Այս տարի Ախալքալաքի քաղաքապետարանը որոշել է ամանորյա գլխավոր տոնածառը տեղադրել ոչ թե կենտրոնական հրապարակում, ինչպես ամեն տարի, այլ կենտրոնական զբոսայգու հարևանությամբ։
Ինչպես ավելի վաղ գրել էր Jnews-ը, Ախալքալաքի քաղաքապետարանը պատրաստվում է Ամանորին։ Քաղաքն ու ամանորյա տոնածառը զարդարելու տենդեր-մրցույթն արդեն հայտարարված է, հայտերի ընդունման վերջնաժամկետն այսօր է։
«Այս տարի ամանորյա տոնածառը կտեղադրվի Թամար թագուհու փողոցում՝ զբոսայգու և ֆուտբոլի դաշտի միջև: Որոշվել է այն չտեղադրել զբոսայգում, քանի որ այնտեղ բավարար տարածք չկա, զբոսայգին նույնպես կզարդարվի, այնտեղ բեմ կլինի, բայց տոնածառը կտեղադրվի փողոցի կենտրոնում: Իհարկե, կլինի համերգային ծրագիր, բայց հստակ ծրագիրը դեռ չկա: Տեսնենք տենդերը ով կշահի, քաղաքը կզարդարենք, հետո պարզ կլինի»,- մեկնաբանեց Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը։
Ամանորյա տոնածառի տեղադրման աշխատանքների սկզբից մինչև դրա ապամոնտաժումը (նախնական ամսաթիվը՝ 15.01.2023թ.) Չարենցի փողոցից մինչև Ճավճավաձեի փողոցն ընկած Թամար թագուհու փողոցի հատվածը փակ կլինի ավտոմեքենաների երթևեկության համար։
Հիշեցնենք, որ Ախալքալաքը ամանորյա տոնական զարդարելու համար հայտարարվել է 60 000 լարիի չափով էլեկտրոնային մրցույթ, որը ներառում է տոնական լուսավորության և դեկորացիաների ապահովում, ինչպես նաև Ախալքալաքի 10 մետրանոց տոնածառի զարդարանք։ Տոնածառը կզարդարի դիզայները։ Մրցույթին մասնակցության հայտերի ընդունումն ավարտվում է նոյեմբերի 17-ին, ժամը՝ 12:00-ին։ Նշված ամանորյա զարդարանքի մատակարարումը պետք է իրականացվի ոչ ուշ, քան 2022 թվականի դեկտեմբերի 15-ը, իսկ տոնածառի զարդարանքը՝ ոչ ուշ, քան 2022 թվականի դեկտեմբերի 20-ը:
Ըստ տենդերի նախատեսված է ձեռք բերել զանազան դեկորատիվ կոնստրուկցիաներ, փողոցային դեկորացիա՝ ձյան փաթիլների և տոնածառերի տեսքով, դրասանգազարդեր, որոնցով կզարդարեն ծառերը, փողոցային դեկորացիաներ՝ լուսավորության համար, ինչպես նաև ժապավեններ՝ փողոցները զարդարելու համար։ Տաս մետրանոց տոնածառը կլուսավորվի դրասանգազարդով, հին խաղալիքներին կավելացվեն նորերը։
Նախորդ տարի տեղական բյուջեից քաղաքը զարդարելու համար 40 000 լարի էր ծախսվել, նաև շատ հետաքրքիր ամանորյա միջոցառում էր կազմակերպվել: