Ախալքալաքում մեկ ամիս է, ինչ բացվել է խոպանի (սեզոնային արտագնա աշխատանք արտերկրում, հիմնականում՝ Ռուսաստանում), սակայն ռուբլու արժեզրկումը, ուկրաինական պատերազմը և այլ գործոններ բնակիչներին ստիպում են մտածել՝ գնա՞լ այս տարի արտագնա աշխատանքի, թե՞ ոչ։ Ջավախքի բնակիչներն անորոշության մեջ են:
Խոպանի սեզոնը սկսվում է մարտին, ոմանք արդեն գնացել են և սպասում են իրադարձությունների հետագա զարգացմանը Ռուսաստանում, և աշխատանքի մեկնարկին, մյուսները տեղում սպասում են հարազատների և ընկերների պատասխանին, որ աշխատանք արդեն կա, և կարելի է մեկնել աշխատանքի: Ախալքալաքի մունիցիպալիտետի արական սեռի բնակիչների մեծ մասը 8-10 ամսով մեկնում է Ռուսաստան արտագնա աշխատանքի՝ փող աշխատելու, գումար վաստակելու այլ հնարավորությունների բացակայության պատճառով։
«Ինչո՞ւ մեկնել արտագնա աշխատանքի: Առավել ևս, երբ ռուբլին արժեզրկված է»,- ծիծաղում են Օլավերդ գյուղի բնակիչները։
«Եթե չկարողանանք գնալ խոպան, ապա ի՞նչ պիտի անենք: Խոտ կհնձենք, կարտոֆիլ կցանենք: Հո բոլորը չեն գնում արտագնա աշխատանքի: Սակայն մեր գյուղում բնակչության 99 տոկոսը մեկնում է՝ սկսած 18 տարեկանից»,- ասում է երկրորդ զրուցակիցը:
«Բոլորս էլ գնալու ենք այնտեղ: Միայն թե հիմա սպասում ենք, տեսնենք, թե այնտեղ իրավիճակն ինչպես կզարգանա»,- ասում է օլավերդցի երրորդ երիտասարդը։
«Դեռ սպասում ենք, որ պատերազմն ավարտվի»,- հավելում է Օլավերդի մեկ այլ բնակիչ։
Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նորություն չէ շրջանի համար: Խոպանը փող աշխատելու սովորական միջոց է Ջավախքում, որտեղ չկա արտադրություն, վատ եղանակային պայմաններ են (ձմեռ, որը տևում է ավելի քան 6 ամիս) և, առհասարակ, հեռանկարների բացակայություն է տիրում։ Միակ հույսը գյուղատնտեսությունն է, սակայն 2020 թվականի տխուր փորձը (կորոնավիրուսի պատճառով սահմանափակումները), երբ շատ բնակիչներ չկարողացան մեկնել արտագնա աշխատանքի կորոնավիրուսի պատճառով, ցույց տվեց, որ Ջավախքում ցանվող կարտոֆիլը կամ անասնապահությամբ զբաղվելը ձեռնտու չէ՝ ցածր գների, թանկ ինքնարժեքի և վաճառահանման շուկաների բացակայության պատճառով:
Չնայած դրան, ավելի քան 30 տարվա անկախության ընթացքում Վրաստանը չի կարողացել ստեղծել անկախ տնտեսություն,որը մասամբ կախված է Ռուսաստանից, մասամբ՝ Թուրքիայից և այլ երկրներից։ Ավելի դժվար է այն շրջանների բնակիչների համար, որտեղ զբոսաշրջությունը զարգացած չէ, ինչպես Աջարիայում, և չկա առաջադեմ արտադրություն, ինչպես Ռաճան և Կախեթին։
Տնտեսագիտության փորձագետ, «Ռոնդելի» հիմնադրամի քաղաքագետ Վլադիմիր Պապավայի խոսքով, ոչ միայն Ջավախքի շրջանը, այլեւ ողջ Վրաստանը մեծապես ապրում է ծանր տնտեսական կախվածություն։
«Դա վերաբերում է ոչ միայն Ջավախքին, այլև բոլոր շրջաններին, նույնիսկ Թբիլիսիին: Քանի որ մեր քաղաքացիներն ապրում են Ռուսաստանում, գումար են վաստակում այնտեղ և ուղարկում այն իրենց հարազատներին: Ըստ երևույթին, այդ դրամական փոխանցումները, եթե ոչ ամբողջությամբ են կրճատվել, ապա զգալիորեն նվազել են: Սա արդեն փաստ է։ Այս պահին Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումները կազմում են բոլոր փոխանցումների մոտ 15-20%-ը։ Իհարկե, դա մեծ հարված կլինի Վրաստանի բնակչությանը և նաև հարված կլինի Վրաստանում արտարժույթային եկամուտներին։ Որովհետև ամերիկացիներն արգելել են ԱՄՆ դոլարի օգտագործումը Ռուսաստանում։ Իսկ Ռուսաստանն արգելել է արտարժույթի դուրսբերումը, ապա այստեղ որևէ մխիթարական կանխատեսում, իհարկե, չի կարող լինել, որ դրամական փոխանցումները կշարունակվեն»,- ասում է նա։
Չնայած այն հանգամանքին, որ բոլորը գիտեն այլ երկրներից այս կախվածության մասին, Վրաստանը դեռ չի կարող կամ չի ձեռնարկում քայլեր՝ իրավիճակը բարելավելու համար։
«Վրաստանն այս պայմաններում քիչ բան կարող է անել, բացի տեղական արտադրությունը զարգացնելուց և դրանով իսկ Վրաստանում աշխատատեղեր ստեղծելուց, որպեսզի մեր քաղաքացիները՝ Վրաստանից մեկնածները, վերադառնան և սկսեն վաստակել հենց Վրաստանում: Հասկանում եք, վայրկյանապես էլ հնարավոր չի լինի նման հարցերը լուծել,սա նույնպես ժամանակ է պահանջում, այսինքն՝ կարելի է ասել, որ դժվար ժամանակներ են մոտենում, բայց այս ժամանակները ծանր են լինելու ոչ միայն Վրաստանի, այլ ամբողջ աշխարհի համար»,- ասում է Վլադիմիր Պապավան։
Այնուամենայնիվ, այն պատճառով, որ դժվար է բոլորի համար, Ջավախքում դա չի հանգստացնում բնակչությանը, քանի որ, եթե ընտանիքը չի կարողանում օրվա հացի գումարը վաստակել, ապա այն չի կարող գլոբալ մտածել։
Քրիստինե Մարաբյան