Օլավերդում չեն դժգոհում իրենց գյուղի պայմաններից։ Ասում են՝ կարևորը խաղաղ ապրեն։ Սակայն երիտասարդներից շատերը բարձրագույն կրթություն ստանալուց հետո չեն վերադառնում, քանի որ գյուղում աշխատատեղ չկա։
Ջավախքի լեռների գրկում, կանաչ բնության ու խաղաղության մեջ թաքնված Օլավերդ գյուղը առաջին հայացքից սովորական գյուղ է թվում։ Սակայն այստեղ անցկացրած ընդամենը մի քանի ժամը բավական է հասկանալու, որ գյուղն ունի իր առանձնահատուկ հմայքը։ Գյուղի նեղ փողոցներում տիրում է հանգիստը, իսկ բակերից լսվող երեխաների ձայները խառնվում են սարերից եկող քամու սուլոցին։ Գյուղի մատուռի հարևանությամբ են հավաքվում տարեցները, ովքեր պատրաստ են սիրով պատմելու իրենց գյուղի, ավանդույթների ու առօրյայի մասին։
Հարցին, թե ինչ խնդիրներ ունեն գյուղում, պապիկները ժպտալով պատասխանում են․
«Ինչ խնդիր, ձագ ջան, խնդիր որտեղ չկա, գոհ լինենք, որ խաղաղ ապրում ենք»։
Այսօր գյուղում ապրում է մոտ 150 ընտանիք։ Գյուղում մանկապարտեզ չկա, երեխաները Բարալեթ գյուղում են մանկապարտեզ հաճախում։ Իսկ գյուղի հանրային դպրոցում սովորում է 89 աշակերտ։
«Այս տարի դպրոցն ավարտեց 3 աշակերտ, բայց դպրոց ենք ընդունել 8 առաջին դասարանցի, ինչն ուրախալի փաստ է բոլորիս համար», — Jnews-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Հովհաննես Սրաբյանը։
Այն հարցին, թե դպրոցն ավարտելուց հետո երեխաները շարունակում են արդյո՞ք ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում, Հովհաննես Սրաբյանը պատասխանեց․
«Այս տարվա շրջանավարտներն էլ չեն շարունակելու ուսումը, նրանք տղաներ են, սակայն անցած տարի 12 շրջանավարտ ունեինք, նրանցից հինգն ընդունվել է ԲՈՒՀ։ Այդ դասարանից մեկ աղջիկ էլ այս տարի ընդունվեց համալսարան, այսինքն՝ 12 աշակերտից 6-ը ուսումը շարունակում է բարձրագույն ուսումնական հաստատությունում»։
Երիտասարդները հիմանակում նախընտրում են բարձրագույն կրթություն ստանալ Թբիլիսիում։
Հովհաննես Սրաբյանի հետ խոսեցինք նաև երտասարդների հետագա զբաղվածության, գյուղ վերադառնալու կամ մեծ քաղաքներում աշխատելու մասին։
«Գյուղում միակ աշխատատեղը կարելի է ասել գյուղի դպրոցն է, որտեղ էլ թափուր աշխատատեղեր այս պահին չկան։ Անցած տարի աշխատանքի ընդունել ենք Թբիլիսիում կրթություն ստացած մի աղջկա, սակայն այլև չունենք ազատ տեղեր։ Կան երիտասարդներ, ովքեր ուսումն ավարտելուց հետո աշխատանք են գտնում մեծ քաղաքներում, որոշներն էլ վերադառնում են հայրենի գյուղ և զբաղվում են ընտանեկան գործերով կամ մեկնում են արտագնա աշխատանքների»։
Օլավերդ գյուղի բնակիչների հետ խոսելիս պարզ դարձավ, որ երիտասարդները բարձրագույն կրթություն ստանում են ինչպես Երևանում, այնպես էլ Թբիլիսիում, թեպետ ինչպես նշեցին, վերջին տարիներին ավելի շատ ձգտում են Թբիլիսիում սովորել․ «Երևանում սովորածները դժվար են աշխատանք գտնում մեզ մոտ, այնտեղ սովորելուց հետո մնում են այնտեղ, իսկ Թբիլիսիում սովորածների համար ավելի հեշտ է աշխատանք գտնել մեզ մոտ», ասաց Օլավերդ գյուղի բնակիչ Աշոտը։
Այն հարցին, թե արդյո՞ք երիտասարդները կրթություն ստանալուց հետո վերադառնում են գյուղ, թե՞ ձգտում են մնալ մեծ քաղաքներում, Օլավերդ գյյուղի բնակչուհիներից Աննա Քուրդողլյանը պատասխանեց․ «Հիմա աղջիկս ուսանող է, լավ սովորում է Թբիլիսիի պետական համալսարանում, եթե լավ աշխատանք գտնի բնականաբար կմնա այնտեղ։ Ես ինքս շատ եմ ցանկանում, որ այնտեղ ապրի ու աշխատի։ Գյուղում բան չկա, մի դպրոց ունենք, այդտեղ էլ թափուր աշխատատեղ չկա»։
Այսպիսով, Օլավերդի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտի ճանապարհը տարբեր է։ Ոմանք գնում են՝ կրթություն ստանալու և վերադառնալու ակնկալիքով, ոմանք՝ նոր կյանք կառուցելու, իսկ ոմանք էլ տարիներ անց կրկին վերադառնում են գյուղ՝ արդեն նոր փորձով ու գիտելիքներով։
Այս գործընթացը կարևոր հարց է առաջացնում․ ինչպիսի՞ պայմաններ պետք է ստեղծվեն գյուղում, որպեսզի երիտասարդները ոչ միայն կրթություն ստանան, այլև ցանկանան վերադառնալ ու իրենց ապագան կառուցել հենց այստեղ։
Գյուղի ապագան մեծապես կախված է երիտասարդներից։ Եթե նրանք հեռանում են և այլևս չեն վերադառնում, գյուղը կորցնում է իր ամենակարևոր ռեսուրսը՝ կրթված, ակտիվ և նախաձեռնող սերունդը։ Իսկ եթե գյուղում լինեն աշխատանքի, ինքնազարգացման և սեփական նախաձեռնություններ իրականացնելու հնարավորություններ, կրթություն ստացած երիտասարդների վերադարձը կարող է դառնալ համայնքի զարգացման կարևոր շարժիչ ուժ։
Օլավերդի երեխաների պատմությունները, փաստորեն, միայն մեկ գյուղի մասին չեն։ Դրանք ամբողջ տարածաշրջանի երիտասարդների կյանքի ճանապարհի մասին են․ դպրոցից՝ դեպի Երևան կամ Թբիլիսի, կրթությունից՝ դեպի աշխատանք, իսկ երբեմն էլ՝ մեծ քաղաքից կրկին դեպի հայրենի գյուղ։











