Ախալքալաքում կորոնավիրուսով վարակման շատ քիչ դեպքեր կան, ինչը տագնապ է առաջացնում բնակչության շրջանում, հանգեցնելով այն մտքին, որ Ախալքալաքում կորոնավիրուսը չի հայտնաբերվում, քանի որ PCR թեստեր չեն արվում:

Ախալքալաքը փոքր քաղաք է, որտեղ մարդիկ շատ սերտ շփում ունեն միմյանց հետ, ինչն արդիական է դարձնում կորոնավիրուսի արագ տարածման հավանականությունը: Հետեւաբար, շատ բնակիչներ կարծում են, որ իրենք շփում են ունեցել կորոնավիրուսով հիվանդների հետ: Մարդիկ, ովքեր ունեն ջերմություն, հարբուխ և սեզոնային շնչառական վիրուսային հիվանդություններին բնորոշ այլ ախտանիշներ՝ կամ թաքցնում են, որ հիվանդ են և բուժվում են տնային պայմաններում, կամ էլ ինքնամեկուսացվում են, իսկ ոմանք էլ դիմում են բժշկի:

«Առավոտյանհիվանդանոցում էի: Մի քանի օր է 37-ից բարձր ջերմություն ունեմ, և հարբուխ: Այսօր որոշեցի գնալ հիվանդանոց՝ հետազոտվելու: Հետազոտությունից հետո ինձ ասացին, որ թոքաբորբ է սկսվում, ուզում էի կորոնավիրուսի թեստ հանձնել: Սկզբում բժիշկներն ասացին, որ թեստավորվելու անհրաժեշտություն չկա, հետո ասացին, որ պետք է գնան գործընկերոջ հուղարկավորությանը, թեստը կանեն ավելի ուշ: Նրանք ասացին, որ թեստի համար հարկավոր է վճարել 31 լարի, ես պատրաստ էի վճարել, բայց ասացին, որ հետո գամ: Հիմա որոշել եմ թեստ չհանձնել: Բժիշկները դեղեր են նշանակել, կբուժվեմ: Հեռախոսով հարցուփորձ արեցի հարազատներիցս, ովքեր կորոնավիրուսի մասին գիտեն ոչ միայն պատմածով, պարզվեց, որ ինձ նշանակել են նույն դեղերը, որոնք օգտագործում են այն բուժելու համար: Հենց ինձ վատ զգացի, ամեն դեպքում անմիջապես ինքնամեկուսացա», – ասում է Ախալքալաքի բնակիչը, որը չցանկացավ ներկայանալ:

Հաճախ մարդիկ չգիտեն, թե ում դիմեն ախտանիշների առկայության դեպքում, Ախալքալաքում COVID-19-ի ի հայտ գալուց ի վեր, Հանրային առողջապահության կենտրոնն էր զբաղվում թեստավորմամբ, սակայն այս պահին նրանք խորհուրդ են տալիս դիմել հիվանդանոց:

«Այս պահին ՀԱԿ-ում PCR թեստեր չեն կատարվում: Թեստավորումը ժամանակավորապես դադարեցվել է: Ախալքալաքում թեստերը կատարվում են միայն հիվանդանոցում: Այս հրամանը տրվել է Թբիլիսիից», – ասում է ՀԱԿ-ի տնօրեն Ավետ Տոնականյանը:

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցից հաստատում են, որ իրենք թեստ անում են, եթե դրա համար կա բժիշկների ցուցումը և առկա են մի շարք ախտանիշներ:

«Կորոնավիրուսի թեստն անում ենք, եթե կա անամնեզ, նրանց, ովքեր շփման մեջ են եղել, ովքեր ունեն 37,6-38,0 ջերմություն, և ում մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Այլ դեպքերում, եթե ցանկանում են թեստ անել, մենք վճարովի թեստեր ունենք, որոնց արժեքը 200 լարի է: Եթե եկել եք, թեստ չեն անցկացրել, նշանակում է՝ բժիշկները դրա անհրաժեշտությունը չեն տեսել, քանի որ նրանք անամնեզ չեն ունեցել, միայն ջերմության առկայությունը բավարար պատճառ չէ: Մենք շատերին ենք թեստավորել, օրական 30-ից 35 թեստ ենք վերցնում և ուղարկում: Մենք անալիզներն անում ենք օրենքի, արձանագրության համաձայն՝ ըստ կարգադրության», – ասում է Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի վարիչ Ալեքսան Թորոյանը:

Այսպիսով, այս պահին կորոնավիրուսի թեստը հնարավոր է հանձնել Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում: Եթե կա բժշկի ցուցումը և մի շարք ախտանիշներ: Եթե թեստի համար բժշկական ցուցում չկա, ցանկացողները կարող են այն հանձնել՝ վճարելով 200 լարի: