նորություններ 3 Օգոստոսի, 2026 • Երբ զբոսաշրջային վայրերը վերածվում են աղբանոցի

Ախալքալաքում առանձնապես մեծաթիվ զբոսաշրջային վայրեր չկան։ Սակայն այն, ինչ կա, կարող էր դառնալ տարածաշրջանի այցեքարտը՝ գրավելով զբոսաշրջիկների ուշադրությունը և հպարտության առիթ դառնալ հենց տեղացիների համար։ Սակայն, այսօր այդ վայրերից շատերը ոչ թե խնամքի, այլ անտարբերության հետևանքներն են կրում։

Բավրա գյուղի մերձակայքում՝ Թափարվան գետի գեղատեսիլ ափին է գտնվում Ճգնավորի վանքը։ Բնության ու պատմության ներդաշնակությամբ առանձնացող այս վայրը տարիներ շարունակ մարդկանց սիրելի հանգստի վայրերից մեկն է։ Այստեղ հաճախ են գալիս ընտանիքներով, ընկերներով, խնջույքներ կազմակերպում, վայելում բնությունը։ Սակայն, ցավոք, շատերը հեռանալիս իրենց հետ չեն տանում նաև իրենց թողած աղբը։ Պլաստիկ շշեր, սննդի մնացորդներ, տոպրակներ և այլ կենցաղային թափոններ շարունակում են մնալ այնտեղ՝ աղավաղելով բնության գեղեցկությունն ու անհարգալից վերաբերմունք արտահայտելով պատմամշակութային արժեքի նկատմամբ։

«Ցավոք այստեղ շատ աղբ կա, Եվրոպայից ժամանած իմ հյուրերը ապշած էին», — սոցիալական ցանցերից մեկում Ճգնավորի վանքի մասին գրել է Ժոռ Բդոյանը։

jgnavor
Ճգնավորի վանք

jgnavor1
Ճգնավորի վանք

Յուրաքանչյուր բնակչի համար տհաճ է աղբակույտեր տեսնելը հատկապես բնության գեղատեսիլ վայրերում, որոնք նաև զբոսաշրջային վայրեր են համարվում, քանի որ վերջին տարիներին զբոսաշրջիկների և տուր օպերատորների կողմից մեծ հետաքրքրություն է նկատվում մեր քաղաքի և տարածաշրջանի նկատմամբ։

Ոչ պակաս մտահոգիչ է նաև Ախալքալաքի բերդի վիճակը։ Դարերի պատմություն ունեցող այս հուշարձանի տարածքը, պահպանվելու և արժանապատիվ տեսք ունենալու փոխարեն, վերածվել է իսկական ախոռի։ Այստեղ կենդանիներ են պահվում, իսկ պատմական հուշարձանը, որը կարող էր հետաքրքրել բազմաթիվ զբոսաշրջիկների, ժամանակի հետ կորցնում է իր արժեքն ու տեսքը։

berd2

Ախալքալաքում զբոսաշրջությամբ զբաղվող անձանցից մեկը պատմում է, որ անհարմար իրավիճակում է հայտնվել, երբ որոշել է Հայաստանից ժամանած զբոսաշրջիկներին ներկայացնել Ախալքալաքի բերդը։

«Ցանկանում էի Հայաստանից ժամանած խմբին, որտեղ նաև Լիբանանից ժամանած հայեր կային, ըստ արժանավույնս ներկայացնել Ախալքալաքի պատմությունն ու բերդը։ Սակայն հենց առաջին րոպենների ընթացքում, երբ ներկայացնում էի բերդի տարածքը, տհաճ հոտերից ու տգեղ տեսարաններից զզվելով, զբոսաշրջիկները վերադարձան մեքենա՝ ասելով, որ այստեղ ախոռ է և պետքարան»։

berd1

Զբոսաշրջությունը միայն ճանապարհներ կառուցելով կամ գովազդելով չի զարգանում։ Այն սկսվում է մեր ունեցածի հանդեպ մեր վերաբերմունքից։ Եթե մենք ինքներս չենք գնահատում մեր ունեցածը, ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ այն կհետաքրքրի այցելուներին։

tumas
Թումասի կամուրջ

Այս խնդիրը միայն իշխանությունների կամ համապատասխան կառույցների պատասխանատվությունը չէ։ Յուրաքանչյուր մարդ, ով այցելում է նման վայրեր, պարտավոր է հեռանալ այնպես, որ իր ներկայության միակ հետքը լինի գեղեցիկ հիշողությունը, ոչ թե աղբի կույտը։

Պատմական ու բնական ժառանգությունը մեզ չի պատկանում միայն այսօր։ Այն նաև ապագա սերունդներին փոխանցելու պատասխանատվություն է։ Եթե շարունակենք այսպես վերաբերվել մեր սրբավայրերին և պատմական հուշարձաններին, ապա շատ շուտով կորցնելու ենք ոչ միայն զբոսաշրջային ներուժը, այլև մեր ինքնության կարևոր մասնիկը։

Ժամանակն է գիտակցելու, որ մաքրությունը մշակույթի, կրթության և քաղաքացիական պատասխանատվության արտահայտություն է։ Իսկ Ախալքալաքի պատմամշակութային վայրերը արժանի են հարգանքի, ոչ թե աղբի ու անտարբերության։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝