Ախալքալաքցի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը հանդես եկավ IBA Աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնության 1/8 եզրափակչում։ Գրանցելով բացարձակ հաղթանակ, նա անցավ 1/4 եզրափակիչ, մի քայլ մոտենալով չեմպիոնի կոչմանը։
Վրաստանը ներկայացնող ախալքալաքցի մարզիկը մենամարտել է կամերունցի Իսա Ալիի հետ և հաղթել 5։0 հաշվով։ Գոռը հանդես է գալիս 54 կգ քաշային կարգում։
Առաջնությունը կայանում է Իսպանիայի Լա-Նուսիա քաղաքում նոյեմբերի 14-ից 26-ը։ Առաջնությանը մասնակցում են 800 մարզիկ տարբեր երկրներից։
Հարկ է նշել, որ Գոռ Այվազյանն այս տարի նվաճեց բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Նա նաև տարբեր միջազգային մրցույթների հաղթող և մեդալակիր է։ Անցյալ տարի նա դարձավ նաև Չեռնոգորիայի մրցումների չեմպիոն և Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։ Ինչպես նաև 2019 թվականի Եվրոպայի պատանիների միջև չեմպիոն է դարձել։
Երիտասարդ բռնցքամարտիկը մարզիչ Գագիկ Էլիզբարյանի հետ մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում։ Մարզիկը 17 տարեկան է։