Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի բյուրոյի նիստում պատգամավորները քննարկեցին գերազանց ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու միջնորդագիրը։ Այդ միջնորդագիրը ներկայացրել էին մունիցիպալիտետի ուսանողները։ Սակրեբուլոն հավանություն տվեց միջնորդագրի գաղափարին և այն, հետագա քննարկման նպատակով, ուղարկեց քաղաքապետարան ։

Ուսանողների նախաձեռնող խումբը միջնորդագիր է նախաձեռնել, խնդրելով սահմանել խրախուսական կրթաթոշակ գերազանց ուսանողների համար: Ի աջակցություն միջնորդագրի, ուսանողները հավաքել են մունիցիպալիտետի շուրջ 400 բնակչի (ընտրողների թվի ավելի քան 1%-ը) ստորագրություն և այն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացրել աակրեբուլո։ Միջնորդագրի հեղինակը Ջուլիետա Սողոյանն է։

Քանի որ նախաձեռնողները չէին կարող մասնակցել նիստին, քննարկումների ընթացքում, պատգամավորները ուսանողների հետ շփվեցին առցանց ռեժիմով։

«Մենք ողջունում ենք, համաձայն ենք կրթաթոշակ տրամադրել, տեսնենք ինչ կորոշի սակրեբուլոն և քաղաքապետարանը, կորոշենք մեխանիզմը, թե ինչքան ենք տալու և ում։ Հիմա ուղղակի պետք է որոշենք հատկացման մեխանիզմը»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։

Երիտասարդների նախաձեռնությունը ողջունեց նաև Սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանը։

Միջնորդոագիրը պատգամավորներին ներկայացրել էին Գրիշա Մկրտչյանն ու Ջուլետա Սողոյանը։

Բոլոր պատգամավորները համակարծիք էին, որ ստորագրահավաքի գաղափարը լավն է և արժե իրականացնել։ Իրենց հավանությունն ու մեկնաբանությունները հայտնեցին պատգամավորներ Գայոզ Լոմսաձեն, Համլետ Մովսեսյանը, Էդուարդ Աղասարյանը, Սողոմոն Ասլանյանը և այլք։

«Լելո» ընդդիմադիր կուսակցությունից ընտրված պատգամավոր Զաքար Զաքարյանը ևս համաձայնեց.

«Անգամ քննարկելու կարիք չկա, դա պետք է տրվի բոլորին, նույնիսկ ոչ պետական ​​բուհերի ուսանողներին, նրանք էլ են ուսանող, ինչ տարբերություն։ Եթե ​​գերազանցիկ աշակերտների թիվը մեծ է, ապա չպետք է զարմանալ, դպրոցներում 7-8 մեդալակիր է լինում։ Ինձ թվում է չեք ուզում, պետք է առանց քննարկման ընդունել ու տալ բոլորին»,- ասաց Զաքար Զաքարյանը։

Սակրեբուլոյի բյուրոյի նիստում քննարկվեցին հետևյալ հարցերը՝ կրթաթոշակ տալ բոլոր ուսանողներին թե միայն նրանց, ովքեր սովորում են Վրաստանում, որ կուրսից տալ, ինչ առաջադիմությամբ ուսանողներին տալ կրթաթոշակ, ինչ չափով և այլ հարցեր:

Պատգամավորները բյուրոյի նիստում որոշեցին հարցը ուղարկել քաղաքապետարան հետևյալ առաջարկությամբ՝ մշակել խնդրի լուծման կոնկրետ մեխանիզմ, իսկ հաջորդ քննարկմանը, որպեսզի պարտադիր ներկա լինի քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Նշենք, որ կրթաթոշակ տրվում են Ախալցիխեի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ուսանողներին։ Յուրաքանչյուր մունիցիպալիտետ որոշել է կրթաթոշակի չափը՝ ելնելով իր հնարավորություններից, ինչպես նաև սահմանել է տրամադրման իր պայմանները։