Ախալքալաքի մունիցիպալիտետում ջրամատակարարմամբ և կոյուղու համակարգի սպասարկմամբ զբաղվում են երկու կազմակերպություն։ Սակայն քաղաքի և գյուղերի բնակիչները հաճախ բախվում են իրավիճակի, երբ չգիտեն, թե վթարի կամ ջրամատակարարման դադարեցման դեպքում ուր պետք է դիմեն։ Ոմանք ասում են, որ իրենց մի կազմակերպությունից մյուսն են ուղարկում, մյուսները բողոքում են ջրատար համակարգերի վիճակից և խմելու ջրի որակից։ Jnews-ը պարզել է, թե որ բնակավայրերն են մտնում յուրաքանչյուր կազմակերպության սպասարկման գոտի և ով է պատասխանատու խնդիրների վերացման համար։
Ախալքալաքի մունիցիպալիտետում բնակիչների ջրամատակարարմամբ և կոյուղու ցանցերին միացնելը, ինչպես նաև բնակչության սպասարկումն իրականացնում են երկու սպասարկման կենտրոն՝ «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերություն» ՍՊԸ-ի Ախալքալաքի սպասարկման կենտրոնը և Ախալքալաքի սպասարկման կենտրոնը, որը գործում է տեղական իշխանության մարմիններին կից։
Մեր խմբագրությունը պարբերաբար բողոքներ է ստանում է բնակիչներից, որոնք հայտնում են, որ վթարների կամ ջրամատակարարման ու կոյուղու հետ կապված այլ խնդիրների դեպքում չգիտեն, թե որ կազմակերպությանն է պետք դիմել։
Բնակիչների խոսքով, «Միացյալ ջրամատակարարում» դիմելու դեպքում երբեմն պատասխանում են, որ տվյալ հատվածը ընկերության սպասարկման գոտու մեջ չի մտնում։
Նման դեպքեր տեղի են ունենում ինչպես քաղաքում, այնպես էլ մունիցիպալիտետի գյուղերում։
Օրինակ՝ նման իրավիճակ է ստեղծվել Մերենիա գյուղում։
«Ջուրը գալիս է Էխտիլայից։ Գյուղի տարածքում ջրատարը մի քանի հատվածում վնասված է։ Խողովակները, ամբողջ գիծը ասբեստից են, խողովակների տրամագիծը չի համապատասխանում չափանիշներին, խողովակները շատ փոքր են։ Ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Ես մի քանի անգամ դիմել եմ։ Դիմեցի քաղաքապետին, նա ասում է՝ դիմիր «ջրային տնտեսություն»։ Գնում ենք այնտեղ, մեզ ուղարկում են քաղաքապետարան», — ասում է Մերենիա գյուղի բնակիչ Հայկազ Ամիրխանյանը։
Նրա խոսքով, խնդրի չլուծվելու պատճառով իր ընտանիքը և Մերենիա գյուղի ևս մոտ 15 տուն մնում են առանց ջրի։
Նշենք, որ համաձայն ընկերությունից մեզ տրամադրված ցանկի, Մերենիա գյուղը մտնում է «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության» Ախալքալաքի սպասարկման կենտրոնի սպասարկման գոտում։
Որ բնակավայրերն է սպասարկում «Միացյալ ջրամատակարարումը»
«Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերություն» ՍՊԸ-ի Ախալքալաքի սպասարկման կենտրոնի սպասարկման գոտում ընդգրկված են Ախալքալաքի մունիցիպալիտետի 36 գյուղ։
Դրանք են՝
Ազավրեթ, Ալաստան, Բուռնաշեթ, Ղադոլար, Լոմատուրցխ, Վարևան, Արագվա, Մաջադիա, Կորխ, Թոթխամ, Օրջա, Բարալեթ, Էխտիլա, Մերենիա, Մեծ Սամսար, Փոքր Սամսար, Վաչիան, Մուրջախեթ, Չամդուրա, Գոգաշեն, Կիրովական, Դիլիսկա, Կարտիկամ, Կուլիկամ, Խուլգումո, Թախչա, Կոթելիա, Հոկամ, Քարսեփ, Պտենա, Տուրցխ, Ափնիա, Խոսպիո, Բավրա, Մարտունի, Չունչխա։
Այս ցանկում ընդգրկված որոշ գյուղերում, օրինակ՝ Էխտիլայում, ջրամատակարարման համար վճար չի գանձվում։ Սակայն, մասնագետ Արտավազդ Դարբինյանի խոսքով, իրենք ջրի որակի հետ կապված բողոքներ չունեն։
«Մենք ջրի համար չենք վճարում, բայց նրանք վերացնում են անսարքությունները և մաքրում ջուրը», — ասում է Արտավազդ Դարբինյանը։
Մյուս գյուղերում իրավիճակն այլ է։ Օրինակ՝ Մաջադիա գյուղում, որտեղ ջուրը ստացվում է «Աբլար» ջրամբարից, արդեն մոտ երկու տարի է՝ «Միացյալ ջրամատակարարման» սպասարկման կենտրոնը բնակչությանը տեղեկացնում է, որպես բաժանորդ գրանցվելու և ջրամատակարարման ծառայությունների համար վճարելու անհրաժեշտության մասին։
Սակայն բաժանորդի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է վճարել 400 լարի։
Մաջադիա գյուղի մասնագետ Գայդար Էվաջյանի խոսքով, ներկայումս աշխատանքներ են տարվում, որպեսզի բաժանորդի կարգավիճակ ստանալը լինի անվճար։
Մաջադիա գյուղը սպասարկում է «Միացյալ ջրամատակարարում» ՍՊԸ-ի սպասարկման կենտրոնը։
Որ գյուղերն է սպասարկում Ախալքալաքի սպասարկման կենտրոնը
Ախալքալաքի սպասարկման կենտրոնը սպասարկում է մունիցիպալիտետի 28 գյուղ։
Դրանց թվում են՝
Կոկիո, Կումուրդո, Զակ, Բալխո, Բուղաշեն, Գոման, Օլավերդ, Տրկնա, Կարծախ, Ֆիլիպովկա, Աբուլ, Բուզավեթ, Կաջո, Բեժանո, Ալաթուման, Ագանա, Մոդեգամ, Սիրկվա, Ազմանա, Սուլդա, Դադեշ, Մյասնիկյան, Բոզալի, Խավեթ, Դավնիա, Էրինջա, Խանդո, Խորենիա։
«Մենք սպասարկում ենք այս գյուղերը, սակայն ջրի համար վճար չենք գանձում․ ինձ թույլ չեն տալիս այն գանձել։ Մենք միայն վերացնում ենք անսարքությունները։ Ջրի նմուշառմամբ և քլորացմամբ չենք զբաղվում։ Դրա համար անհրաժեշտ են մասնագիտացված մասնագետներ։ «Միացյալ ջրամատակարարումը» դեռ չի առաջարկել մեզ այդ գյուղերը փոխանցել իրենց։ Այս բնակավայրերը շատ բարդ են, այնտեղ ջրամատակարարման հետ կապված խնդիրներ կան», — ասում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը։
Միևնույն ժամանակ «Միացյալ ջրամատակարարում» ՍՊԸ-ն մեր խմբագրության հարցումներին ի պատասխան բազմիցս նշել է, որ ընկերությունը պատասխանատու է ջրի որակի համար, իրականացնում է ջրի որակի ստուգում և զբաղվում է դրա մաքրմամբ։
Խմբագրությունը չի կարող ինքնուրույն հաստատել կամ հերքել այս հայտարարությունները։ Սակայն մունիցիպալիտետի բնակիչները պարբերաբար բողոքում են խմելու ջրի որակից, հատկապես գարնան և աշնան ամիսներին։
Այսպիսով, խնդիրներից մեկը ոչ միայն առկա ենթակառուցվածքի վիճակն է, այլև բնակիչների շրջանում հստակ պատկերացման բացակայությունը, թե կոնկրետ բնակավայրում որ կազմակերպությունն է պատասխանատու ջրամատակարարման և կոյուղու համակարգի համար։
Բնակչության համար կարևոր է հասկանալ, թե կոնկրետ ուր պետք է դիմել վթարի, ջրամատակարարման դադարեցման, ջրատար ցանցի վնասման կամ կոյուղու հետ կապված խնդիրների դեպքում։ Պատասխանատվության գոտիների հստակ տարանջատումը կազմակերպությունների միջև, կարող է օգնել բնակիչներին ավելի արագ ստանալ անհրաժեշտ օգնություն և լուծել առաջացած խնդիրները։



