Ախալքալաքի մունիցիպալիտետում աճեցված էկոլոգիապես մաքուր ուցխո-սունելին կարող է մուտք գործել ամերիկյան շուկա։ Աշխարհի տարբեր ծայրերից համեմունքներ ներմուծող հայտնի ամերիկյան Burlap & Barrel ընկերության համահիմնադիրն, անձամբ աճեցման պայմաններին ծանոթանալու և մեծ խմբաքանակներով գնման հնարավորությունը քննարկելու նպատակով, այցելել է շրջան։
Մեկ շաբաթ առաջ Ախալքալաքի մունիցիպալիտետ էր այցելել Burlap & Barrel հայտնի ամերիկյան ընկերության համահիմնադիր Օրի Զոհարը։ Այցի նպատակն էր ծանոթանալ էկոլոգիապես մաքուր ուցխո-սունելիի աճեցման պայմաններին և գնահատել մեծ խմբաքանակով գնման հեռանկարները։
Ագանա գյուղից Արշալույս Գալստյանը շրջանի միակ ֆերմերն է, որը ոչ միայն աճեցնում է ուցխո-սունելի, այլև արտահանում է այն։ Մի քանի տարիների ընթացքում նա այս մշակաբույսի աճեցումը վերածել է հաջողակ բիզնեսի։ Սակայն, ըստ նրա, հետագա զարգացմանը խոչընդոտում է սահմանափակ շուկան։
Ֆերմերը նշում է, որ այս տարի եղանակային պայմանները բարենպաստ էին, ուստի լավ բերք է ակնկալում: Նա նաև մեծ հույսեր է կապում ամերիկյան ընկերության ներկայացուցչի այցի հետ, քանի որ իրացման հետ կապված խնդիր ունեն:
«Նրանք եկել էին անձամբ տեսնելու և համոզվելու, որ սա իսկապես բնական արտադրանք է։ Շատ գոհ էին բույսի գույնից, բույրից և որակից, չնայած իմ ցույց տված դաշտը լավագույնը չէր։ Ես նախկինում այս ընկերության հետ աշխատել եմ միջնորդի միջոցով, բայց հիմա նրանք ցանկանում էին անձամբ համոզվել, որ արտադրանքն էկոլոգիապես մաքուր է, աճեցված է ալպյան դաշտերում և առանց որևէ արհեստական հավելումների օգտագործման։ Նրանք խոստացան բերքահավաքի ժամանակ կրկին գալ», — պատմեց Արշալույս Գալստյանը։
Ըստ ֆերմերի, ուցխո-սունելիի աճեցման և բերքահավաքի ամբողջ գործընթացը կատարվում է ձեռքով, առանց տեխնիկայի օգտագործման, քանի որ բույսերը միաժամանակ չեն հասունանում։
Դաշտերը տեսնելուց հետո ընկերության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին մեծ խմբաքանակներով արտադրանքը գնել։
«Խոսքը մի քանի տասնյակ տոննայի մասին է։ Վերջնական գինը դեռ չի քննարկվել։ Մոտ մեկ ամսից կասեն գինը և քանակը։ Պահանջարկը տարեկան 50 տոննա է, բայց ես դեռ այդքան մեծ ծավալներով չեմ աճեցնում», — ասում է ֆերմերը։
Ներկայումս Արշալույս Գալստյանը տարեկան վաճառում է մոտ մեկ տոննա ուցխո-սունելի։
Այս տարի նա այս մշակաբույսից ցանել է 10 հեկտար։ Հողի բերրիությունը պահպանելու և բարձր բերքատվություն ստանալու համար ֆերմերն ամեն տարի փոխում է իր ցանքատարածությունների տեղը։
Արշալույս Գալստյանն ամերիկացի հյուրերին ցույց է տվել Կիրովական գյուղում գտնվող 1.5 հեկտար հողատարածքը, որտեղ նա աճեցնում է ուցխո-սունելի։ Սա երկրորդ տարին է, որ նա մշակաբույսը ցանում է այս գյուղի դաշտերում։ Ֆերմերի խոսքով, անցյալ տարվա բերքը միջին էր, իսկ այս տարի, բարենպաստ եղանակային պայմանների շնորհիվ, նա լավ բերք է ակնկալում։
Նա մեկ հեկտարից հավաքում է մոտ երկու տոննա ուցխո-սունելի։ Նաև նշում է, որ տան մոտի հողամասում աճեցնելիս, բերքատվությունը կարող է հասնել 30-40 կիլոգրամի 1 հարից։
Ուցխո-սունելիի գինը կախված է բերքատվությունից և շուկայի պահանջարկից։ Երկու տարի առաջ մեկ կիլոգրամն արժեր մոտ 10 դոլար, իսկ հիմա այն իջել է մինչև 2 դոլար մեկ կիլոգրամի համար։
Արշալույսի խոսքով, սունելին բարելավում է հողը և կարտոֆիլին այլընտրանքային մշակաբույս է հանդիսանում։ Սունելին ավելի լավ է հարստացնում և բարելավում հողը, քան ոլոռը։





