Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա, Դադեշ և Բոզալի գյուղերում, ինչպես նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Տամբովկա և Ռոդիոնովկա գյուղերում գազիֆիկացման աշխատանքներն ավարտվել են կամ գտնվում են վերջնական փուլում։ Սակայն, տների բնական գազին միացման գործընթացը դեռևս չի սկսվել: Գազաբաշխիչ SJGC ընկերությունը սպասում է մունիցիպալիտետների կողմից անհրաժեշտ թույլտվությունների տրամադրմանը։ Ընկերության փոխանցմամբ, թույլտվությունները ստանալուց հետո, լիցենզավորման ընթացակարգն անցնելու համար, կպահանջվի ևս մոտ մեկ ամիս, ինչի պատճառով բնակիչները կարող են ձմեռային սեզոնը սկսել առանց սպասված գազամատակարարման։
Գազատար խողովակաշարերի կառուցման և շահագործման համար, SJGC գազաբաշխիչ ընկերությունը սպասում է Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների քաղաքապետարանների թույլտվություններին։ Համապատասխան թույլտվությունները ստանալուց հետո, լիցենզիա ստանալու համար, որն անհրաժեշտ է բնակիչների տները գազաբաշխիչ ցանցին միացնելու համար, ընկերությունը կկարողանա դիմել Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողով։
Այս տարի SJGC-ն Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա, Դադեշ և Բոզալի գյուղերում իրականացրեց գազիֆիկացման աշխատանքներ։ Հիմնական աշխատանքներն ավարտվել են, սակայն արդեն մոտ երկու ամիս է ընկերությունը մունիցիպալիտետներից սպասում է անհրաժեշտ թույլտվություններին։
SJGC գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանի խոսքով, համապատասխան փաստաթղթերի բացակայության պայմաններում ընկերությունը չի կարող անցնել հաջորդ փուլին՝ լիցենզիա ստանալուն։
«Մենք Դադեշ, Սուլդա և Բոզալիի ուղղությամբ աշխատանքներն ավարտել ենք 90%-ով, իսկ Տամբովկայում և Ռոդիոնովկայում՝ 100%-ով։ Գազիֆիկացման համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան փաստաթղթեր։ Մենք դիմել ենք քաղաքապետարաններին, սակայն առայժմ թույլտվությունները չենք ստացել։ Դրանից հետո, լիցենզիա ստանալու համար, պետք է դիմենք Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողով։ Հանձնաժողովում ընթացակարգը կտևի մոտ մեկ ամիս։ Եթե ժամանակին դիմենք, լավ կլինի, սակայն արդեն պարզ է, որ մինչև նոյեմբեր բնակիչների տները գազին միացնել չենք կարողանա»,– ասաց Վրեժ Բերիկյանը։
Ցրտերի մոտենալուն զուգահեռ, բնական գազին միանալու հարցը հատկապես արդիական է դառնում այս գյուղերի բնակիչների համար։ Ջավախքի ձմեռներն առանձնանում են եղանակային խիստ պայմաններով, և շատ բնակիչներ հույս ունեին այս ձմռանը իրենց տները տաքացնել բնական գազով։ Գազամատակարարման ցանցին միացման սպասումով, բնակչության մի մասը ժամանակին չի հասցրել վառելափայտի պաշարներ կուտակել։
Պարզաբանումների համար դիմեցինք Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների քաղաքապետարաններին։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը հայտնեց, որ, անհրաժեշտ թույլտվությունները տրամադրելու համար, մունիցիպալիտետը դեռևս համապատասխան պետական կառույցներից պատասխան չի ստացել։
«Գազաբաշխիչ SJGC ընկերությունը դիմել է մեզ, իսկ մենք, մեր հերթին, հարցում ենք ուղարկել համապատասխան նախարարություն և վարչություն, քանի որ խողովակաշարերն անցնում են պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ գտնվող տարածքով։ Առայժմ պատասխան չենք ստացել։ Խնդիր չկա, սպասում ենք թույլտվությանը կամ համապատասխան առաջարկություններին և մեկնաբանություններին»,– ասաց Անիվարդ Մոսոյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը հայտնեց, որ մունիցիպալիտետն անհրաժեշտ պատասխանը ստացել է մոտ մեկ շաբաթ առաջ ու այժմ զբաղվում է համապատասխան փաստաթղթերի պատրաստմամբ։
«Խնդիր չկա։ Առաջիկա օրերին համապատասխան փաստաթղթերը պատրաստ կլինեն։ Մեզ դիմել են, և մեր կողմից ժամկետների խախտում չկա, ամեն ինչ իրականացվում է սահմանված ժամկետներում։ Մենք աշխատում ենք արագացված ռեժիմով բնակչությանը գազով ապահովել։ Մեկ շաբաթվա ընթացքում գազաբաշխիչ ընկերությանը կներկայացնենք համապատասխան փաստաթղթերը։ Մենք աշխատում ենք, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում տրամադրենք թույլտվությունը»,– ասաց Մելքոն Մակարյանը։
Վրեժ Բերիկյանի խոսքով, թույլտվությունները ստանալուց հետո, լիցենզիա ստանալու ընթացակարգը կտևի մոտ մեկ ամիս։ Այսպիսով, նշված գյուղերի բնակիչները բնական գազ կարող են ստանալ ոչ շուտ, քան նոյեմբերին։
Բնակիչների համար սա նշանակում է, որ, չնայած գազիֆիկացման հիմնական աշխատանքների ավարտին, տների՝ բնական գազին միացումը դեռևս հետաձգվում է՝ թույլտվությունների ձևակերպման և լիցենզավորման ընթացակարգն անցնելու անհրաժեշտության պատճառով։



