Ախալքալաքի մունիցիպալիտետում ուցխո-սունելին աճեցնում են արդեն երկար տարիներ։ Եթե նախկինում այս մշակաբույսը ցանում էին փոքր տարածքներում և միայն առանձին գյուղերում, ապա ժամանակի ընթացքում դրա մշակումը տարածվեց գրեթե ամբողջ մունիցիպալիտետում։ Սակայն վերջին տարիներին ցանքատարածությունները կրճատվում են։ Հիմնական պատճառներից մեկը հիվանդությունների և վնասատուների տարածումն է, որոնց դեմ պայքարելու ձևերը ֆերմերները չգիտեն։ Չնայած դրան, այս տարի եղանակային պայմանները նպաստավոր են եղել, և ակնկալվում է լավ բերք։
Բարենպաստ եղանակ և լավ բերք
Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում եղանակային պայմանները, ֆերմեր Արշալույս Գալստյանի խոսքով, բարենպաստ են եղել ինչպես կարտոֆիլի, այնպես էլ ուցխո-սունելիի համար։
Այս տարի Աբուլ գյուղում առաջին անգամ են ցանել ուցխո-սունելի։ Արշալույս Գալստյանի խոսքով, բույսի բարձրությունը հասել է մոտ 1,5 մետրի, ինչը վկայում է մշակաբույսի աճեցման բարենպաստ պայմանների մասին։
Ֆերմերի խոսքով, սովորաբար ինքը մեկ հեկտարից ստանում է 2-2,5 տոննա բերք։
Սակայն, ինչպես նշում է Գալստյանը, լավ բերքը միշտ չէ, որ ֆերմերների համար նշանակում է լավ եկամուտ։
Արշալույս Գալստյանը երկար տարիներ զբաղվում է ուցխո-սունելիի աճեցմամբ և վաճառքով։ Նա նշում է, որ որոշ գյուղերում վնասատուների պատճառով բերքատվությունն այնքան է նվազել, որ ֆերմերները ստիպված են եղել հրաժարվել այս մշակաբույսի աճեցումից։
«Գոման և Ագանա գյուղերում նախկինում ակտիվորեն սունելի էին աճեցնում, սակայն այժմ այնտեղ գրեթե չեն ցանում, քանի որ հողը վարակված է վնասատուներով, որոնք վնասում են դաշտերը։ Վնասատուները կարող են ոչնչացնել բերքի մինչև 60%-ը», — ասում է Գալստյանը։
Միևնույն ժամանակ, ֆերմերը կարծում է, որ ուցխո-սունելին մունիցիպալիտետում կարող է դառնալ այլընտրանքային գյուղատնտեսական մշակաբույսերից մեկը՝ կարտոֆիլի, ճակնդեղի, գազարի և այլ մշակաբույսերի կողքին։
Մունիցիպալիտետում ուցխո-սունելիի ցանքատարածությունների ծավալներն անմիջականորեն կախված են շուկայական գնից։ Երբ արտադրանքի գինը բարձրանում է, ֆերմերներն ավելացնում են ցանքատարածքները, իսկ գնի նվազման դեպքում՝ կրճատում։
«Սունելիի ամենաբարձր գինը եղել է 20 լարի մեկ կիլոգրամի համար։ Մեկ կիլոգրամի աճեցումն ինձ վրա արժենում է մոտ 8 լարի», — ասում է Գալստյանը։
Միևնույն ժամանակ, այսօր արտադրողները բախվում են իրացման լուրջ խնդրի։ Ֆերմերի խոսքով, մունիցիպալիտետում արդեն կուտակվել է մոտ 30 տոննա չիրացված բերք։
«Նախանցյալ տարի մունիցիպալիտետում աճեցվել է 150-200 տոննա սունելի։ Անցյալ տարի ցանքատարածքները նվազեցին, այս տարի նույնպես սկսել են ավելի քիչ աճեցնել, քանի որ շուկայի հետ կապված խնդիր կա։ Այս պահին մունիցիպալիտետում կա մոտ 30 տոննա չիրացված սունելի։ Մենք աճեցնում ենք առանց հաշվարկի և դրա պատճառով դժվարությունների ենք բախվում», — նշում է նա։
Ֆերմերներն ակնկալում են աջակցություն և մեխանիզացիա
Ոլորտի մեկ այլ խնդիր է ուցխո-սունելիի ցանքատարածքների ապահովագրության բացակայությունը։ Գալստյանի խոսքով, չնայած հիվանդությունների, վնասատուների և շուկայի տատանումների հետ կապված ռիսկերին, մշակաբույսը փաստացի մնում է առանց ապահովագրական պաշտպանության։
Ֆերմերը կարծում է, որ այս ուղղության զարգացմանը կարող են նպաստել հասարակական կազմակերպությունները և գյուղատնտեսությանն աջակցող այլ կառույցներ։ Մասնավորապես, անհրաժեշտ է աջակցություն արտադրության մեխանիզացման հարցում, ինչը թույլ կտա նվազեցնել ծախսերը և ավելի արդյունավետ դարձնել ուցխո-սունելիի աճեցումը։
Չնայած առկա խնդիրներին, Գալստյանը կարծում է, որ ուցխո-սունելին Ախալքալաքի մունիցիպալիտետում զարգացման ներուժ ունի։ Սակայն, նրա կարծիքով, արտադրության հետագա ավելացումը պետք է ուղեկցվի իրացման շուկայի ուսումնասիրությամբ, վնասատուների դեմ պայքարով, ապահովագրությամբ և մեխանիզացիայի ներդրմամբ։
Հակառակ դեպքում նույնիսկ բարձր բերքատվությունը կարող է ֆերմերների համար վերածվել լրացուցիչ ծախսերի և չիրացված արտադրանքի։



