Չնայած այն հանգամանքին, որ պետական ծրագիրը նախատեսում է երեխաների արյան մեջ կապարի պարունակության անվճար հետազոտություն, Ախալքալաքի մունիցիպալիտետում ծնողները գրեթե չեն օգտվում այդ հնարավորությունից։ Ամեն ամիս շրջանային հիվանդանոցը ստանում է 5-ից 7 տարեկան 200– ից 300 երեխաների ցուցակ, սակայն հետազոտություն անցնում են միայն մի քանիսը։ Հուլիսին թեստավորում անցել է ընդամենը չորս երեխա։
Ախալքալաքի մունիցիպալիտետում, պետական ծրագրի շրջանակներում, մայիսից, երեխաների արյան մեջ կապարի պարունակության անվճար հետազոտություն է իրականացվում։ Չնայած հետազոտությունն անվճար է և ունի կանխարգելիչ բնույթ, ծնողները շատ հազվադեպ են երեխաներին բերում թեստավորման։
Հետազոտությունն անցկացվում է 5-ից 7 տարեկան երեխաների շրջանում։ Ինչպես նշում է Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մանկաբույժ Մարիաննա Համբարձումյանը, հետազոտության ենթակա երեխաների ցուցակն ամեն ամիս ուղարկում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։ Յուրաքանչյուր ցուցակում սովորաբար ընդգրկված է 200–300 երեխա, սակայն հետազոտություն անցնում են միայն մի քանիսը։
Օրինակ՝ հուլիսին հետազոտվել է ընդամենը չորս երեխա։ Ամենաշատ երեխաներ հետազոտվել են մայիսին՝ ինը հոգի։
«Չգիտեմ ինչու, բայց ծնողները վախենում են։ Որքան էլ փորձում ենք բացատրել հետազոտության կարևորությունն ու անվտանգությունը, նրանք միևնույն է չեն գալիս։ Նրանք կարծում են, որ մենք ինչ-որ փորձեր ենք իրականացնում։ Կոչ եմ անում բոլոր ծնողներին, երեխաներին բերել հետազոտության։ Հետագայում այն կարող է դառնալ վճարովի և պարտադիր», — ասում է Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մանկաբույժ Մարիաննա Համբարձումյանը։
Մանկաբույժի խոսքով, մունիցիպալիտետում հետազոտված երեխաների արյան մեջ կապարի բարձր պարունակություն չի հայտնաբերվել։
Հետազոտությունն իրականացվում է անվճար և պետական կանխարգելիչ ծրագրի մաս է կազմում։ Դրա նպատակն է ժամանակին հայտնաբերել կապարի հնարավոր ազդեցությունը երեխայի օրգանիզմի վրա։
Կապարը թունավոր նյութ է, որը կարող է կուտակվել օրգանիզմում և բացասաբար ազդել առողջության վրա։ Հատկապես խոցելի են երեխաները, քանի որ նրանց նյարդային համակարգը դեռ շարունակում է զարգանալ։
Կապարի ազդեցությունը կարող է կապված լինել զարգացման և վարքագծի խանգարումների, ուշադրության կենտրոնացման նվազման, գերակտիվության և լսողության հետ կապված խնդիրների հետ։ Բարձր մակարդակի ազդեցության դեպքում հնարավոր է նյարդային համակարգի վրա ծանր հետևանքներ ունենա, այդ թվում՝ ցնցումներ, կոմա, իսկ ծայրահեղ ծանր դեպքերում՝ մահ։ Մեծահասակների մոտ կապարի երկարատև ազդեցությունը նույնպես կարող է բացասաբար անդրադառնալ սրտանոթային, նյարդային և վերարտադրողական համակարգերի, ինչպես նաև լյարդի և երիկամների աշխատանքի վրա։
Բժիշկները ծնողներին կոչ են անում չհետաձգել հետազոտությունը և օգտվել իրենց երեխաների արյան մեջ կապարի պարունակությունն անվճար ստուգելու հնարավորությունից։ Կապարի բարձր մակարդակի ժամանակին հայտնաբերումը հնարավորություն է տալիս անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել և նվազեցնել դրա ազդեցությունը երեխայի օրգանիզմի վրա։



