նորություններ 21 Օգոստոսի, 2026 • Բիզնեսին ներկայացված ջրի բազմահազարանոց հաշիվները զրոյացվում են, բայց  գալիս են նորերը

Վրաստանի ազգային կարգավորող հանձնաժողովը բավարարել է Ախալքալաքի և Նինոծմինդայի 46 բիզնես-բաժանորդի բողոքը, որոնք վիճարկել էին «Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերության» կողմից ներկայացված ջրի օգտագործման մի քանի հազար լարիի հասնող հաշիվները։ Սակայն, ըստ փաստաբան Վասիլի Բալախաձեի, գործարարների սկզբնական հաշիվների վերանայումից հետո ընկերությունը ձեռնարկատերերին սկսել է ներկայացնել նոր հաշիվներ՝ արդեն 1000-1200 լարիի չափով։ Փաստաբանը նաև այդ հաշիվներն է անհիմն համարում և մտադիր է շարունակել դրանց բողոքարկումը։

Փաստաբան Վասիլի Բալախաձեն, որը ներկայացնում է Ախալքալաքի և Նինոծմինդայի ավելի քան 50 բիզնես-բաժանորդի շահերը, մարտի վերջին դիմել էր Ազգային կարգավորող հանձնաժողովին։ Մինչ այդ, «Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերություն» ՍՊԸ-ն ձեռնարկատերերին ներկայացրել էր մի քանի հազար և նույնիսկ տասնյակ հազար լարիի հասնող հաշիվներ։

Փաստաբանի խոսքով, հաշվարկված գումարները զգալիորեն ուռճացված էին և բավարար հիմնավորում չունեին։ Այդ պատճառով նա դիմել է Ազգային կարգավորող հանձնաժողով, պահանջելով ուսումնասիրել յուրաքանչյուր կոնկրետ դեպքի հանգամանքները։

Արդյունքում, հունիսին զրոյացվեց 6000 լարիի չափով հաշվարկը, իսկ ավելի ուշ, 46 բողոքի վերաբերյալ, որոշումներն ընդունվեցին բաժանորդների օգտին։

Սակայն, ինչպես ասում է Բալախաձեն, բողոքների բավարարումից հետո, ընկերությունը ձեռնարկատերերին սկսել է ներկայացնել նոր հաշիվներ, որոնք զգալիորեն ավելի քիչ են նախկինում ներկայացված գումարներից։

«Բողոքների մեծ մասը՝ մոտ 80 տոկոսը, նրանք բավարարեցին, բայց մեկ այլ բան մտածեցին։ Նրանք հասկացան, որ սխալվել էին 87 հազարանոց լարիի հաշիվներ ներկայցնելով։ Նրանց, ում 87 հազար լարի էին հաշվարկել, թողեցին 5 հազար լարի, իսկ նրանց, ում 5 հազար լարի էր հաշվարկվել, գումարը զրոյացրին։ Բայց հետո սկսեցին 1000-1200 լարիի չափով նոր հաշիվներ ուղարկել, պատճառաբանելով, որ նրանք, իբր երկար ժամանակ, ջուրն առանց ջրաչափի, ապօրինի օգտագործել են։ Այժմ նրանց արդեն ջրաչափեր են տեղադրվել, և երևում է, թե որքան ջուր են նրանք օգտագործում։ Ջրի ամսական ծախսը կազմում է 4-ից 5 լարի», — ասում է Վասիլի Բալախաձեն։

Փաստաբանի խոսքով, մնացած բողոքների վերաբերյալ ինքը դեռ պատասխան չի ստացել։

«Առայժմ պատասխան չկա, կամ գուցե այն եկել է, բայց բաժանորդները դեռ ինձ չեն տեղեկացրել», — ասում է փաստաբանը։

Բալախաձեն նաև պնդում է, որ ապօրինի միացման դեպքում ջրի օգտագործման ժամանակահատվածի համար վճարի հաշվարկը պետք է իրականացվի սահմանված բանաձևի համաձայն։ Նրա խոսքով, նոր հաշվարկները նույնպես չեն կատարվել այդ բանաձևով։

«Նրանք չեն հաշվարկել բանաձևի համաձայն։ Կարծում են, որ բազմահազարանոց լարիի հաշիվներից հետո բաժանորդներն այլևս չեն բողոքի 1000 լարիի հաշվի դեմ։ Բայց կան մարդիկ, ովքեր համաձայն չեն և բողոքարկել են։ Երկու բաժանորդ արդեն բողոքարկել են։ Ես բողոք եմ ներկայացրել։ Չգիտեմ, կլինեն արդյոք այլ մարդիկ, որոնք կբողոքարկեն նոր հաշիվները։ Մարդիկ փոքր խանութ ունեն, զուգարան և ջուր — ինչու պետք է նրանք 1000 լարի վճարեն։ Պարզապես մարդիկ հոգնել են, ու այդ պատճառով հնարավոր է չբողոքարկեն», — ասում է Վասիլի Բալախաձեն։

Հիշեցնենք, որ 2025 թվականի վերջին Ախալքալաքում «Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերությունը» սկսեց ջրամատակարարման համակարգին միացումների օրինականության ստուգումներ։ Ստուգումների ընթացքում, ինչպես ներկայացնում է ընկերությունը, հայտնաբերեց բիզնես ներկայացուցիչների կողմից համակարգին ապօրինի միացման դեպքեր։

Ջրի օգտագործման համար ձեռնարկատերերին սկզբում նախազգուշացումներ էին ուղարկվում, իսկ այնուհետև ներկայացվում էին մի քանի հազար և նույնիսկ տասնյակ հազար լարիի չափով հաշիվներ։

Բիզնեսի ներկայացուցիչները դիմել են տարբեր կառույցների՝ բողոքներ ներկայացնելով և հայտարարելով, որ հաշվարկված գումարներն անհիմն են և չեն համապատասխանում փաստացի սպառմանը։

Ավելի ուշ ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչները եկան Ախալքալաք, հանդիպեցին ձեռնարկատերերի հետ, լսեցին նրանց բողոքները և խոստացան ուսումնասիրել իրավիճակը։

Դրանից հետո Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների մոտ 50 բաժանորդ դիմեցին փաստաբան Վասիլի Բալախաձեին, խնդրելով ներկայացնել իրենց շահերը և բողոքներ ներկայացնել Ազգային կարգավորող հանձնաժողովին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝