Ախալքալաքի «Խաս Բախչա» կենտրոնական այգում նախատեսվում է կառուցել նոր, ժամանակակից սրճարան՝ ապամոնտաժված նախկին սրճարանի տարածքում։ Քաղաքապետարանն արդեն շինարարության մրցույթը հայտարարել է, իսկ ծրագրի արժեքը կազմում է 301 247 լարի։
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարել է նոր սրճարանի կառուցման մրցույթը։
Այս վայրում երկար տարիներ գործել է սրճարան, որը մի քանի տարի առաջ ապամոնտաժվել է։
Ախալքալաքի կենտրոնական «Խաս Բախչա» այգում սրճարանի կառուցման հարցը մի քանի տարի շարունակ քննարկվում էր։ Ծրագրի իրականացման համար համայնքային բյուջեում մի քանի անգամ միջոցներ նախատեսվել են, սակայն շինարարությունն այդպես էլ չի սկսվել։
Այժմ բյուջեում կրկին միջոցներ են նախատեսվել նոր սրճարանի կառուցման համար, և քաղաքապետարանը հայտարարել է համապատասխան աշխատանքների իրականացման մրցույթ։ Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը։
Ախալքալաքի համայնքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության ղեկավար Արա Մովսեսյանի խոսքով, այս տարի կատարվելիք աշխատանքների ծավալը կախված կլինի եղանակային պայմաններից։
«Կախված է եղանակային պայմաններից, պայմանները ինչքան թույլ տան, այնքան էլ այս տարի կաշխատենք։ Մնացած աշխատանքները կտեղափոխենք հաջորդ տարի», — նշել է Արա Մովսեսյանը։
Մրցույթի պայմանների համաձայն, պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է դրա ստորագրման օրվանից մինչև 2028 թվականի հուլիսի 31-ը։
Հին սրճարանն ուներ այսպիսի տեսք՝







