նորություններ 23 Հունիսի, 2026 • Գանձայի Սուրբ Հովհաննես լեռը եւ համանուն մատուռը (Photo)

Ջավախքի սրտում՝ Գանձա գյուղում, վեր է խոյանում Ժամին սարը, նույն ինքը՝ Սուրբ Հովհաններս լեռը, որի գագաթին է գտնվում համանուն մատուռը։ Այս լեռը ոչ միայն բնության գեղեցիկ անկյուն է, այլև ուխտավայր, որը սերունդներ շարունակ եղել է տեղի հայ բնակչության հավատքի և ինքնության խորհրդանիշը։

9

Լեռը իր մատուռով շատ կարևոր դեր է ունեցել տեղացիների կյանքում հատկապես խորհրդային տարիներին, երբ եկեղեցի գնալը արգելվում էր։ Գանձացիները գիշերով, թաքուն բարձրանում էին լեռը՝ մատուռում աղոթելու և իրենց հոգևոր կապը Աստծո հետ պահելու համար։

2

Լեռան զորավոր ուժի մասին պատմությունները մինչև օրս պահպանվում են։ Գանձա գյուղի մեծերը պատմում են, որ նախկինում նույնիսկ երեխա ունենալու ուխտով են լեռը բարձրացել։ Եվ կանայք, ովքեր երկար ժամանակ երեխա չեն ունեցել, հղիացել են ուխտագնացությունից հետո։

1

Մինչև հիմա Ժամին սարը գանձացիների ու հարակից գյուղերի բնակիչների ամենասիրելի ուխտատեղին է, և համարվում է Գանձա գյուղի խորհրդանիշերից մեկը։

8

Լեռ բարձրանալու ճանապարհն անցնում է ալպիական մարգագետիններով, որտեղ ամռանը տարածվում են հազարավոր ծաղիկների բույրերը, իսկ վերևից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Ջավախքի սարահարթը, գյուղերը և հեռավոր լեռնաշղթաները, Սաղամո և Փարվանա լճերը։ Բարձրադիր դիրքի շնորհիվ այստեղ կարելի է զգալ բնության խաղաղությունն ու լռությունը, որոնք հատուկ են Ջավախք լեռնաշխարհին։

5

Այսօր Սուրբ Հովհաննես լեռը դարձել է նաև զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն։ Այստեղ այցելողները հնարավորություն են ունենում միաժամանակ ծանոթանալ Ջավախքի բնությանը, պատմությանը և հոգևոր ժառանգությանը։ Լեռան գագաթից բացվող համայնապատկերը հատկապես տպավորիչ է արևածագի և մայրամուտի ժամերին, երբ ամբողջ Ջավախքը պատվում է ոսկեգույն լույսով։

4

Սուրբ Հովհաննես լեռը Գանձայում պարզապես աշխարհագրական բարձրություն չէ. այն հիշողության, հավատքի և ազգային ինքնության կենդանի խորհրդանիշ է, որտեղ բնությունն ու հոգևորը միահյուսվում են մեկ ամբողջության մեջ՝ պահպանելով Ջավախքի հայության դարավոր ավանդույթները։

6

Վերատպման կանոն