նորություններ 1 Սեպտեմբերի, 2026 • Կարկուտից ու սելավից հետո․ Կարտիկամը հաշվում է մեկ օրում կորցրած բերքը (Photo)

Օգոստոսի 29-ը Կարտիկամ գյուղի բնակիչների համար սովորական ամառային օր չէր։ Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում գյուղը հայտնվեց բնական աղետի հարվածի տակ․ ուժեղ կարկուտն ու սելավը լուրջ վնասներ հասցրին գյուղացիների ամիսներ շարունակ կատարած աշխատանքին՝ մի ակնթարթում ոչնչացնելով այն։

Կարկուտը հատկապես մեծ վնաս է հասցրել հացահատիկային մշակաբույսերին։ Գարու և ցորենի արտերը, որոնք արդեն մոտ էին բերքահավաքին, ամբողջությամբ տուժել են։ Հասած հասկերը կարկուտի ուժեղ հարվածներից կոտրվել ու գետնին են հավասարվել։ Այն դաշտերը, որտեղ օրեր առաջ գյուղացիները բերք էին սպասում, այսօր ավելի շատ հիշեցնում են բնական աղետի անցած հետքը։

04

«1 հա գարիս չհասցրի հնձել, մոտավորապես 3-4 տոննա բերք պետք է ստանայի, բայց կարկուտը գետնին հավասարեցրեց»,- ասաց Կարտիկամ գյուղի բնակիչ Էլիզբարյան Ռաֆիկը։

«80 ար գարի ունեի ամբողջությամբ ջարդվել է, հնձելու բան չկա այլևս։ Տանս բակում այգի ունեմ՝ կաղամբ, վարունգ, բազուկ էի տնկել աճեցրել, ոչինչ չի մնացել, ամբողջը ոչնչացել է»,- լացակումած բողոքում էր Գալյա Չնավայանը։

02

Այն հարցին, թե ինչ վիճակում են կարտոֆիլի արտերը, տիկին Գալյան պատասխանեց․

«Կարտոֆիլն էլ է ջարդվել, ծաղկած էր դեռ, չէր հասցրել հասունանալ»։

03

Կարկուտից վնասվել են ոչ միայն հացահատիկային արտերը։ Գյուղացիների մշակած այգիները նույնպես լուրջ վնասներ են կրել։ Ծառերի ու բույսերի վրա մնացած բերքը մեծ մասամբ ոչնչացել ու վնասվել է։

05

Ծանր վիճակում են նաև կարտոֆիլի արտերը։ Կարտիկամի բնակիչների համար կարտոֆիլը գյուղատնտեսության հիմնական մշակաբույսերից է, և դրա բերքից է կախված բազմաթիվ ընտանիքների տարվա եկամուտը։ Կարկուտը վնասել է բույսերն ու դաշտերը՝ անորոշության մեջ թողնելով գյուղացիներին, որոնք այժմ փորձում են հասկանալ, թե որքան բերք կհաջողվի փրկել։

01

Գյուղի միջով անցնող հսկայական սելավը, որը գալիս էր սարերից, ուժեղ հոսքով լցվել է գյուղ։ Ջրի ու ցեխի հոսքը վնասել է փողոցները, տեղափոխել հող ու քարեր, իսկ որոշ հատվածներում լցվել նաև բնակիչների տները։

«Կարկուտին չէինք նայում էլ, չգիտեինք ինչպես փակել գոմի ու նկուղի դռները, որ ցեխաջուրը ներս չլցվի։ Ավազով լցված պարկերը շարել էինք գոմի դռան դիմաց, կենդանիները ջրի մեջ էին հայտնվել»,- ասաց Էլիզբարյան Անահիտը։

08

Մի պահ գյուղացիների առջև արդեն ոչ թե բերքը փրկելու, այլ սեփական տներն ու ունեցվածքը պաշտպանելու խնդիրն էր։ Փողոցները վերածվել են ցեխոտ ու դժվարանցանելի հատվածների։

Կարտիկամի բնակիչների համար այս աղետը միայն նյութական վնասի մասին չէ։ Գյուղատնտեսությամբ ապրող ընտանիքների համար կորցրած բերքը նշանակում է նաև կորցրած եկամուտ, չվերադարձվող ծախսեր և նոր սեզոնը սկսելու դժվարություններ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝