նորություններ 9 Հուլիսի, 2026 • Վարդևոր՝ Ջավախքի մոռացվող գույներն ու ավանդույթները

Հուլիսի 12-ին Վարդավառ է, որը շատերն ասոցացնում են միայն ջրոցիի հետ։ Սակայն Ջավախքում, հատկապես նախորդ դարի կեսերին, այս տոնը շատ ավելի լայն խորհուրդ ուներ։ Այն գյուղի ամենաուրախ, ամենագունեղ և ամենամարդաշատ օրերից էր, երբ մի ամբողջ համայնք ապրում էր նույն տոնական տրամադրությամբ։

Ջավախքում Վարդավառը հաճախ անվանում են «Վարդևոր»։ Տարեց ջավախքցիները պատմում են, որ Վարդևորին պատրաստվում էին օրեր առաջ։ Տները մաքրում էին, բակերը կարգի բերում, թոնրում հաց թխում, տոնական կերակուրներ պատրաստում։ Ջուրը կյանքի, մաքրության և բերքի առատության խորհրդանիշ էր, ուստի մարդիկ միմյանց ջուր էին ցողում՝ ոչ թե պարզապես զվարճանալու, այլ բարեմաղթանքի իմաստով։ Համարվում էր, որ այդ ջուրը հաջողություն, առողջություն և բարիք է բերում։

Սակայն Վարդևորի ամենահետաքրքիր կողմը միայն ջուրը չէր։ Գյուղերում կազմակերպվում էին ընդհանուր խնջույքներ, ազգային երգ ու պար, ձիարշավներ, տարբեր մրցումներ ու խաղեր։

Շատ գյուղերում մարդիկ այցելում էին սրբավայրեր և ուխտատեղիներ, մատաղ անում, աղոթում տարվա խաղաղության, ընտանիքի բարօրության և առատ բերքի համար։ Տոնական սեղաններին պարտադիր տեղ էին գտնում գյուղական ավանդական ուտեստները, իսկ բազմաթիվ ընտանիքներ այդ օրը բաց էին պահում իրենց դռները հյուրերի համար։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդ գյուղի բնակիչ Պարզիկ տատը պատմում է․

«Աբուլ լեռան լանջին գտնվող սրբավայր էինք բարձրանում գիշերը, այնպես որ Վարդևորի լուսաբացը դիմավորում էինք Աբուլ լեռան գագաթին։ Հետո երգ պար էինք կազմակերպում Աբլարում, ամբողջ գյուղով մատաղ էինք անում։ Հետո գալիս էին գյուղ, քեֆը շարունակում էինք գյուղում, այնուհետեւ ջրոցի էինք խաղում, շատ լավ էր»։

Գյուղի մյուս տարեց բնակիչները նույնպես կարոտով են հիշում երիտասարդ տարիները։ Նրանք մեզ հետ կիսվեցին իրենց ապրած անհոգ ու ուրախ պահերով․

«Առաջ շատ լավ էր, ամբողջ գյուղով էինք նշում։ Մեր գյուղացիները, նաև կողքի գյուղերի բնակիչները բարձրանում էին Աբուլ, մեծ տոնակատարություն էր լինում, ամբողջ գյուղով էինք սպասում Վարդավառին», — պատմում է Օլավերդ գյուղի բնակիչ Կարախանյան Աշոտը։

Այն հարցին, թե արդյո՞ք հիմա այդ ավանդույթը շարունակվում է, Աշոտ պապը պատասխանեց․

«Շատ քիչ մարդիկ հիմա բարձրանում են Աբուլ լեռ Վարդավառին, բայց դա չի վերածվում մասսայական տոնակատարության, չկա առաջվա համն ու հոտը»։

Թե ինչո՞ւ են անհետանում վարդավառյան ավանդույթները, փորձեցինք ճշտել գյուղի մյուս բնակիչներից, ովքեր անորոշ հայացքներով, փորձում էին պատասխաններ գտնել։

Ասում են՝ «Հիմա կյանքը փոխվել է, մարդիկ այլ հետաքրքրություններ ունեն, առաջվա նման չեն սպասում Վարդևորին»։

Միաժամանակ հավելում, որ 90-ականներից հետո կյանքը կտրուկ փոխվել է։

«Մինչև 90-ականներ կյանքը ամեն տեղ ավելի հետաքրքիր էր, գյուղերում էլ ուրախություն շատ կար, մարդիկ ավելի շատ էին հոգով ապրում, ավելի շատ էին հիշվող պահեր ստեղծում, 90-ականներից հետո կյանքը փոխվեց, ամեն ինչ դժվարացավ։ Բայց պետք է նաև նշել, որ հիմա նոր-նոր նորից սկսել են մարդիկ վերադառնալ հին ավանդույթներին, հիմա քիչ-քիչ նորից նկատվում է առաջվա աշխուժությունը՝ թե Վարդավառի, թե այլ տոների հետ կապված», — ասաց Օլավերդ գյուղի բնակիչ Հովիկ Գիլոյանը։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում ևս Վարդավառը մեծ շուքով էր նշվում, այս մասին մեզ հետ զրույցում պատմեց գյուղի բնակիչ Մկրտիչ Լուլուկյանը․

«Ջահելներով ձիերով բարձրանում էինք Ժամին սարը, այնտեղ էր հավաքվում ամբողջ գյուղը, զուռնա-դհոլ էր հնչում։ Ձիերին կարմիր ժապավեններ ու զանգեր էինք կապում և մրցում էինք։ Ով հաղթում էր, նա համարվում էր գյուղի ամենահայտնի երիտասարդը, աղջիկների մոտ հեղինակություն էր դառնում։ Բոլորը մեծ ոգևորությամբ էին սպասում այդ մրցույթին։ Մրցույթից հետո տոնակատարությունը տեղափողվում էր գյուղ»։

Թե ինչպես են այսօր նշում Գանձայում, խոսեցինք երիդասարդների հետ։

«Հիմա գյուղում Վարդևորը շատ թեթև է նշվում, Տեր Գևորգը պատարագ է մատուցում Սուրբ Կարապետ եկեղեցում։ Ճիշտ է, մարդիկ կան, որ դեռևս բարձրանում են Ժամին սարը, բայց հայրիկիս ու պապիկիս պատմածների նման չի անցնում։ Հիմնականում ակտիվ ջրոցի խաղում են, որը միշտ էլ զվարճալի է», — ասաց երիտասարդներից Մաթևոսը։

Ջավախքցիների հետ զրույցների ընթացքում պարզ դարձավ, որ վարդավառյան գեղեցիկ ավանդույթների զգալի մասը ժամանակի ընթացքում մոռացության է մատնվել։ Դրա պատճառները բազմաթիվ են։ Գյուղերից արտագաղթը, բնակչության նվազումը, խորհրդային տարիներին ժողովրդական ու կրոնական տոների սահմանափակումը, ինչպես նաև ժամանակակից կյանքի փոփոխված ռիթմը աստիճանաբար փոխեցին Վարդևորի կերպարը։ Այսօր շատ վայրերում պահպանվել է միայն ջուր ցողելու սովորույթը, մինչդեռ երգերը, խաղերը, հավաքական խնջույքներն ու գյուղական մեծ տոնախմբությունները գրեթե անհետացել են։
Սակայն վերջին տարիներին նկատվում է հետաքրքիր միտում. երիտասարդներն ավելի հաճախ են հետաքրքրվում իրենց արմատներով, համայնքներում փորձում են վերականգնել ավանդական տոները, իսկ մշակութային կազմակերպություններն ու նախաձեռնող խմբերը կրկին հիշեցնում են Վարդևորի իրական նշանակությունը։

Մոռացված ավանդույթները կարելի է վերակենդանացնել միայն այն դեպքում, երբ դրանք հիշվում, պատմվում և փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Վարդևորն ընդամենը ջրոցի չէ. այն Ջավախքի հավաքական հիշողության, գյուղական համերաշխության և ազգային մշակույթի մի կարևոր մասն է, որը կարեւոր է պահպանվել։

Մեկնաբանություններում գրեք ձեր գյուղի ու տարածաշրջանի հետաքրքիր ավանդույթներն ու պատմությունները, որոնք կապված են Վարդավառի հետ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝