Ջավախքի Արագվա գյուղում, աշխարհի աղմուկից հեռու, ապրում է 75-ամյա Սոֆիա Մելքոնյանը։ Նրա կյանքի ամեն օրը պայքար է՝ ոչ միայն տարիքի ու առողջական խնդիրների, այլև այն պայմանների դեմ, որոնցում ստիպված է գոյատևել։
Սոֆիան բնակվում է հին, երդիկով տանը, որտեղ բացակայում են տարրական կենցաղային պայմանները։ Տունը տարիների ընթացքում դարձել է գրեթե անբնակելի․ այստեղ չկա այն միջավայրը, որն արժանի է մարդուն, առավել ևս՝ տարեց ու հիվանդ կնոջը։
Տարիներ առաջ Սոֆիան ծանր վիրահատություն է տարել․ առողջական խնդիրների հետևանքով հեռացվել է նրա կուրծքը։ Այսօր նրա ապրուստի միակ միջոցը սոցիալական օգնությունն ու կենսաթոշակն են, որոնք հազիվ են բավարարում ամենաանհրաժեշտ կարիքները։
Ամենածանրը, սակայն, միայն նյութական վիճակը չէ։ Սոֆիան միայնակ է։ Նա ունի աղջիկ, որը տարիներ առաջ ամուսնանալուց հետո տեղափոխվել է Ռուսաստան, և ժամանակի ընթացքում նրանց միջև կապը կորել է։
Սոֆիայի միակ հարազատներից մեկը՝ քույրը՝ Մայրանուշ Մելքոնյանը, մշտապես փորձում է հոգ տանել նրա մասին։ Նա նույնիսկ ցանկացել է քրոջը տեղափոխել Ախալքալաք, որպեսզի վերջինս ավելի ապահով ու հարմարավետ պայմաններում ապրի, սակայն Սոֆիան հրաժարվել է լքել իր տունն ու հարազատ գյուղը։
Այսօր Մայրանուշ Մելքոնյանը դիմում է համապատասխան կառույցներին և բարեգործ մարդկանց՝ խնդրելով հնարավորության դեպքում Սոֆիայի համար տրամադրել վագոն տնակ։ Նրա խոսքով՝ նույնիսկ այդպիսի համեստ կացարանը մեծ փոփոխություն կլինի քրոջ կյանքի համար և հնարավորություն կտա կյանքի վերջին տարիներն անցկացնել ավելի տաք, անվտանգ և մարդկային պայմաններում։
Jnews-ը դիմեց քաղաքապետարան, որտեղից տեղեկացրին, որ Սոֆիա Մելքոնյանը պետք է դիմի Ախալքալաքի քաղաքապետարանի համապատասխան բաժին, և, եթե քաղաքապետարանի հնարավորությունները թույլ տան, նրանք կօգնեն վագոն տնակով ապահովելու հարցում։
«Ես չեմ ուզում, որ քույրս շքեղ պայմաններում ապրի։ Միայն ուզում եմ, որ նա ձմռանը չմրսի, անձրևի ժամանակ անձրևը տուն չլցվի, և իր կյանքի մնացած տարիներն արժանապատիվ անցկացնի»,– ասում է Մայրանուշ Մելքոնյանը։
Սոֆիա Մելքոնյանի պատմությունը հերթական հիշեցումն է, որ մեր կողքին դեռ կան մարդիկ, ովքեր ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում և ամենից շատ կարիք ունեն ոչ թե խղճահարության, այլ իրական աջակցության։
Եթե պետական կառույցների, բարեգործական կազմակերպությունների կամ պարզապես անտարբեր չմնացող մարդկանց աջակցությամբ հնարավոր լինի ապահովել թեկուզ մեկ փոքրիկ վագոն տնակով կամ կենցաղային և այլ պարագաներով, Սոֆիայի կյանքի որակը կարող է զգալիորեն փոխվել։







