նորություններ 12 Օգոստոսի, 2026 • Հողատարածքը կփոխանցվի պետությանը, իսկ ջրամբարը կվերականգնվի․ ինչ են քննարկել պատգամավորները

Օգոստոսի 11-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստում պատգամավորները հաստատեցին երկու ենթակառուցվածքային նախագիծ՝ Դիլիսկա գյուղի դպրոցն ընդլայնելու նպատակով հողատարածքի պետությանը փոխանցումը և 3,8 մլն լարի արժողությամբ Բուռնաշեթի ջրամբարի վերականգնումը։ Ընդ որում, Դիլիսկայի վերաբերյալ որոշումը հարցեր առաջացրեց, քանի որ հողատարածքում գտնվում է մարզադահլիճ, որն օգտագործում են գյուղի երիտասարդները։

Երկու նախագծերի մանրամասները պատգամավորներին ներկայացրեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը և Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության ղեկավար Մնացական Փամբուխչյանը։

Դիլիսկայում գտնվող հողատարածքը, դպրոցն ընդլայնելու նպատակով, կփոխանցվի պետությանը

Առաջին հարցի շրջանակում պատգամավորները հավանություն տվեցին Դիլիսկա գյուղում գտնվող 537 քառ/մ մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքի և դրա վրա գտնվող շինության պետությանը փոխանցելու որոշմանը։ Հողատարածքը գտնվում է թիվ 2 դպրոցի հարևանությամբ։

Ինչպես պատգամավորներին բացատրեց Մնացական Փամբուխչյանը, հողատարածքն անհրաժեշտ է դպրոցն ընդլայնելու և լրացուցիչ դասասենյակներ կառուցելու համար։ Այդ նպատակով մունիցիպալիտետը դիմում է ստացել Դիլիսկա գյուղի դպրոցի ղեկավարությունից և Կրթության նախարարությունից։

«Դիլիսկա գյուղում գտնվող դպրոցը փոքր է, անհրաժեշտ են լրացուցիչ դասասենյակներ։ Մենք նամակ ենք ստացել Դիլիսկա գյուղի դպրոցի տնօրինությունից և Կրթության նախարարությունից, մեր սեփականությանը պատկանող հողատարածքն ու դրա վրա գտնվող շինությունները դպրոցին փոխանցելու վերաբերյալ, որպեսզի բարելավվի գյուղում կրթական գործընթացը։ Այդ պատճառով մունիցիպալիտետն այս նախագիծը ներկայացնում է ձեր հաստատմանը», — ասաց Մնացական Փամբուխչյանը։

Վերջինիս խոսքով, դպրոցում սովորում է մոտ 110 աշակերտ։

Սակայն հողատարածքի փոխանցումը հարցեր առաջացրեց պատգամավորների շրջանում, քանի որ այդ տարածքում է գտնվում գյուղի երիտասարդների համար կառուցված մարզադահլիճը։ Դիլիսկայի երիտասարդներն այն օգտագործում են սպորտով զբաղվելու համար ու մարզադահլիճը հագեցած է նաև մարզական գույքով։

Դիլիսկայի տարածքային միավորից ընտրված պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ հողատարածքը պետությանը, իսկ, այնուհետև, դպրոցին փոխանցելուց հետո, երիտասարդների մուտքը մարզադահլիճ կարող է սահմանափակվել։

Սակրեբուլոյի փոխնախագահ Նաիրի Իրիցյանը առաջարկեց փոխանցման պայմանագրում առանձին կետ նախատեսել, որի համաձայն, դպրոցի ղեկավարությունը պարտավորվի գյուղի երիտասարդներին չարգելել օգտվել մարզադահլիճից։

Միևնույն ժամանակ, մունիցիպալիտետի ներկայացուցիչները հայտնեցին, որ կողմերի միջև արդեն ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն, ըստ որի, դպրոցի ղեկավարությունը թույլ կտա երիտասարդներին շարունակել մարզվել մարզադահլիճում և չի սահմանափակի դրա օգտագործումը։

Հենց փաստաթղթում ամրագրված երաշխիքի բացակայությունն էլ պատգամավորների շրջանում անորոշություն առաջացնող հարցերից մեկն էր։ Չնայած բարձրացված մտահոգություններին և դպրոցի աշխատանքի ռեժիմի վերաբերյալ տարաձայնություններին, պատգամավորները, ի վերջո, հավանություն տվեցին հողատարածքը պետությանը փոխանցելու որոշմանը։

Մասնավորապես, պատգամավոր Նանա Աղդգոմելաձեն նշեց, որ դպրոցն իսկապես ունի պայմանների բարելավման և լրացուցիչ տարածքների անհրաժեշտություն։ Միևնույն ժամանակ, Դիլիսկայի տարածքային ընտրատարածքի ներկայացուցիչները նշեցին, որ ներկայումս դպրոցն աշխատում է մեկ հերթով, մինչդեռ նիստի ընթացքում բարձրաձայնվեց տեղեկություն, որ դպրոցը գործում է երկու հերթով։

Այսպիսով, մարզադահլիճի հետագա օգտագործման հարցը շարունակում է կապված մնալ բանավոր պայմանավորվածության հետ, որը, ի տարբերություն գրավոր պարտավորության, չի ամրագրվել գույքի փոխանցման մասին որոշման մեջ։

Բուռնաշեթում նախատեսվում է վերականգնել 3,8 մլն լարի արժողությամբ ջրամբար

Պատգամավորների կողմից հաստատված երկրորդ հարցը վերաբերվում էր Բուռնաշեթ գյուղի ջրամբարի վերականգնման նախագծին։

Նախագծի արժեքը կազմում է 3 818 988 լարի։ Պատգամավորներին ծրագրի ներկայացման ընթացքում ցույց տրվեց ջրամբարի ներկայիս վիճակը և վերականգնման ծրագրի հիմնական դրույթները։ Նախագիծը ներկայացրեց ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը։

Նրա խոսքով, նախագծի հիմնական նպատակն է ամրացնել ջրամբարը և ապահովել հարակից գյուղերի բնակչության անվտանգությունը։

Նախագծի իրականացմամբ զբաղվում է Աղետների հետևանքների վերացման հիմնադրամը։

Նիստի ընթացքում նշվեց նաև, որ մունիցիպալ բյուջեն կարող է ֆինանսավորել նախագծի արժեքի մոտ 5%-ը, սակայն նիստի պահին տեղական ֆինանսավորման վերջնական մասնաբաժինը դեռ ճշտվում էր։

Ինչպես հայտնեց Արա Մովսիսյանը, ներկայումս ջրամբարը կարող է տեղավորել մոտ 60-70 հազար խորանարդ մետր ջուր, իսկ վերականգնման աշխատանքներից հետո դրա տարողությունը կհասնի 200 հազար խորանարդ մետրի։

Նախագիծը նախատեսված է երկու տարվա համար։ Ընթացիկ տարվա համար նախատեսվում է իրականացնել մոտ 600 հազար լարիի աշխատանքներ։

«Նախագիծը նախատեսված է երկու տարվա համար։ Այս տարի նախատեսված է 600 000 լարիի աշխատանք։ Աշնանն այնտեղ ջուր չի լինի, և մենք կարող ենք սկսել հողային աշխատանքները, գարնանը կիրականացնենք բետոնապատումը, թույլ չենք տա, որ ջրամբարը լցվի ջրով, իսկ աշնանը կլցնենք։ Նախագիծն արդեն պատրաստ է, վերականգնման գումարը հստակ է, նախագիծն անցել է փորձաքննություն», — ասաց Արա Մովսիսյանը։

Ջրամբարի մակերեսը կազմում է մոտ 3 հեկտար։

Վերականգնումից հետո ջրամբարը պետք է օգտագործվի Ազավրեթ, Տուրցխ, Ղադոլար, Բուռնաշեթ բնակավայրերի, ինչպես նաև Կոկիո գյուղի որոշ հատվածների բնակիչների գյուղատնտեսական հողատարածքները ոռոգման ջրով ապահովելու համար։

Միևնույն ժամանակ, պատգամավորներին հետաքրքրեց, թե նախագծի իրականացումից հետո որքանով կավելանա ոռոգվող հողատարածքների մակերեսը։ Սակայն նիստի ընթացքում այդ մասին հստակ տվյալներ չներկայացվեց։

Նախկինում ջրամբարը գտնվել է «Վրաստանի մելիորացիա» ՍՊԸ-ի հաշվեկշռում, սակայն հետագայում այն փոխանցվել է մունիցիպալիտետի հաշվեկշռին։

Այսպիսով, քննարկված երկու հարցերն էլ ստացան պատգամավորների աջակցությունը․ Դիլիսկայի հողատարածքը, դպրոցի ընդլայնման նպատակով, կփոխանցվի պետությանը, իսկ Բուռնաշեթի ջրամբարի վերականգնման նախագիծը նախատեսում է կառույցի ամրացման և դրա տարողության մեծացման լայնածավալ աշխատանքներ, ինչը պետք է բարելավի մունիցիպալիտետի մի քանի գյուղերի ոռոգման հնարավորությունները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝