Չնայած գյուղատնտեսական սեզոնի ուշ մեկնարկին, Ջավախքի ֆերմերները լավատեսորեն են գնահատում իրենց ցանքսերի վիճակը: Նրանք ասում են, որ բավարար տեղումները և չափավոր ջերմաստիճանը բարենպաստ պայմաններ են ստեղծել բերքի զարգացման համար: Սակայն, վերջնական արդյունքը, ինչպես միշտ, կախված կլինի ամռան երկրորդ կեսի եղանակից:
Գյուղատնտեսական սեզոնն այս տարի, Ջավախքում, սկսվեց սովորականից ուշ: Երկարատև գարունը և ցուրտ եղանակը հետաձգեցին դաշտային աշխատանքները, ինչը մի քանի գյուղերում հանգեցրեց կարտոֆիլի և այլ մշակաբույսերի ցանքի ուշացմանը:
Այժմ, երբ սեզոնը հասել է իր կեսին, ֆերմերներն արդեն կարող են նախնական եզրակացություններ անել իրենց բերքի վիճակի մասին: Նրանք ասում են, որ իրավիճակը ներկայումս բարենպաստ է: Բավարար տեղումները և չափավոր ջերմաստիճանը նպաստել են բույսերի լավ զարգացմանը, և դաշտերը լավ վիճակում են:
Դիլիսկա գյուղից ֆերմեր Վարազդատ Սալվարյանը դրական է գնահատում իրավիճակը:
«Այս պահի դրությամբ սպասվում է նորմալ բերք: Կարտոֆիլի զարգացման ժամկետները, նախորդ տարվա համեմատ, մի փոքր հետ են մնում, բայց ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում: Եղանակը բարենպաստ է, հողը բավականին դեռ խոնավ է, ջրելու կարիք չկա: Այս պահին սկսել ենք դաշտերի դեղերով մշակումը։ Գլխավորն այն է, որ հետո շատ շոգ կամ կարկուտ չլինի։ Մնացածը նորմալ է ընթանում։ Ես նույնքան եմ ցանել, որքան անցյալ տարի։ Ինչքան ես գիտեմ, մեր գյուղում բոլորի մոտ իրավիճակը լավ է։ Նույնիսկ կարող եմ ասել այս տարի ավելի լավ բերքատվություն է սպասվում, քան անցյալ տարի», — ասում է Վարազդատ Սալվարյանը։
Կարտոֆիլը, որը Ջավախքի հիմնական գյուղատնտեսական մշակաբույսն է, նորմալ զարգանում է: Հացահատիկային և անասնակեր մշակաբույսերը նույնպես լուրջ մտահոգություններ չեն առաջացնում:
Ֆերմեր և գյուղատնտես Հովիկ Մուրադյանը նույնպես դրական է գնահատում ցանքի վիճակը: Նա նշում է, որ եղանակային պայմանները մինչ այժմ բարենպաստ են, բայց շատ բան նաև կախված է սեզոնի երկրորդ կեսից:
«Մինչ այժմ ամեն ինչ լավ է ընթանում: Հողի խոնավությունն ու ջերմաստիճանը բարենպաստ են, իսկ եղանակը նպաստում է բույսերի զարգացմանը: Եթե ծայրահեղ շոգ և կարկտահարություն չլինի, կարելի է լավ բերք ակնկալել: Նախանցյալ տարին նույնպես բերքառատ էր, բայց աշնան երկարատև անձրևներն ու վաղ ցրտահարությունները բարդացրին իրավիճակը: Հետևաբար, ինչպես միշտ, ամեն ինչ կախված է եղանակից», — նշում է Հովիկ Մուրադյանը:
Ֆերմերներն, ավանդաբար, կարկուտը համարում են ապագա բերքի հիմնական սպառնալիքը: Այն կարող է րոպեների ընթացքում ոչնչացնել բերքը և զրոյի հավասարեցնել ամիսների ծանր աշխատանքը: Մտահոգիչ են նաև ուժեղ անձրևներն ու երկարատև երաշտը, որոնք կարող են բացասաբար ազդել բերքատվության վրա:
«Բնությունն ինքն իր շտկումներն է անում։ Այո, գարնանն ուշացում կար, բայց հիմա բույսերը գրեթե հավասարվել են զարգացման մեջ։ Ես ավելի վաղ ևս ասել էի, որ եթե եղանակը բարենպաստ լինի, մշակաբույսերը կհասցնեն հաղթահարել իրենց ուշ ցարգացվածությունը։ Մենք հիմա ունենք բոլոր անհրաժեշտ պայմանները՝ բավարար խոնավություն և համապատասխան ջերմաստիճան։ Եթե կարկուտ չլինի, բերքը կարող է նախանցյալ տարվա նման լավը լինել», — ասում է գյուղատնտես Արշալույս Գալստյանը։
Խոսելով ուցխո սունելիի մասին, Արշալույս Գալստյանը նշում է, որ այս տարի իր մշակած տարածքը կրճատվել է, ուստի ընդհանուր բերքատվությունը, ենթադրաբար, ավելի ցածր կլինի։
«Սունելիի բերքը կախված է ոչ միայն եղանակից, այլև բնահողի որակից։ Մի գյուղում այն կարող է լավ լինել, մինչդեռ մյուսում՝ զգալիորեն ավելի վատ։ Այս տարի սունելիի ցանքսերն ավելի քիչ են։ Օրինակ՝ Աբուլ գյուղում բերքն արդեն հասունացել է, չնայած գարնանային դաշտային աշխատանքներն այնտեղ սկսվել են սովորականից ուշ», — հավելում է գյուղատնտեսը։
Եթե սեզոնի ավարտից առաջ եղանակային կատակլիզմներ չլինեն, ֆերմերները լավ բերք են ակնկալում։ Սա հատկապես կարևոր է Ջավախքի համար, որտեղ գյուղատնտեսությունը մնում է եկամտի հիմնական աղբյուրներից մեկը։



