նորություններ 29 Հուլիսի, 2026 • Ջավախքցի պոետ Բեգլար Չրաղյանի աշխարհը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոման գյուղում է ապրում Բեգլարը՝ ռոմանտիկ հոգով, նուրբ զգացողություններով ու երևակայական աշխարհով երիտասարդ, որի համար կյանքը միայն առօրյա գործերի, սովորական խոսակցությունների ու անցնող օրերի շարան չէ։ Նա այն մարդկանցից է, ովքեր կարողանում են կանգ առնել, նկատել այն, ինչ ուրիշները հաճախ անցնում են առանց ուշադրության, և զգալ այն, ինչ երբեմն հնարավոր չէ բացատրել։ Բեգլար Չրաղյանը ստեղծագործում է, չնայած երիտասարդ տարիքին արդեն հասցրել է թվով չորս գիրք հրատարակել։

Բեգլարի աշխարհում բառերը պարզապես բառեր չեն։ Դրանք հիշողություններ են, ապրումներ, չասված մտքեր, սպասումներ ու զգացմունքներ։ Իսկ երբ այդ ամենը չի տեղավորվում սովորական խոսքի մեջ, ծնվում է պոեզիան։

Բեգլարը ծնվել է մանկավարժների ընտանիքում։ Նա ընտանիքի միջնեկ զավակն է։ Ունի երկու եղբայր։ Նրա մայրը բանասեր է, իսկ հայրը տարիներ շարունակ եղել է մաթեմատիկայի ուսուցիչ։ Մի ընտանիքում կարծես հանդիպել են երկու տարբեր աշխարհներ՝ բառերի ու թվերի, զգացմունքների ու տրամաբանության։

Ինքը՝ Բեգլարը, որքան էլ սիրում էր մաթեմատիկան, իր ներաշխարհով միշտ ավելի մոտ էր զգացմունքների, գեղեցիկի ու երազանքի աշխարհին։ Թվերը կարող էին նրան հետաքրքրել իրենց ճշգրտությամբ, սակայն բառերն էին, որ թույլ էին տալիս արտահայտել իր ներսում ապրող այն ամենը, ինչը հնարավոր չէր հաշվարկել կամ բանաձևի վերածել։

«Առաջին բանաստեղծությունս գրել եմ լուսնի լույսի տակ՝ լուսնի գեղեցկությամբ հիացած։ Այդ ժամանակ 12 տարեկան էի, գրել եմ մի անպատասխան սիրո մասին, որը գոյություն չուներ այդ պահին, սակայն պատահեց ինձ հետ տարիներ հետո, իրականում սա շատ հետաքրքիր էր»,- ասաց Բեգլարը։

Այն հարցին, թե ինչով է ոգեշնչվել ստեղծագործելու սկզբնական շրջանում և հիմա, մեր հերոսը պատասխանեց․

«Երբ փոքր էի, զգում էի որ ամեն գեղեցիկ բանի մասին ուզում էի գեղեցիկ բառերով արտահայտվել, սկզբում երաժշտություն էր հնչում ականջներումս, հետո բառերն էին գալիս, ցանկություն էր առաջանում զգացածս թղթին հանձնելու։ Մի օր վերցրեցի Տերյանի բանաստեղծությունների ժողովածուն, այնքան հոգեհարազատ թվացին ինձ նրա ստեղծագործությունները, որ ես գտա ինձ նրա տողերում և չեմ սխալվի, եթե ասեմ, որ Տերյանի ստեղծագործություններն էլ ինձ շատ են ոգեշնչել։

15 տարեկանում Բեգլար Չրաղյանը տեղափոխվում է Երևան։ Գյուղից քաղաք տեղափոխվելուց հետո նա ավելի շատ է սկսում գրել։

«Քանի որ այնտեղ ավելի շատ էին զգացմունքները՝ սիրահարվածություն, կարոտ։ Ոչ ոք չգիտեր, որ գրում եմ, միայն 2019 թվականին, երբ արդեն բավականաչափ գրել էի, դիմեցի ավագ եղբորս, ում հետ ապրում էի Երևանում։ Նա օգնեց ինձ հրատարակել իմ առաջին «Հոգուս Աչքերը» ժողովածուն, որը հրատարակվեց 2019 թվականին «Լուսակն» հրատարակչության կողմից։ Դեկտեմբեր էր, սկսվում էին ձմեռային արձակուրդները, գիրքը հետս գյուղ բերեցի միանգամից, ընտանիքս անակնկալի եկավ», — պատմեց պոետ Չրաղյանը։

Բեգլարն ընդգծեց, որ իր համար առանձնակի կարևոր էր հոր արձագանքը, քանի որ հայրն ունենալով մաթեմատիկայի ուղղվածություն, միշտ տղաներին խրախուսել է գնալ այդ ուղղությամբ։

«Հայրս հատուկ արձագանք չտվեց, սակայն մինչև այսօր, երբ ծանոթ բարեկամերի հետ խոսում ենք այդ թեմայով, բոլորն ասում են, որ առանձին զրույցների ժամանակ, բոլորի մոտ հպարտացել է, որ ես գրում եմ»։

Եվ այդպես՝ մաթեմատիկայի սիրահար պատանի Բեգլարն աստիճանաբար հայտնվում է պոեզիայի ճանապարհին։ Հարցին, թե արդյո՞ք չի փոշմանել, որ բանասիրական կրթություն չի ստացել, քանի, որ այդպես իր խոսքն ավելի հղկված կլիներ, Բեգլարը պատասխանեց.

«Բացի այն, որ IT ոլորտը շատ եմ սիրում և ինձ կայացած մասնագետ եմ համարում, նաև այս մասնագիտության շնորհիվ ես ֆինանսապես ապահովված եմ, ցավոք․ այսօր միայն բանաստեղծ լինելով չես կարող գումար վաստակել»։

Գուցե նրա առաջին բանաստեղծությունները ծնվել են այն պահերին, երբ պատանի Բեգլարի սիրտը լցված է եղել անպատասխան սիրով ու հույզերով, գուցե երկար մտորումների, չասված խոսքերի կամ այն զգացմունքների ժամանակ, որոնք երիտասարդ սիրտը երբեմն չի կարող բարձրաձայնել։ Բայց մի բան հաստատ է․ Բեգլարի համար պոեզիան պարզապես զբաղմունք չէ։ Այն իր ներաշխարհի արտահայտությունն է։

«Թերևս հիմա ես աշխատում եմ համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում, բայց սիրում եմ ներկայանալ որպես բանաստեղծ։ Այսինքն՝ ինձ համար առավել կարևոր է, որ ինձ ճանաչեն որպես պոետ Բեգլար Չրաղյան»։

Նա ռոմանտիկ է։ Եվ դա նրա մեջ զգացվում է ոչ միայն գրված տողերում, այլև աշխարհը տեսնելու ձևի մեջ։ Բեգլարը կարողանում է սովորական երևույթների մեջ նկատել առանձնահատուկը, անցողիկ պահերի մեջ՝ գեղեցկությունը, իսկ լռության մեջ՝ խոսքը։

Այսօր Բեգլարը արդեն հրատարակել է 4 գիրք։

«Հոգուս աչքերը» 2019թ․ «Լուսակն» հրատարակչություն։
WhatsApp Image 2026-07-24 at 12.41.59

«Թաքնված կարոտ» 2021թ․ «Լուսակն» հրատարակչություն։

WhatsApp Image 2026-07-24 at 12.41.59 (1)

«Կրկնվող սիրո նոյեմբեր» 2022թ․ «Լուսակն» հրատարակչություն։
WhatsApp Image 2026-07-24 at 12.41.59 (2)

«Քանդված կանթեղ» 2024թ․ «Լուսակն» հրատարակչություն։
WhatsApp Image 2026-07-24 at 12.41.59 (3)

5-րդ՝ «Քաոսից լույս», գրքի շնորհանդեսը կայանա վաղը՝ հուլիսի 30-ին, Ավետիք Իսահակյանի կենտրոնական գրադարանում, Երևանում։
WhatsApp Image 2026-07-24 at 12.41.59 (4)

Բեգլարի պատմության մեջ առանձնահատուկ է նաև այն, որ նրա ստեղծագործական ճանապարհը սկսվել է մի ընտանիքում, որտեղ կրթությունն ու գիրքը միշտ կարևոր տեղ են ունեցել։ Մոր՝ բանասիրական մտածողությունը և հոր՝ մաթեմատիկական ճշգրտությունը, կարծես, տարբեր ձևերով են ազդել նրա վրա։ Մեկը նրան մոտեցրել է բառին, մյուսը՝ մտածողությանը։

Կարդացեք նաև՝ Բեգլար Չրաղյան՝ ծրագրավորող բանաստեղծը Գոմանից

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝