Սուլդա գյուղի նախաձեռնող խումբը նամակ-խնդրագիր է կազմել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ խնդրելով նրան լուծել Ախալքալաք-Կարծախ ճանապարհի ծայրահեղ ծանր վիճակը, քանի որ բնակիչներն այլևս չեն կարողանում հանդուրժել դրա անանցանելի վիճակը, որը զգալիորեն ազդում է տեղի բնակչության կյանքի որակի վրա։
Նախքան դիմում ներկայացնելը, նախաձեռնողները որոշեցին կիսվել իրենց նախաձեռնությամբ, որպեսզի մյուսները կարողանան միանալ նամակին, քանի որ գիտեն, որ շատ մարդիկ խորապես դժգոհ են ճանապարհի վիճակից։ Jnews-ը հրապարակում է դիմումի նամակի տեքստը և նաև հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են միանալ հարցմանը, նշել իրենց անունը և բնակության վայրը կից ձևում.
Նամակը կուղարկվի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, իսկ պատճենները նախատեսում են ուղարկել Վրաստանի ճանապարհների դեպարտամենտին և Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը։
Մեջբերում ենք նամակի ամբողջական տեքստը, որը ստացողներին կուղարկվի հուլիսի 6-7-ը.
«Մենք՝ Ախալքալաք քաղաքի և գյուղերի բնակիչներս, ովքեր ապրում ենք Ախալքալաք-Կարծախի մայրուղու մոտ, ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ Ախալքալաք-Կարծախի ճանապարհի վիճակն ավելի քան երեք տարի է, ինչ ծայրահեղ վատ է։ Ճանապարհային ժամանակավոր հարթեցումներն անարդյունավետ են, դրանք տևում են մինչև առաջին անձրևը, իսկ հետո ավելի են վատթարացնում ճանապարհի վիճակը։
Մենք՝ այս ճանապարհով ստիպված երթևեկող մարդիկ, հանդուրժում ենք անտանելի անհարմարություններ։ Մենք՝ տրանսպորտային միջոցներ չունեցող բնակիչներս, չենք կարող գնալ մունիցիպալ կենտրոն, քանի որ նույնիսկ տաքսիները հրաժարվում են գնալ մունիցիպալիտետի այս հատվածում գտնվող գյուղեր։ Իսկ նրանք, ովքեր ունեն տրանսպորտային միջոց, ամեն անգամ առնվազը վնասում են իրենց մեքենաների անվադողերը։
Արտակարգ իրավիճակում, չնայած շտապօգնության մեքենայի ժամանմանը կարող է պահանջվել 15-20 րոպե, ճանապարհների անանցանելի վիճակը կարող է երկարացնել սպասման ժամանակը 1.5-ից մինչև 2 ժամ, ինչը սպառնում է հիվանդի կյանքին և նրա վիճակին։ Վտանգի տակ են մոտակա գյուղերի բոլոր բնակիչների կյանքն ու բարօրությունը։
Պարզապես անտանելի է մնալ այս իրավիճակում, բայց մենք այլ ելք չունենք։ Մենք չենք կարող չգնալ մունիցիպալ կենտրոն, մեր գյուղերն այդքան էլ լավ չեն ապահովված բոլոր ծառայություններով և ապրանքներով, որ հազվադեպ մեկնենք մունիցիպալ կենտրոն։
Այն տարածքում, որտեղ ասֆալտե շերտը հեռացվել է, և աշխատանքները դադարեցվել են, այնքան խիտ փոշի է բարձրանում, որ շնչելն անհնար է։ Մենք՝ Ախալքալաք-Կարծախ մայրուղու սկզբում ապրող մարդիկ, ամեն օր և ամեն րոպե տառապում ենք այս փոշուց։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ այս տարի այս ճանապարհի վերականգնումը նախատեսված էր միայն որոշ հատվածների համար, բայց ամբողջ ճանապարհը պահանջում է մանրակրկիտ վերականգնում։ Մենք նաև խնդրում ենք, որ հնարավորինս շուտ վերանորոգեք/վերականգնեք ողջ Ախալքալաք-Կարծախ ճանապարհը։
Մենք՝ Սուլդա գյուղի նախաձեռնող խումբը, որոշել ենք դիմել Ձեզ՝ հույս ունենալով, որ մենք կլինենք լսելի, և որ Դուք միասին արագ լուծում կգտնեք մեր խնդրի համար, քանի որ մենք այլևս չենք կարող հանդուրժել դա։
Մենք այս նամակը նաև հանրային ենք դարձնում, քանի որ գիտենք, որ շատ մարդիկ ցանկանում են միանալ և օգնություն խնդրել Ձեզանից»։
Այս դիմումին միանալ ցանկացող յուրաքանչյուր մարդու, խնդրում ենք անցնել հետևյալ հղումով և նշել ձեր անունն ու բնակության վայրը (Դուք կարող եք ավելացնել ձեր անունը, կամ խնդրել ձեր ընկերներին ավելացնել ձեր անունը կամ էլ կապ հաստատել Jnews-ի հետ՝ օգտագործելով կապի ցանկացած միջոց՝ Facebook, Instagram, Telegram, WhatsApp, էլեկտրոնային փոստ կամ այլ):



