Ախալքալաքի բազմաթիվ փողոցներում բնակիչները տարիներ շարունակ ստիպված են լինում առնչվել նույն խնդրին։ Ջրամատակարարման խողովակների վերանորոգման աշխատանքներից հետո ճանապարհի ասֆալտը քանդվել է, սակայն աշխատանքների ավարտից հետո այն այդպես էլ չի վերականգնվել։
Այսօր քաղաքի տարբեր հատվածներում կարելի է տեսնել փորված ու վնասված ճանապարհներ, որոնք անձրևներից հետո վերածվում են մեծ ջրափոսերի և ցեխի։ Դրանք անհարմարություններ են ստեղծում հետիոտնի և վարորդների համար։
Բնակիչների խոսքով՝ խնդիրը նոր չէ։ Շատ դեպքերում վերանորոգման աշխատանքներից անցել են ամիսներ, նույնիսկ տարիներ, սակայն ջրամատակարարման ընկերությունը չի վերադարձել՝ ճանապարհի տեսքը նախկին տեսքին բերելու համար։ Արդյունքում քաղաքի փողոցները շարունակում են մնալ կիսաքանդ վիճակում՝ ստեղծելով անբարեկարգ ու անխնամ միջավայր։
«Արդեն 3-4 տարի է ինչ փողոցն ամբողջ երկայնքով քանդված է։ Ջրատամատակարարման համակարգում վթար էր տեղի ունեցել, ջրամատակարարման ընկերությունը քանդեց փողոցը վթարը վերացնելու նպատակով, սակայն փողոցը չվերանորոգվեց», — պատմեց Անդրանիկ Մարգարյան փողոցի առաջին նրբանցքի բնակիչ Աղվան Հակոբյանը։
Նույն իրավիճակն է նաև Նազարեթյան փողոցում, որտեղ ասֆալտը կտրել հանել են ջրատար խողովակների անցկացման համար, որից հետո ասֆալտը չի վերանորոգվել և հողածածկ հատվածը խոտածածկ տարածքի է վերածվել․
«Արդեն մի քանի տարի է, որ այս հատվածը քանդել են ու չեն վերականգնել, բնակիչներով փորձում ենք փողոցը մաքուր պահել, քանի որ մեր երեխաներն են խաղում այստեղ, սակայն անձրևներից հետո ջրափոսերի ու ցեխի առաջացումը անխուսափելի է», — մեզ հետ զրույցի ընթացքում ասաց Նազարեթյան փողացի բնակիչ Արթուր Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստի ժամանակ Ախալքալաքի քաղաքապետարանի ներքին աուդիտի ծառայությունը զեկույց է ներկայացրել 2024-2025 թվականների իր աշխատանքի վերաբերյալ: Որտեղ նշվում է, որ ստուգվել են «Energo Pro Georgia»-ի և Ջրամատակարարման ընկերության կողմից ճանապարհային ծածկույթներին պատճառված վնասները։ Նոյեմբերին վերահսկողության ծառայության կողմից անցկացված մոնիթորինգից հետո պարզվել է, որ Ջրամատակարարման ընկերությունը չի վերականգնել փողոցների ասֆալտե ծածկույթի վնասը։
«Ներքին աուդիտի ծառայությունը նամակ է ուղարկել այս հարցի առնչությամբ, որին հաջորդել է Ջրամատակարարման ընկերության հետ հանդիպումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քաղաքի ասֆալտե և բետոնե ծածկույթը կվերականգնվի եղանակային պայմանների բարելավմանը զուգընթաց», — ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։
Սակայն այդ պայմանավորվածությունը մինչև հիմա չի կատարվել։
Այս մասին Jnews-ը խոսեց նաև Ախալքալաքի Սակրեբուլոյի տնտեսական զարգացման վարչության պետ Մնացական Փամբուխչյանի հետ, ումից փորձեցինք ճշտել, թե արդյոք քաղաքապետարանը ունի որևէ ինֆորմացիա քանդված փողոցների Ջրամատակարարման ընկերության կողմից վերականգման ժամկետների հետ կապված։ Մնացական Փամբուխչյանն ասաց, որ ինքն այդ ինֆորմացիային չի տիրապետում։
Թե ինչպիսի ընթացք կունենա այս խնդրի լուծումը Jnews-ը կներկայացնի հաջորդ հրապարակումներում։








