Ախալքալաքի մունիցիպալիտետի ճանապարհների փոսային նորոգումը դժգոհություն է առաջացնում տեղի բնակիչների և վարորդների շրջանում։ Ախալքալաք-Կոթելիա հատվածում կտրված փոսերը մեկ ամսից ավելի է մնում են չասֆալտապատված՝ ստեղծելով անհարմարություններ և պոտենցիալ վտանգ մեքենանների տեղաշարժի համար։ Միևնույն ժամանակ, Սակրեբուլոյում, աշխատանքները ձգձգելու համար, քննադատում են կապալառուին և պահանջում ավելի խիստ վերահսկողություն վերանորոգման որակի նկատմամբ։
Ախալքալաք-Կոթելիա-Բակուրիան ճանապարհը, որը տանում է դեպի Ախալքալաքի մունիցիպալիտետի հյուսիսային մասի գյուղեր, միջազգային ճանապարհ է և գտնվում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի իրավասության ներքո։ Այս գործակալությունն է պատասխանատու դրա պահպանման և վերանորոգման համար։
Ճանապարհների դեպարտամենտի կողմից հայտարարված մրցույթի համաձայն, այս հատվածում փոսային նորոգումը իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։
Մեկ ամսից առաջ ընկերությունը սկսել էր Ախալքալաքից մինչև Կոթելիա գյուղ տանող հատվածի վերանորոգման աշխատանքները։ Ճանապարհի ամբողջ երկարությամբ, հետագա վերանորոգման համար, ասֆալտը հատվածներով կտրվել է։ Կոթելիա գյուղում փոսերը դեռ չեն նախապատրաստվել, կտրվել, բայց այդ ճանապարհը նույնպես վերանորոգման կարիք ունի։
Ախալքալաքից մինչև Թոթխամ գյուղ տանող հատվածում վերանորոգումն արդեն ավարտվել է, չնայած ասֆալտապատումն այնտեղ նույնպես մեկ շաբաթ ուշացումով է կատարվել։ Թոթխամ և Կոթելիա գյուղերի միջև իրավիճակը շարունակում է խնդրահարույց մնալ, մեկ ամսից ավելի առաջ կտրված փոսերը դեռևս չեն ասֆալտապատվել։
Տեղի բնակիչների և վարորդների խոսքով, այս հատվածները զգալի անհարմարություններ են ստեղծում մեքենաների տեղաշարժի համար։ Վարորդները ստիպված են դանդաղել և ծայրահեղ զգույշ լինել, իսկ հանդիպակաց մեքենաները հաճախ զիջում են միմյանց, որպեսզի մեքենաները շրջանցեն վնասված տարածքները և չվնասեն տրանսպորտային միջոցները։
Բնակիչները նաև նշում են, որ նախապատրաստական աշխատանքները վատ են կատարվել, փոսերը կտրվել են ոչ խորը, տեղ-տեղ՝ անհավասար և, նրանց կարծիքով, չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին։ Հետևաբար, կասկածում են հետագա ասֆալտի ծածկի երկարատևության հարցում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը հայտնեց, որ իրավիճակը չի կարող մեկնաբանել, քանի որ ճանապարհի այս հատվածը գտնվում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի իրավասության ներքո։
Խմբագրությանը չհաջողվեց կապ հաստատել կապալառուի հետ: Պետական գնումների կայքում նշված հեռախոսահամարն անհասանելի էր: Ճանապարհային դեպարտամենտը պարզաբանեց իրավիճակը և պատասխանեց հետևյալ կերպ.
«Ճանապարհի վերանորոգումը կսկսվի մեկ շաբաթից, և ճանապարհը շուտով կարգի կբերվի»:
Արագվա գյուղից դեպի Գոման գյուղ տանող ճանապարհը նույնպես վերանորոգման կարիք ունի: Չնայած ասֆալտապատ լինելուն, բազմաթիվ փոսեր են առաջացել, որոնք դժվարացնում են մեքենաների տեղաշարժը:
Տեղացի տաքսու վարորդներից մեկն ասաց, որ ճանապարհին այնպիսի խորը փոսեր են առաջացել, որոնք վտանգավոր են վարորդների համար:
« Ուշադիր չլինենք, կարող ենք լուրջ վնասել մեքենան», — ասում է նա։
Ճանապարհի այս հատվածը գտնվում է տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության ներքո։ Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից հայտարարված փոսային նորոգման մրցույթը ևս շահել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։
Սակրեբուլոյի վերջին նիստում պատգամավորներն առաջարկեցին գյուղական ճանապարհները ևս ներառել փոսային նորոգման ծրագրում։ Նրանք հետաքրքրվեցին մունիցիպալիտետում վերանորոգման աշխատանքների ուշացման պատճառներով, քննադատեցին «ՋավախԱվտոԳզա»-ին՝ ոչ ժամանակին, իրենց կարծիքով, անորակ աշխատանքների համար, և պահանջեցին ուժեղացնել վերահսկողությունը կապալառուի գործունեության նկատմամբ։








