքերում։

Վարկանիշը հիմնված է հինգ ցուցանիշների վրա, ինչպիսիք են ազգային գինու սպառումը, արտադրությունը, ամբողջ երկրում խաղողի այգիների տարածքի տոկոսը, էքսկուրսիաների քանակը, ինչպես նաև համտեսները և մեկ շիշ գինու միջին արժեքը:

Ըստ Statista-ի՝ Վրաստանը մեկ անձի համար արտադրում է 57 լիտր գինի, իսկ խաղողի այգիների տարածքը կազմում է երկրի տարածքի 0,70%-ը։ Էքսկուրսիաների և համտեսների թիվը կազմում է 211՝ միլիոն մարդու հաշվով, իսկ գինու մեկ շշի միջին արժեքը 5,91 դոլար է։

Տվյալների վերլուծության արդյունքների համաձայն՝ Պորտուգալիան հավաքել է ամենաբարձր միավորը՝ 8,83 միավոր 10 հնարավորից։ Երկրորդ տեղում Մոլդովան է՝ 8,16 միավորով, որտեղ խաղողի այգիների տարածքը կազմում է համաշխարհային մասշտաբի գրեթե 2%-ը։ Իտալիան 7,86 միավորով երրորդ տեղում է, իսկ Իսպանիան 7,18 միավորով չորրորդն է: Լավագույն հնգյակը 7,05 միավորով եզրափակում է Վրաստանը՝ առաջ անցնելով Ֆրանսիայից։

Ֆրանսիան 6,87 միավորով միայն 6-րդ տեղում է։ Նրան 6,52 միավորով հաջորդում է Հունգարիան։ Տասնյակում միակ ոչ եվրոպական երկրներն են Նոր Զելանդիան և Չիլին։ Նոր Զելանդիան 5,97 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը, իսկ Չիլին 5,31 միավորով 10-րդն է: Հունաստանը 9-րդ տեղում է՝ վաստակելով 5,32 միավոր։