նորություններ 10 Հուլիսի, 2026 • Ախալքալաքի երաժշտական դպրոցը կրկին վերանորոգման սպասման մեջ է

Ախալքալաքի երաժշտական դպրոցը քաղաքի ամենահին կրթական հաստատություններից մեկն է: Այն հիմնադրվել է 1950-ականների սկզբին և գտնվում է պատմական շենքում, որը մի ժամանակ պատկանել է Օհանջանյանների ընտանիքին: Տարբեր ժամանակներում շենքում տեղակայված է եղել փոստային բաժանմունքը, իսկ ավելի ուշ՝ երաժշտական դպրոցը: Շենքը երկար տարիներ է վերանորոգման կարիք ունի:

Դպրոցի սաները պարբերաբար մասնակցում են տարածաշրջանային, ազգային և միջազգային մրցույթների, որտեղ արժանանում են մրցանակների և դառնում դափնեկիրներ: Այնուամենայնիվ, չնայած սաների բարձր առաջադիմությանը, դպրոցը երկար տարիներ բախվում է լուրջ խնդրի՝ շենքի անմխիթար վիճակը: JNEWS-ը բազմիցս հաղորդել է, որ տանիքից կաթում է, շենքի մի մասը վթարային վիճակում է, իսկ դասասենյակները՝ կապիտալ վերանորոգման և թարմացման կարիք ունեն:

Հիմնանորոգման նախագիծը կրկին քննարկվում է

Շենքի հիմնանորոգման հարցը մի քանի տարի է բաց է մնում։ 2023 թվականին տեղական իշխանությունները հայտարարել էին վերակառուցման նախագծի պատրաստման մասին։ Ավելի ուշ որոշում էր կայացվել մասնակի վերանորոգումից հրաժարվել՝ հօգուտ հիմնանորոգման կամ պատմական ճակատը պահպանելով նոր շենքի կառուցման։ 2025 թվականին նախագիծը կրկին հետաձգվեց անհրաժեշտ ֆինանսավորման բացակայության պատճառով։

Այս տարի Ախալքալաքի քաղաքապետարանը կրկին հայտարարեց երաժշտական դպրոցի հիմնանորոգումն իրականացնելու ծրագրի մասին։ Մունիցիպալ իշխանությունների տվյալներով՝ քննարկվում է պատմական շենքի ամբողջական վերականգնման նախագիծը՝ պահպանելով դրա ճարտարապետական տեսքը։ Սակայն դպրոցի վերանորոգումը կիրականացնի Մունիցիպալ զարգացման հիմնադրամը, որի կայքում ներկայումս որևէ տեղեկատվություն չկա երաժշտական դպրոցի վերանորոգման վերաբերյալ։

Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով՝ Մունիցիպալ զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներն արդեն այցելել են դպրոց, սակայն նախագծի «բախտն» անհայտ է մնում։

«Մենք զննեցինք շենքը, նրանք ուսումնասիրեցին դրա վիճակը։ Մենք բացատրեցինք, որ ճակատային մասը պետք է թողնել այնպես, ինչպես կա, իսկ շենքի ներքնամասը պետք է ամբողջությամբ վերանորոգվի։ Դրանից հետո նրանք գնացին։ Մենք այլ տեղեկություններ չունենք՝ արդյոք նրանք սկսել են աշխատանքները նախագծի վրա, թե՞ մրցույթ է հայտարարվել՝ մենք տեղյակ չենք։ Այս պահին այլ տեղեկություններ չկան։ Շենքի ներքին մասը պահանջում է հիմնովին նորոգում՝ ժամանակակից չափանիշներին համապատասխանելու համար։ Աշխատանքների սկսվելուց առաջ նրանք պետք է ներկայացնեն նախագիծ և ստանան հաստատում։ Դա դեռ տեղի չի ունեցել», — ասաց Արա Մովսիսյանը։

Անցյալ տարիների խոստումները

Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը հայտարարել էր, որ վերակառուցման նախագիծն արդեն պատրաստ է: Այդ ժամանակ նախագծողներն այցելել էին դպրոց և քննարկել բոլոր հարցերը դպրոցի ղեկավարության հետ: Ծրագիրը նախատեսում էր պահպանել շենքի պատմական ճակատը և ամբողջությամբ հիմնանորոգել հետևի հատվածը, որտեղ կային քանդված մասեր: Աշխատանքները նախատեսվում էր ավարտել մինչև 2023 թվականի ավարտը:

Այնուամենայնիվ, հետագայում որոշում կայացվեց հրաժարվել մասնակի վերանորոգումից և փոխարենը իրականացնել շենքի ամբողջական վերակառուցում: Չնայած դրան, խնդիրը չլուծվեց ո՛չ 2023 թվականին, ո՛չ էլ 2024 թվականին:

Ինչպե՞ս կգործի դպրոցը հնարավոր վերանորոգման ընթացքում

Հարցը, թե ինչպես կազմակերպել կրթական գործընթացը հնարավոր վերանորոգման ընթացքում, ևս մնում է բաց։ Անցյալ ուսումնական տարում Ախալքալաքի երաժշտական դպրոց է հաճախել 167 աշակերտ, որոնցից 34-ն ավարտել են այն։ Դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանի խոսքով՝ ամեն տարի մոտ 40 երեխա է ընդունվում առաջին դասարան։

Տնօրենի խոսքով՝ նույնիսկ եթե վերանորոգումները սկսվեն, կրթական գործընթացը չի դադարի։

«Եթե վերանորոգումները սկսվեն, մենք արդեն որոշել ենք, որ կկարողանանք տեղաբաշխվել այլ հաստատություններ և շարունակել ուսուցումը։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք դասերն անցկացնել տանը՝ մենք արդեն նման փորձ ունեցել ենք։ Մենք ունենք շարժական երաժշտական գործիքներ, ուստի մենք լուծում ենք այս հարցը։ Ամենակարևորը, որ վերանորոգումնծը վերջապես սկսվի։ Առավել ևս, հիմնադրամի ներկայացուցիչներն արդեն այցելել և զննել են դպրոցը», — ասում է Սվետլանա Կարոյանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝