Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում է գյուղատնտեսական հողատարածքների ոռոգման սեզոնը։ Ֆերմերները գոհ են ոռոգման համակարգերի աշխատանքից և նշում են եղանակային բարենպաստ պայմանների դրական ազդեցությունը։ Այս տարի ՍՊԸ «Վրաստանի մելիորացիա» -ն բարձրացրել է ծառայությունների արժեքը, սակայն ֆերմերների վրա դրա ազդեցությունը հնարավոր կլինի գնահատել սեզոնի ավարտից հետո։
Ախալքալաքի մունիցիպալիտետում «Վրաստանի մելիորացիա» ՍՊԸ-ի ոռոգման համակարգերով ջրի մատակարարումը սկսվել է հուլիսի 15-ից։ Ընկերությունից նշում են, որ բոլոր համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով, իսկ տեղային վթարները, օրինակ՝ խողովակների ճեղքումները, արագ վերացվում են։
«Ալմալի-Մուրջախեթ» համակարգից օգտվող ֆերմեր Հովիկ Մուրադյանը դրական է գնահատում ընթացիկ սեզոնը։
«Տարին նորմալ է անցել, համակարգում ջուրը բավականացրել է, ֆերմերների միջև վեճեր չեն եղել։ Բացի այդ, տեղացած անձրևները շատ են օգնել»,- ասում է նա։
Ընկերությունից նաև հաստատեցին, որ ֆերմերների շրջանում կան ոռոգման ծառայությունների վճարման պարտքեր ունեցողներ, սակայն նրանցից շատերն արդեն սկսել են աստիճանաբար մարել պարտքերը։
Այս սեզոնին առաջին անգամ ամբողջ հզորությամբ սկսել է աշխատել արդիականացված «Դիլիսկա-Պտենա-Չունչխա» մեխանիկական համակարգը, որը հիմնականում սպասարկում է Դիլիսկա գյուղը։
Բացի այդ, արդեն շահագործման է հանձնվել Տուրցխ գյուղի ջրամբարը, որն անցյալ տարի փոխանցվել էր ընկերության հաշվեկշռին։ Ըստ առկա տվյալների, «Վրաստանի մելիորացիա» ՍՊԸ-ն Ախալքալաքի մունիցիպալիտետում արդեն ընդունել է 11 ջրամբար, ևս երկուսը գտնվում են փոխանցման գործընթացում։
Ընդհանուր առմամբ, մունիցիպալիտետում գործում է 8 ոռոգման համակարգ՝ 6 մեխանիկական և 2 ինքնահոս։
- Լոմատուրցխ (ինքնահոս) — սպասարկում է Ալաթուման, Կաջո, Ղադոլար, Լոմատուրցխ, Տուրցխ, Կոթելիա և Խանդո գյուղերը։
- Կոթելիա (մեխանիկական) — սպասարկում է Կոթելիա գյուղը և միացված է Լոմատուրցխ համակարգին։
- Զակ (մեխանիկական) — սպասարկում է Զակ, Կոթելիա, Արագվա, Օրջա, Խանդո գյուղերը և միացված է Լոմատուրցխ համակարգին։
- Ալմալի-Մուրջախեթ (մեխանիկական-ինքնահոս) — սպասարկում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղիլալիս գյուղը, ինչպես նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոսպիո, Մուրջախեթ, Վաչիան, Չամդուրա, Կիրովական, Կուլիկամ և Կարտիկամ գյուղերը։
- Հոկամի (մեխանիկական) — սպասարկում է Հոկամ, Քարսեփ, Գոգաշեն և Ափնիա գյուղերը։
- Դիլիսկա-Պտենա-Չունչխա (մեխանիկական) — սպասարկում է Դիլիսկա, Պտենա և Չունչխա գյուղերը։
- Զրես (մեխանիկական) — սպասարկում է Դիլիսկա, Չամդուրա, Կիրովական, Կումուրդո և Վաչիան գյուղերը։
Նշենք, որ Վրաստանի էներգետիկայի և ջրային ռեսուրսների կարգավորման ազգային հանձնաժողովը (GNERC) այս տարի սահմանել է ոռոգման ծառայությունների նոր սակագին։ Այժմ 1 հեկտար հողատարածքի ոռոգման արժեքը կազմում է 116,5 լարի՝ նախկին 75 լարիի փոխարեն։
Սակայն թե ինչպես է սակագնի բարձրացումն ազդում ֆերմերների վրա և արդյոք նրանց գոհացնում է նոր սակագինը, Jnews-ը կներկայացնի ոռոգման սեզոնի ավարտին։



