նորություններ 30 Հուլիսի, 2026 • Սիրով Հայաստանից. Ինչո՞ւ Երևանի բնակիչը սովորեց վրացերեն

Երևանցի Մարտին Գույումջյանի տեսանյութերը սոցիալական ցանցերում ավելի ու ավելի հաճախ են հայտնվում։ Նրա տեսանյութերն ուշադրություն են գրավում հիմնականում այն պատճառով, որ նա ազատ խոսում է վրացերեն, խոսում է Վրաստանի մասին և հիմնականում դիմում է վրացական լսարանին։ Այսօր նրա էջերն ունեն մոտավորապես 70 000-80 000 հետևորդ, որոնց մեծ մասը, ըստ նրա, հենց վրացիներն են։

Մենք մեր զրույցը սկսում ենք այն հարցից, որը ըստ Մարտի, իրեն ամենահաճախն են տալիս։

«Մարդիկ միշտ հարցնում են, թե արդյոք ես վրացական արմատներ ունեմ, բայց, ցավոք, չունեմ։ Ես այնտեղ ազգականներ չունեմ։ Ես կցանկանայի գալ և երկար ժամանակ ապրել այդտեղ։ Իմ բլոգի աճին զուգընթաց ես կապեր եմ հաստատել այնտեղի մարդկանց հետ, բայց դեռևս ազգական կապեր չունեմ»։

Մարտինը 25 տարեկան է։ Նա ծնվել և ապրում է Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ֆինանսներ մասնագիտությամբ, և աշխատում է այս ոլորտում։ Սակայն, հենց նրա բլոգն էր, որը նվիրված էր Վրաստանին, վրացերենին և Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերություններին։ Մարտինի խոսքով՝ հայ-վրացական հարաբերությունների ամրապնդումը դարձել է իր գործունեության հիմնական նպատակներից մեկը։

«Եթե ես որևէ բան եմ տեսնում, նույնիսկ չնչին բացասական բան, ես դա շատ վատ եմ ընդունում և միշտ ցանկանում եմ, որ մեր ժողովուրդների միջև միջմշակութային կապն ամրապնդվի։

Ես չեմ տեսել որևէ բացասական բան, որն ուղղված է ինձ, բայց երբ ես տեսնում եմ ինչ-որ բացասական բան հայերի և Հայաստանի նկատմամբ, դա, անշուշտ, բացասական ազդեցություն է ունենում։ Անձնական զրույցներում ես միշտ ասում եմ, որ ամենուրեք լավն էլ կա, վատն էլ, ինչպես որ ամենուրեք լավ մադրիկ էլ կան, վատ մարդիկ էլ կան։ Մի՛ կենտրոնացեք բացասականի վրա և մի՛ մտածեք, որ ամբողջ ազգն այդպիսին է»։

Մարտինը խոստովանում է, որ վրացերենի հանդեպ իր սերը սկսվել է դեռևս իր բլոգը սկսելուց շատ առաջ։

«Մանուկ հասակում, երբ մենք Վրաստան էինք գալիս արձակուրդի, այդ ժամանակից սեր առաջացավ մոտս վրաց ժողովրդի նկատմամբ։ Ես միշտ կարոտում էի։ Վրաստանի կոլորիտը դա նրա ժողովուրդն է։ Ես միշտ սա ասում եմ և՛ հայերին, և՛ վրացիներին։ Երբ վերադառնում էի Երևան, կարոտում էի, լսում էի վրացական երգեր և ապրում հիշողություններով։ Եվ այսպես որոշեցի սովորել լեզուն։

Ես արդեն գիտեի տարրական բառերը՝ ինչպես բարևել, ինչպես հարցնել մարդուն, թե ոնց են։ Ես սկսեցի սովորել YouTube-ի դասերից, ապա սկսեցի դիտել հեռուստասերիալներ։ Եվ սկսեցի պրակտիկայում խոսել, երբ գնում էի արձակուրդ՝ ցուցադրելով իմ գիտելիքներն ու լեզվի հանդեպ սերը։ Չեմ կարող ասել, թե ինչ մակարդակի եմ տիրապետում վրացերեն, բայց կարծում եմ՝ B1–B2»։

Այսօր նրա հետևորդներն արդեն գիտեն նրա պատմությունը, բայց սկզբում վրացիների արձագանքը հատկապես ուժեղ և էմոցիոնալ էր։

«Ասում էին, որ ապրեմ ես, որ սովորել եմ լեզուն, որ հարգում եմ մշակույթն ու լեզուն»։

Մարտինի խոսքով՝ պետական լեզվի իմացությունը հարգանքի հարց է այն երկրի նկատմամբ, որտեղ մարդ ապրում է։

«Ես օրինակ կբերեմ Հայաստանից։ Ես հաստատ գիտեմ, որ Վրաստանում էլ նույնկերպ է։ Ռուսներն ու ուկրաինացիները գալիս են, բայց, ցավոք, նրանք չեն սովորում հայերենը կամ վրացերենը։ Նրանք խոսում են իրենց լեզվով և այդպես էլ ապրում են։ Բայց, իմ կարծիքով, նրանք պետք է հարգեն պետական լեզուն և խոսեն տվյալ լեզվով։ Եթե, իհարկե, դուք զբոսաշրջիկի կարգավիճակով չեք և չեք պլանավորում ապրել, աշխատել և հարկեր վճարել, ապա պետք է իմանաք լեզուն»։

Նրա հետ հաճախ են քննարկում վրացերենի թերի իմացությունը Վրաստանում գտնվող ջավախքահայերի շրջանում։

«Մարդիկ միշտ ինձ ասում են. տես դու սովորել ես լեզուն, բայց այստեղ ապրող ազգային փոքրամասնությունները՝ ոչ։ Ես պատասխանում եմ, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որ երկրում ապրի և ինչ անի, ինչ սովորի։ Ես կարծում եմ, որ լեզուն իմանալը կարևոր է, եթե ապրում և աշխատում ես»։

Նրա գրառումների տակ գտնվող մեկնաբանություններում պարբերաբար հայտնվող թեմաներից մեկը հայերի և վրացիների միջև պատմական վեճերն ու մրցակցությունն է։ Բլոգերն ինքը կարծում է, որ նման հարցերը չպետք է դառնան փոխադարձ անվստահության աղբյուր։

«Իմ կարծիքով, ամեն ինչ գրված է պատմական գրքերում՝ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել, ինչ ուտեստներ է պատրաստել յուրաքանչյուր ազգ և այլն։ Կարծիքները կարող են տարբեր լինել, բայց կան պաշտոնական աղբյուրներ, որոնք նշում են, թե ինչն ում է պատկանում։ Այդպես բոլորը կարող են ասել, բայց դա ոչինչ չի որոշում։ Մեկ մարդու կարծիքը չի սահմանում ամբողջ ազգինը։ Եթե դուք արձագանքում եք մարդկանց ասած ամեն ինչին, ապա, իմ կարծիքով, դա սխալ կլինի։ Որովհետև պետք է ելնել նրանից, թե ինչպես է այդ մարդն ապրում, ինչ ճանապարհ է անցել և ինչու է այդպես խոսում»։

Նա նշում է, որ բացասականին պարզապես ավելի շատ ուշադրություն է դարձվում, քան դրականին, որտեղ բացասականն առաջնային պլան է մղվում։

Ջավախքը, որը Մարտինը վերջերս հաճախ է այցելում, նույնպես առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նրա պատմություններում։

«Իմ ճանապարհը դեպի ծով, դեպի Աջարիա մանկուց ինձ տարել է այս ճանապարհով՝ Ջավախեթիով (Ջավախք)։ Ես շատ լավ գիտեի այս մարզի մարդկանց և միշտ իմ տեսանյութերում ասում եմ, որ նրանք շատ բարի մարդիկ են։ Ես նաև ջավախքցիների հետ հանդիպում եմ Երևանում։ Չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչու եմ այնտեղ գնում, քանի որ ես այցելել եմ Վրաստանի բազմաթիվ շրջաններ։ Վերջերս այցելել եմ Կախեթի, Թբիլիսի և Ջավախք։ Յուրաքանչյուր շրջան, անկասկած, ունի իր յուրահատուկ ճարտարապետությունը։ Հետաքրքիր է, քանի որ, օրինակ, Ախալցիխեն պատմական քաղաք է, որտեղ ապրում են տարբեր ժողովուրդներ…

Տարբերությունների մասին խոսելով՝ Վրաստանն ընդհանուր առմամբ բազմազան է, այնտեղ ապրում են տարբեր ժողովուրդներ։ Բայց Ջավախքում, մասնավորապես, ապրում է կոնկրետ հայկական համայնք։ Եվ սա շատ կարևոր է՝ հաշվի առնելով հայ-վրացական կապը։ Հնարավոր է՝ վրացիները Ջավախքի մասին ավելի շատ գիտեն, քան մյուս ժողովուրդները կամ Հայաստանի հայերը։ Բայց Ջավախքի հիմքը հայերն են, և դա շատ կարևոր է»։

Այսօր Մարտինի բլոգը միայն Վրաստանի և վրացերենի մասին պատմությունները չեն։ Դրա հիմնական նպատակներից մեկը մնում է վրաց լսարանին ծանոթացնել Հայաստանին, նրա մշակույթին, պատմությանը և ժողովրդին։ Մարտինը խոսում է Երևանի մասին, ցուցադրում է Հայաստանի տարբեր անկյունները, իր հետևորդներին ծանոթացնում երկրի եզակի առանձնահատկություններին և ձգտում է այն ներկայացնել ոչ միայն զբոսաշրջային տեսարժան վայրերի, այլև առօրյա կյանքի միջոցով։ Նրա գրառումները հաճախ դրական մեկնաբանություններ են ստանում, և շատ վրացի հետևորդներ հարցեր են տալիս Հայաստանի և հայերի մասին՝ հետաքրքրված լինելով մշակույթով, ավանդույթներով, քաղաքներով և այցելելու համար արժանի վայրերով։ Մարտինի համար սա իր բլոգի հիմնական գաղափարն է՝ ոչ միայն արտահայտել իր սերը Վրաստանի նկատմամբ, այլև ստեղծել մի տարածք, որտեղ հայերն ու վրացիները կարող են ավելի լավ ճանաչել միմյանց։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝