Օգոստոս ամսին հայտարարվել էր «1+4» ծրագրի ուսանողների ստաժավորման ծրագիրը, որն ուսանողներին հնարավորություն է ընձեռնում 1-6 ամիս պրակտիկա անցնել պետական կառույցներում, այդ թվում՝ նաև Ախալքալաքի քաղաքապետարանում: Այս պահին ընդամենը մեկ պրակտիկանտ է ընդունվել, ով անցնում է ստաժավորման ծրագիրը:
Նշենք, որ ստաժավորման ծրագիրն իրականացնում է Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը համատեղ Վրաստանի քաղաքացիական ծառայության բյուրոյի։
Ըստ հայտի Ախալքալաքի քաղաքապետարանում ևս հնարավոր էր անցնել ստաժավորում:
Jnews-ը զրույց ունեցավ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի հետ, ով նշեց, որ ունեն մեկ ստաժոր ենթակառուցվածքների բաժնում։ Այն հարցին, թե արդյոք ստաժավորման ավարտից հետո հնարավոր է աշխատանքի առաջարկ տվյալ անձնին, նա պատասխանեց, որ այդ հարցին հստակ չի կարող պատասխանել, ժամանակը ցույց կտա:
Հիշեցնենք, որ ստաժավորման ծրագրի նպատակն է Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ծանոթացնել պետական հաստատություններում աշխատելու առանձնահատկություններին, զարգացնել նրանց մասնագիտական հմտությունները և, արդյունքում՝ նպաստել նրանց քաղաքացիական ինտեգրմանը:
Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեն մրցութային հիմունքներով մասնակցել ստաժավորմանը։
Հատուկ ստեղծված հանձնաժողովն ապահովում է ստաժորների ընտրությունը՝ ըստ սահմանված գնահատման չափանիշների։ Հաջողակ թեկնածուները 1-ից 6 ամիս ժամկետով ստաժավորում են անցնում պետական կառույցներում, տեղական ինքնակառավարման մարմիններում և հանրային իրավունքի իրավաբանական անձ հանդիսացող հիմնարկներում:
Տեղեկության համար նշենք նաև, որ այս ծրագիրը 2017 թվականին նախաձեռնել է Քեթևան Ցիխելաշվիլին, Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների աշխատանքի տեղավորման հեռանկարի բարելավման և քաղաքացիական ինտեգրացիայի գործընթացին նպաստելու նպատակով: