Ախալքալաքում վերջին շրջանում նկատվում է անշարժ գույքի գների աճ։ Տների և բնակարանների սեփականատերերը իրենց գույքը վաճառում են ավելի բարձր գներով, իսկ գնորդների համար տուն ձեռք բերելը դառնում է ավելի դժվար։
Գնաճի հիմնական պատճառներից մեկը, ըստ տեղացիների, Ռուսաստան մեկնած ախալքալաքցիների՝ քաղաքում անշարժ գույք ձեռք բերելու կամ վերադառնալու ձգտումն է։ Տարիներ շարունակ արտագնա աշխատանքի մեկնած և Ռուսաստանում բնակություն հաստատած մարդիկ իրենց վաստակած գումարով ներդրումներ են կատարում հայրենի քաղաքում՝ ձեռք բերելով տուն, բնակարան կամ հողատարածք։ Ոմանք նախատեսում են ապագայում վերադառնալ Ախալքալաք, իսկ մյուսների համար անշարժ գույքը մնում է ընտանիքի և կապի պահպանման կարևոր միջոց։
Այս մասին են վկայում նաև «Eurohome» էլիտար շենքի տվյալները։ Չնայած շենքի շինարարությունը դեռևս չի ավարտվել, սակայն բնակարանների մի մասն արդեն վաճառվել է, և վաճառված բնակարանների 60%-ը գնել են արտերկրում ապրող մեր հայրենակիցները, իսկ 40%-ը՝ տեղացիները։
Ախալքալաքում տուն գնելու ու այդ ճանապարհին հանդիպած դժվարությունների մասին խոսեցինք երիտասարդ ընտանիքի հետ, ովքեր ուզում են սեփական տուն գնել ու առանձնանալ։
«Գրեթե 2 տարի է բնակարան ենք փնտրում Ախալքալաքում, սակայն գներն այնքան բարձր են, որ այդ գնով կարելի է Թբիլիսիում տուն գնել։ Ես ու ամուսինս աշխատում ենք Ախալքալաքում, բայց ապրում ենք գյուղում, ամեն օր գնալ գալը դժվար է, բայց տուն գնելն էլ գրեթե անհնար է դարձել»։
Երբ շուկայում գնորդների թիվը մեծանում է, իսկ վաճառքի հանված տների քանակը սահմանափակ է, գները բնականաբար սկսում են բարձրանալ։
«2 տղա ունեմ, մեկն ամուսնացած է, շուտով մյուս տղայիս էլ կամուսնացնեմ, սկսել եմ Ախալքալաքում տներ փնտրել և տների գներով հետաքրքրվել։ Քաղաքի մեջ այլևս նորմալ տներ չկան, հիմնականում հին տներ են, որոնք հիմնավոր վերանորոգման կարիք ունեն։ Նորակառույց բազմահարկ շենքում ենք հետաքրքվել, սակայն տղաներս սեփական տուն են նախընտրում»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաք քաղաքի բնակչուհիներից մեկը։
Միաժամանակ, շուկայում առաջանում է մեկ այլ խնդիր․ անշարժ գույքի շուկայական գինը և բանկերի կողմից գույքի գնահատված արժեքը հաճախ չեն համընկնում։ Տունը կարող է վաճառքի դրվել բարձր գնով, սակայն բանկային գնահատումը նույն մակարդակին չհասնել։ Արդյունքում՝ քաղաքացին, որը ցանկանում է տուն ձեռք բերել հիփոթեքային վարկի միջոցով, կարող է ստանալ անհրաժեշտից ավելի փոքր վարկ և ստիպված լինել մեծ գումար ներդնել սեփական միջոցներից։
Այս մասին հարցումներ արեցինք բանկային ոլորտների աշխատակիցներին՝ փորձելով հասկանալ, թե ինչքան են գնահատվում բանկերի կողմից բնակարանները Ախալքալաքում։
«Այո, այսօրվա դրությամբ Ախալքալաքի տները վաճառքային գնից մի քանի անգամ էժան են գնահատվում բանկերի կողմից։ Օրինակ, եթե բնակարանը պետք է գնեն 70 հազար դոլարով, բանկն այդ տունը գնահատում է 30-35 հազար դոլար», — ասաց Ախալքալաքի բանկերից մեկում վարկային բաժնում աշխատող մասնագետներից մեկը։
Այն հարցին, թե ինչո՞վ է դա պայմանավորված ու արդյո՞ք բանկի աշխատողները չեն կարող որևէ կերպ նպաստել, որ բանկն ավելի շատ գնահատի տունը և ավելի շատ գումար տրամադրի, մասնագետը պատասխանեց․
«Պատճառն այն է, որ բանկը չի հավատում, որ Ախալքալաքում տները կարող են այդքան բարձր գնով վաճառվել։ Մենք նույնիսկ առք ու վաճառքի պայմանագիրը նոտարով հաստատած ուղարկում ենք, որտեղ նշվում է տան վաճառքային արժեքը, սակայն դա ևս օգուտ չի տալիս»։
Սա հատկապես դժվար իրավիճակ է ստեղծում այն ընտանիքների համար, որոնք չունեն մեծ խնայողություններ։ Նրանց համար տուն գնելու հնարավորությունը կախված է ոչ միայն տան վաճառքի գնից, այլև բանկի կողմից այդ գույքի գնահատումից և տրամադրվող վարկի չափից։
Եվ այստեղ հարց է առաջանում․ արդյո՞ք Ախալքալաքում անշարժ գույքի գները բարձրանում են իրական շուկայական պահանջարկի հիման վրա, թե՞ գները որոշ դեպքերում արհեստականորեն են բարձրացվում՝ հաշվի առնելով ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների ֆինանսական հնարավորությունները։



