Սարգիս Տոնականյանը 18 տարեկանում արդեն երկու անգամ դարձել է քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն, երեք անգամ աշխարհի չեմպիոն և 15 անգամ հաղթել է Վրաստանի քիքբոքսինգի առաջնությունում: Ձեռքի լուրջ վնասվածքից հետո նա կարողացավ վերադառնալ սպորտ և կրկին նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այսօր երիտասարդ մարզիկն երազում է պրոֆեսիոնալ մակարդակով հանդես գալ Միացյալ Նահանգներում, ապա վերադառնալ հայրենի Ախալքալաք ու այստեղ զարգացնել այս սպորտաձևը։
Սարգիս Տոնականյանը 18 տարեկան է: Նրա հայրը՝ Սերգեյ Տոնականյանը, քիքբոքսինգի մարզիչ է: Սարգիսը երեք տարեկանից սկսել է մարզասրահ հաճախել, իսկ այս սպորտաձևով պրոֆեսիոնալ մարզվել սկսել է հինգ տարեկանից:
Չնայած իր երիտասարդ տարիքին, նա արդեն նվաճել է քիքբոքսինգի գրեթե բոլոր ամենահեղինակավոր տիտղոսները: Միակ կետը, որը նրա համար մնում է չնվաճված, օլիմպիական ոսկին է: Սակայն, ինչպես նշում է մարզիկն ինքը, կոպտության պատճառով, քիքբոքսինգը դեռևս չի ներառվել օլիմպիական ծրագրում:
Իր մարզական կարիերայի տարիների ընթացքում Սարգիս Տոնականյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցումների և հասել տպավորիչ արդյունքների: Նա ունի ավելի քան 70 մեդալ։ Աշխարհի, Եվրոպայի և Վրաստանի առաջնություններից զատ, նա հաղթող է դարձել բազմաթիվ բաց առաջնություններում՝ Հայաստանում, Թուրքիայում, Մոլդովայում և Կովկասում։ Նրա հայրը՝ Սերգեյ Տոնականյանը, մնում է նրա անփոխարինելի մարզիչը։
Անցյալ տարի, աշխարհի առաջնությունից հետո, Սարգիսը ձեռքի լուրջ վնասվածք է ստանում, և հինգ ամիս նա վերականգնվում էր։ Հետևաբար, երկու շաբաթ առաջ WKF քիքբոքսինգի աշխարհի գավաթում տարած հաղթանակը հատկապես առանձնահատուկ էր նրա համար։ Մրցաշարը տեղի ունեցավ հունիսի 25-ից 27-ը Քիշնևի «Orange Arena»-ում։
Մարզիկի խոսքով, դա իր կարիերայի ամենադժվար հաղթանակն էր։
«Ինձ համար ամենադժվար և նշանակալից հաղթանակը վերջերս կայացած WKF աշխարհի գավաթն էր, որտեղ ես չեմպիոն դարձա։ Ձեռքիս վնասվածքից հետո ես չորս ամիս վերականգնվում էի և շատ էի վախենում, որ այն ինձ զգացնել կտա մենամարտի ժամանակ։ Բացի այդ, իմ մրցակիցը չորս տարով մեծ էր ինձանից», — կիսվում է Սարգիս Տոնականյանը։
Վնասվածքից հետո, նա հավելյալ, ձեռքերն ամրացնելու համար սկսում է մարզվել բռնցքամարտով։
«Քիքբոքսինգում պետք է ունենալ ուժեղ ոտքեր և ձեռքեր», — ասում է մարզիկը։
Բռնցքամարտից բացի, նա նաև լողով է զբաղվում։ Շաբաթական վեց օր Սարգիսը մարզվում է օրական երեքից չորս ժամ։ Նա կարծում է, որ մեծ հաղթանակների կարելի է հասնել միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Այնուամենայնիվ, նա խոստովանում է, որ երբեմն, երբ շատ է հոգնում, իրեն թույլ է տալիս երկու կամ երեք օր հանգստանալ։
Սարգիսն ինքնավստահ երիտասարդ է, ով հստակ գիտի, թե ինչ է ուզում կյանքից։
Հարցին, թե ինչպես է մայրը վերաբերվում այսպիսի կոպիտ սպորտաձևի նկատմամբ իր սիրուն, նա ժպիտով պատասխանում է. «Նա արդեն սովորել է դրան։ Տասնվեց տարի նույն բանն է տեսել, նախ հայրս է մարզվել, իսկ հետո՝ ես»։
Մարզիկը խոստովանում է, որ ծնողները հպարտանում են իր նվաճումներով։
Ընդ որում նա հասկանում է, որ իր մարզական կարիերան զարգացնելու համար անհրաժեշտ է տեղափոխվել ավելի մեծ քաղաք։
«Որպեսզի դառնաս հայտնի և ճանաչելի մարզիկ, պետք է դուրս գաս Ախալքալաքից», — կարծում է նա։
Սարգիսի ամենանվիրական երազանքը Միացյալ Նահանգներ մեկնելն ու այնտեղ պրոֆեսիոնալ մրցաշարերին մասնակցելն է։
Սակայն, սպորտային կարիերայի ավարտից հետո հետո նա ցանկանում է վերադառնալ տուն։
«Ես ուզում եմ վերադառնալ Ախալքալաք և այստեղ զարգացնել սպորտը, որպեսզի մեր քաղաքը դառնա իրական մարզական քաղաք»։
Չնայած մարզական հաջողություններին, Սարգիսը պլանավորում է բարձրագույն կրթություն ստանալ, բայց ոչ սպորտին առնչվող ոլորտում։
«Սպորտային կարիերան հավերժ չի տևում։ Վաղ թե ուշ այն ավարտվում է, և մարդը պետք է ինչ-որ տեղ աշխատի։ Ահա թե ինչու ես ուզում եմ կրթություն ստանալ», — ասում է նա։
Անցյալ տարի Սարգիսն ավարտել է դպրոցն ու ընդունվել Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարան։ Այժմ նա սովորում է զերո կուրսում և դեռ չի որոշել իր ապագա մասնագիտությունը։
Մրցումների շնորհիվ նա արդեն հասցրել է լինել աշխարհի բազմաթիվ երկրներում, ինչով նա շատ հպարտանում է։
Սարգիս Տոնականյանը Վրաստանի քիքբոքսինգի հավաքականի անդամ է։ Ազգային հավաքականում Ախալքալաքից ներկայացված է մոտ 12 մարզիկ։
Մարզիկը նաև ծառայում է որպես սարկավագ Սուրբ Խաչ եկեղեցում և փորձում է մասնակցել պատարագներին ու օգնել քահանաներին։
Բացի այդ, պարզվում է, որ չեմպիոնը ոչ միայն նպատակասլաց մարզիկ է, այլև ռոմանտիկ։ Նրա անսովոր հոբբիներից մեկը աստղերին նայելն է։
«Ես իսկապես սիրում եմ աստղազարդ երկնքին նայել։ Հատկապես սիրում եմ Սիրիուսը՝ ես գիտեմ, թե որտեղ և որ ժամանակահատվածում կարելի է տեսնել այն։ Չգիտեմ, թե որտեղից է եկել այս հետաքրքրությունը, բայց ես իսկապես սիրում եմ աստղադիտակով աստղերը դիտել», — պատմում է Սարգիսը։





