Վրաստանում յուրաքանչյուր բիզնես առևտրային հարթակ դրամարկղային ապարատի (սարքի) միջոցով է իրականացնում իր բիզնեսը։ Ախալքալաքում նույնպես յուրաքանչյուր խանութ, գեղեցկության սրահ, սպասարկման կենտրոն և այլն պարտադիր աշխատում է այս համակարգով, սակայն՝ թե Ախալքալաքում, թե հարեւան մունիցիպալիտետում՝ Նինոծմինդայում, չկա դրամարկղային ապարատները սպասարկող որևէ կենտրոն, ինչն էլ մեծ անհարմարություններ է պատճառում տեղական բիզնեսներին։
Ախալքալաքի արտադրամասերից մեկի ներկայացուցիչը մեզ հետ զրույզում ասաց, որ վերջերս իր դրամարկղային ապարատն ունեցել է ծրագրային խնդիր, որը կարգավորելու համար ստիպված է եղել հասնել մինչև Ախալցիխե։
«Աշխատանքային շատ խիտ գրաֆիկ ունեմ, փոքր խնդիրը լուծելու համար կորցրել եմ կես օր, ճանապարհածախսի մասին էլ չեմ խոսում»,- ասաց նա։
«Լրացել էր սարքի հիշողությունը, 5 րոպեի գործ էր, մեքենա չունեմ, տրանսպորտով գնացի, սպասեցի այնտեղից հետ եկող տրանսպորտին։ Ամբողջ օրս կորցրեցի, ստիպված էի գեղեցկության սրահս փակել։ Կարող է լինել նաև հակառակը, որ մինչև ապարատի հետ կապված աշխատանքն անեն, Ախալքալաք երթեւեկող տրանսպորտը գնա և դու մնաս տաքսու հույսին, ինչն էլ հավելյալ ծախս է», — մեզ հետ զրույցի ընթացքում ասաց Ախալքալաքի հայտնի գեղեցկության սրահներից մեկի սեփականատերը։
Jnews-ը կապ հաստատեց դրամարկղային ապարատներն սպասարկող GSN ընկերության հետ։ Ընկերության ներկայացուցիչը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում ասաց, որ իրենց բազմիցս դիմել են այս հարցով։
«Ընկերությունը տեղյակ է, որ Ախալքալաքում կա սպասարկման խնդիր, մենք մտածում ենք սպասարկման կենտրոն բացելու մասին, սակայն դեռևս հստակ որևէ ժամանակ չենք կարող նշել»։
Այն հարցին, թե կա՞ արդյոք որևէ խնդիր, որ մենք մինչ այս չունենք դրամարկղային ապարատները սպասարկելու կենտրոն, աշխատակիցը պատասխանեց․
«Մենք գիտենք, որ կարիք կա, բայց չունենք հնարավորություն ամենուր գրասենյակ բացելու»։
Jnews-ն իր հարցումների ընթացքում բացահայտեց, որ մեր քաղաքում կա մարդ, ով սեփական նախաձեռնությամբ զբաղվում է դրամարկղային ապարատների սպասարկման հարցերով։
Քրիստինա Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ զբաղվում է ապարատների մասնակի սպասարկման հարցերով։
«Ես օգնում եմ մարդկանց, նախնական հասկանալու, թե ինչ խնդիր ունի ապարատը։ Եթե խնդիրը ծրագրային է, և ունի ժամերի կամ ամսաթվերի հետ կապված խնդիր, ես կարող եմ դրանք լուծել, այլ խնդիրների դեպքում ուղղորդում եմ Ախալցիխե»։
Հատկանշական է, որ այս խնդրի մասին Ախալքալաքում տարիներ շարունակ բարձրաձայնում են, սակայն…


