Ասպինձայի մունիցիպալիտետի միակ հայաբնակ Դամալա գյուղում ներգաղթը տարեց տարի աճում է։ Տասնամյակներ առաջ գյուղից հեռացած դամալացիները ոչ միայն վերադառնում են, այլեւ նոր տուն են կառուցում։ Այս գյուղում տարեց թե երիտասարդ, բոլորը միաբերան վստահեցնում են, որ ոչ մի խնդիր չունեն, նույնիսկ զարմանում են մեր հարցից։
Դամալան հայտնի է իր աշխատասեր մարդկանցով, բերրի հողերով, գեղատեսիլ տեսարաններով և հայկական հարուստ ավանդույթներով։
Գյուղի բնակիչները վստահեցնում են, որ տարեց տարի գյուղը շենանում ու բարեկարգվում է, ինչի շնորհիվ այսօր Դամալայում նկատվում է մի առանձնահատուկ և հուսադրող երևույթ։ Տասնամյակներ առաջ աշխատանք փնտրելու նպատակով Ռուսաստան կամ այլ երկրներ մեկնած շատ դամալացիներ այսօր վերադառնում են իրենց հայրենի գյուղ։
Ինչպես նշեց Դամալա գյուղում Ասպինձայի քաղաքապետի ներկայացուցիչ Մարտին Կերեկցյանը, այս պահին գյուղում մոտավորապես 1200 մարդ է ապրում, որոնք հիմնականում զբաղվում են հողագործությամբ և գյուղատնտեսությամբ, ոմանք մեկնում են արտագնա աշխատանքի, բայց նաեւ վերադառնում են։
«Այս ամենին զուգահեռ, մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին շրջանում նկատվում է նոր տների կառուցում գյուղում։ Կարևոր փաստն այն է, որ ոչ թե վերանորոգվում են հին տները, այլ նորերն են կառուցվում», — ասաց Մարտին Կերեկցյանը։
Մարտին Կերեկցյանի և գյուղացիների խոսքերով, գյուղում նոր տներ են կառուցում տասնամյակներ առաջ գյուղից աշխատանքի նպատակով այլ երկրներ տեղափոխված մարդիկ։
«3 տուն անցած տարի կառուցեցին, 5 տուն էլ այս տարի են կառուցում։ Սա շատ ուրախալի փաստ է», — ասաց Մարտին Կերեկցյանը։
Դամալայում վստահ են, որ այս վերադարձը կարևոր ուղերձ է նաև երիտասարդ սերնդին։ Այն ցույց է տալիս, որ նույնիսկ երկար տարիներ արտերկրում ապրելուց հետո հնարավոր է վերադառնալ արմատներին և ներդրում ունենալ սեփական գյուղի զարգացման մեջ։
Յուրաքանչյուր նոր տուն Դամալայում ոչ միայն շինություն է, այլև վստահության, հույսի և գյուղի վաղվա օրվա խորհրդանիշ։
«Երիտասարդների մեծ մասը վերադառնում է գյուղ, իհարկե՝ կան որոշները, ովքեր գերադասում են մնալ մեծ քաղաքներում, սակայն հիմնական մասը վերադառնում է»,- Jnews-ին ասաց Ասպինձայի սակրեբուլոյի պատգամավոր Էմին Գալոյանը։
Վերջինս խոսեց նաև գյուղում իրականացվելիք առաջիկա ծրագրերի մասին, որտեղ հատկանշական էր այն փաստը, որ գյուղում պլանավորում են թանգարան կառուցել, որտեղ կպահվեն գյուղի հնությունները, որոնք քիչ-քիչ վերացվում են վերանորոգումներին ու բարեկարգումներին զուգահեռ։
Քայլելով գյուղի փողոցներով, փորձեցինք հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն։ Գյուղամեջում և մշակույթի տան դիմաց հավաքված գյուղացիներն ասացին.
«Խնդիր չունենք, փողոցները ասֆալտապատ են, գիշերները լուսավոր է, զբաղմունք ունենք»։
Իսկ իր տան բակում գործ անող կինը փոքր ինչ շփոթված պատասխանեց. «Ի՞նչ խնդիր, գյուղում խնդիր չունենք, ամեն բան լավ է, աշխատում ապրում ենք։ Գյուղի փողոցները ասֆալտապատ են, նույնիսկ կամուրջ են կառուցում, գոհ ենք մեր գյուղի պայմաններից, մերը շրջանի ամենալավ գյուղն է»։
Արսենը 13 տարեկան պատանի է, նրա հետ ծանոթացանք, երբ մեզ ուղեկցում էր գյուղի փողոցներով։ Այն հարցին, թե որտեղ է ուզում նա ապրել, երբ մեծանա Արսենը պատասխանեց.
«Երբ մեծանամ գնալու եմ Ռուսաստան` հոպարիս մոտ, բայց անպայման հետ եմ գալու, մեր գյուղը շատ եմ սիրում»։
Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին և մինչ օրս պահպանել է իր ինքնությունն ու համայնքային ամուր ոգին։ Այն շրջապատված է անտառներով և ունի մեղմ կլիմա, որը նպաստավոր է այգեգործության և բանջարաբուծության համար։









