Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների թվում է հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը, որի հայրական արմատները սերում են Վրաստանի Ազավրեթ գյուղից։
Գևորգ Թամամյանը Ազավրեթի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Գևորգ Թամամյանի և ուսուցչուհի Շուշանիկ Գրիգորյանի թոռն է։ Բժշկի հայրը՝ Նաիրի Գևորգի Թամամյանը ծնվել և մեծացել է Ազավրեթ գյուղում, սակայն 1960-ականներին նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան։
Ինքը՝ Գևորգ Թամամյանը, ծնվել է 1987 թվականին Երևանում։ Բժշկական կրթությունը նախ ստացել է Երևանի պետական բժշկական համալսարանում, այնուհետև ուսումը շարունակել է աշխարհի 6 տարբեր երկրներում։
Թամամյանի թեկնածությունը ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում առաջադրել է Բոտսվանայի Հանրապետությունը։ ԱՀԿ պաշտոնական կայքում նա ներկայացված է որպես Բոտսվանայի կողմից առաջարկված թեկնածու։
Իր առաջադրման մասին Թամամյանը հայտնել է սոցիալական ցանցերում՝ շնորհակալություն հայտնելով Բոտսվանայի նախագահ Դումա Գիդեոն Բոկոյին և երկրի կառավարությանը՝ վստահության համար։
«Ինձ համար մեծ պատիվ է առաջադրվել մի երկրի կողմից, որն ունի տոկունության և առաջընթացի այդքան հզոր պատմություն»,- նշել է նա։
Թամամյանի թեկնածության առանցքային թեմաներից մեկն առողջապահական հնարավորությունների անհավասարությունն է։
Տարիներ շարունակ աշխատելով մանկական ուռուցքաբանության ոլորտում՝ նա տեսել է, թե ինչպես նույն ախտորոշմամբ երեխաների բուժման հնարավորությունները կարող են էապես տարբերվել՝ կախված նրանց ծննդավայրից։
«Ես տեսել եմ երեխաների, որոնք ապրել են, երբ քչերն էին հավատում, որ նրանք կապրեն։ Եվ տեսել եմ երեխաների, որոնք մահացել են պարզապես այն պատճառով, թե որտեղ են ծնվել»,- գրել է Թամամյանը։
Այդ փորձից է ձևավորվել նրա թեկնածության առանցքային ուղերձներից մեկը՝ «Աշխարհագրությունը չպետք է որոշի, թե ով կապրի»։
Թամամյանի տեսլականի մյուս կարևոր ուղղությունը ԱՀԿ-ի նկատմամբ վստահության ամրապնդումն է։ Ապատեղեկատվության տարածման և միջազգային կառույցների նկատմամբ վստահության նվազման պայմաններում նա խոսում է ավելի արագ, արդյունավետ և անդամ պետությունների հետ իրական գործընկերությամբ աշխատող ԱՀԿ-ի անհրաժեշտության մասին։
«Իմ տեսլականը հստակ է՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, որն արդյունք է ապահովում՝ ավելի արագ, ավելի արդյունավետ և անդամ պետությունների հետ իրական գործընկերությամբ, որպեսզի առողջապահության առաջընթացը հասնի յուրաքանչյուր մարդու՝ ամենուր»,- հայտարարել է Թամամյանը։
Առաջիկա ամիսներին նա նախատեսում է հանդիպումներ և երկխոսություն ԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ աշխարհի տարբեր տարածաշրջաններում՝ լսելու նրանց առաջնահերթություններն ու ներկայացնելու իր տեսլականը կազմակերպության ապագայի վերաբերյալ։
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի ընտրությունը երկարատև՝ երկամյա գործընթաց է։ Սեպտեմբերի 24-ին ավարտվել է թեկնածուների առաջադրման գործընթացը։ Նոր գլխավոր տնօրենի ընտրությունն ու հաստատումը տեղի կունենան 2027 թվականի մայիսին՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում։



