Ամառը շատերի համար հանգստի, ճանապարհորդությունների և նոր տպավորությունների շրջան է։ Սոցիալական ցանցերը լցվում են ծովափնյա լուսանկարներով, հյուրանոցային առաջարկներով ու ճամփորդական պատմություններով։ Սակայն Ախալքալաքում այս գեղեցիկ պատկերի կողքին հաճախ հնչում է մեկ հարց․ կարո՞ղ է արդյոք միջին եկամուտ ունեցող ընտանիքն իրեն թույլ տալ մեկ շաբաթ հանգիստ ծովում։
Ախալքալաքում բազմաթիվ ընտանիքների եկամուտները հիմնականում ձևավորվում են գյուղատնտեսությունից, սեզոնային աշխատանքից կամ արտագնա աշխատանքի արդյունքում ստացվող միջոցներից։ Այդ պատճառով շատերի համար ամառային հանգիստը դառնում է ոչ թե անհրաժեշտություն, այլ շքեղություն։
Միևնույն ժամանակ կան ընտանիքներ, որոնք ունեն աշխատանք և ամբողջ տարվա ընթացքում խնայողություններ են անում հենց ամառային հանգստի համար։ Ոմանք նախընտրում են մի քանի օրով մեկնել Վրաստանի սևծովյան քաղաքներ, մյուսները՝ Եգիպտոս կամ եվրոպական այլ երկրներ։
Jnews-ը փոքրիկ հարցում անցկացրեց ինչպես տարբեր հաստատությունների աշխատակիցների, այնպես էլ գյուղատնտեսությամբ կամ արտագնա աշխատանքով զբաղվող ախալքալաքցիների շրջանում։ Մենք փորձեցինք հասկանալ, թե արդյոք կարո՞ղ է միջին աշխատավարձ և եկամուտ ունեցող ախալքալաքցին մեկ շաբաթվա ծովափնյա հանգիստ ունենալ։
Ախալքալաքի հիվանդանոցի բուժքույրերից մեկը մեզ ասաց, որ ամեն տարի խնայողություններ է արել ծով գնալու համար․ «Երեխաներս ծով շատ են սիրում, փորձում եմ ամեն տարի գումար հավաքել ծով գնալու համար, սակայն այս տարի չկարողացա, ընթացիկ ծախսերս շատ էին։ Հույս ունեմ գոնե արձակուրդիս օրերին կկարողանամ որևէ տուրով Արևմտյան Հայաստան գնալ»։ Այն հարցին, թե ինչքան գումար է պետք երեխաների հետ մեկ շաբաթ ծովում հանգստանալու համար, նա պատասխանեց․ «Եթե մենակ ես ընկերուհիներիս հետ գնամ, գոնե 1000 լարի պետք է ունենամ, իսկ երեխաներիս հետ 2500 լարի գումար է հարկավոր մեկ շաբաթ հանգստանալու համար»։
Խոսեցինք նաև Գանձայից մանկավարժների ընտանիքի հետ․ «Ապրում ենք գյուղում, ես ու ամուսինս աշխատում ենք դպրոցում՝ ուսուցիչներ ենք։ Մեր աշխատավարձը բավարար չէ արձակուրդներին ընտանիքով ծովում հանգստանալու համար։ Մանկավարժը իր աշխատավարձով ծովում հանգստանալ կկարողանա, եթե շատ դասաժամեր ունենա, հակառակ դեպքում եկամուտի այլ աղբյուր է հարկավոր»։
Գանձա գյուղի մեկ այլ բնակչուհու խոսքով, իրենք ամեն տարի մինչեւ խոտհունձը գնում են ծով․ «Մենք զբաղվում ենք գյուղատնտեսությամբ, ամեն տարի մինչև խոտհնձի սկսվելը գնում ենք ծով, երեխաներս ծով շատ են սիրում։ Դրանից հետո զբաղվում ենք գյուղի գործերով»,- ասաց նա։
«Ամուսինս գնում է արտագնա աշխատանքի, ամեն տարի ծովի սեզոնին կամ սեպտեմբեր ամսին գալիս էր, որ ընտանիքվ հանգստանալու գնայինք։ Սովորաբար Ուռեկի ենք գնում։ Բայց այս տարի տղաս ավարտեց դպրոցը, ծախսերը շատացան, եղան նաև այլ հանգամանքներ, այդ պատճառով այս տարի չենք կարողանա գնալ ծով», — ասաց Անահիտը։
Ախալքալաք քաղաքի մեկ այլ բնակչուհի էլ ասաց, որ ընտանիքում միայն ամուսինն է աշխատում և ամառային հանգիստ կազմակերպելն իրենց բավականին բարդ է տրվում։
«Ծով գնալ չենք կարող մեզ թույլ տալ, քանի որ մեծ ծախսերի հետ է կապված, սակայն փոքր ճամփորդություններ փորձում ենք կազմակերպել ամուսնուս հետ։ Քանի որ հիմա բալիկի ենք սպասում, որոշել ենք մի քանի օրով այս ամառ գնալ Բակուրիանի մաքուր օդ շնչելու և առօրյաից կտրվելու համար»,- ասաց նա։
«Փորձում եմ ամեն տարի կազմակերպել ծովափնյա հանգիստ։ Աշխատում եմ մանկապարտեզում, սակայն այդ աշխատավարձը շատ քիչ է ամառային հանգիստ ունենալու համար։ Ունեմ կողմնակի այլ եկամուտ և դրա շնորհիվ կարող եմ ինձ ու երեխայիս համար ծովափնյա հանգիստ կազմակերպել», — մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի մանկապարտեզներից մեկի աշխատակիցը։
Jnews-ի հարցումից պարզ է դառնում, որ Ախալքալաքում մարդկանց մեծամասնությունն ի վիճակի չէ ամառային հանգստի մեկնել։



