նորություններ 14 Հուլիսի, 2026 • Ախալքալաքի 3-րդ փողոցի բնակիչները պահանջում են տարրական կենսապայմաններ

Ախալքալաք քաղաքի 3-րդ փողոցի բնակիչներն արդեն երկար տարիներ ապրում են այնպիսի պայմաններում, որոնք դժվար է համատեղելի համարել 21-րդ դարի քաղաքային կյանքի հետ։ Փողոցում մինչ օրս բացակայում են կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները՝ կոյուղու համակարգը, կենտրոնացված ջրամատակարարումը, ասֆալտապատ ճանապարհն ու գիշերային լուսավորությունը։

Բնակիչների խոսքով՝ անձրևների ժամանակ փողոցը վերածվում է ցեխի, իսկ մութ ժամերին լուսավորության բացակայությունը ոչ միայն անհարմարություն, այլև անվտանգության խնդիրներ է ստեղծում։

«Շատ դեպքերում կոշիկներս վերցրել ու այլ կոշիկներով եմ գնացել ցեխերի միջով, հետո փոխել եմ կոշիկներս», — պատմում է 3-րդ փողոցի բնակիչներից մեկը։

Փողոցի բնակիչները նշում են, որ բազմիցս դիմել են Ախալքալաքի քաղաքապետարան՝ խնդրելով իրենց փողոցը ներառել բարեկարգման ծրագրերում, սակայն մինչ օրս խնդիրը լուծում չի ստացել։

«8 տարի է ապրում եմ այս փողոցում, հազար հատ դիմում եմ գրել քաղաքապետարան, սակայն բոլորն անտեսվել են»,- ասում է 3-րդ փողոցի բնակիչ Վահան Պողոսյանը։ 

3-րդ փողոցի բնակիչները կորցրել են իրենց հույսը, որ իրենց դիմումները վերջապես կարժանանան պատշաճ ուշադրության, և պատասխանատու կառույցները գործնական քայլեր կձեռնարկեն։

Jnews-ը նույնպես բազմիցս անդրադարձել է 3-րդ փողոցի խնդիրներին, այս անգամ ևս զրուցեցինք Ախալքալաքի Սակրեբուլոյի տնտեսական զարգացման վարչության պետ Մնացական Փամբուխչյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ այս հարցով պետք է դիմել Միացյալ Ջրամատակարարման ընկերությանը։ Սակայն այն հարցին, թե՞ արդյոք այս փողոցը չի մտնում մունիցիպալ զարգացման ծրագրերում և ինչքա՞ն ժամանակում է նախատեսվում այդ ծրագրերն իրագործելու համար, Մնացական Փամբուխչյանը պատասխանեց․

«Իհարկե, այդ փողոցը մտնում է մունիցիպալ զարգացման ծրագրերի մեջ, որը պլանավորվում է իրագործել առաջիկա 2-3 տարիների ընթացքում»։

Նույն հարցով մենք գրավոր դիմեցինք նաեւ Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման ընկերությանը, որտեղից սպասում ենք պատասխանի և այն ստանալուն պես անմիջապես կհրապարակենք։

Քաղաքակիրթ աշխարհում, երբ արդեն գյուղերում ասֆալտապատվում են փողոցները և լուծված են ջրամատակարարման և կոյուղու հարցերը, դժվար է հավատալ, որ Ախալքալաք քաղաքի ծայրամասային՝ «նորակառույց», փողոցում, որտեղ վերջին տարիներին նոր տներ են կառուցվում և բնակեցվում, չկան տարրական քաղաքակիրթ կյանքի բարվոք պայմաններ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝