Աուտիզմը հիվանդություն չէ, այլ նյարդաբանական զարգացման առանձնահատկություն, որը տարբեր կերպ է արտահայտվում յուրաքանչյուր մարդու մոտ։ Նախկինում Ախալքալաքում, եթե այն համարվում էր քիչ ուսումնասիրված կամ սխալ ընկալվող երևույթ, ապա այսօր մեր հասարակությունը աստիճանաբար ավելի տեղեկացված ու գիտակից է դառնում։ Սակայն ճիշտ զարգացման համար, կարևոր է, որ հասարարկության բոլոր անդամները լինեն տեղեկացված, ճիշտ ընկալեն, չվախենան և չդժվարացնեն առաձնահատկություններ ունեցող մարդկանց կյանքը:
Հասարակության ընկալման փոփոխության, ինչպես նաև աուտիզմը որպես դատավճիռ չընկալելու մասին այս անգամ զրուցել ենք հոգեբան Զարինե Զադոյանի և ծնող Լուսինեի հետ, ով երեխայի աուտիզմ ունենալու փաստն ընկալում է որպես առանձնահատկություն, ոչ թե դատավճիռ։
Զարինե Զադոյանն արդեն 4 տարի է ինչ աշխատում է Ախալքալաքի «Քայլեր» զարգացման կենտրոնում, որը հիմնադրել է 2022 թվականին Գիորգի Մելիքիձեն իր ընտանիքի հետ։ Այն հարցին, թե ինչ դժվարությունների է հանդիպել իր գործնեության ընթացքում, նա պատասխանում է, որ աշխատանքի ընթացքում շատ դժվարությունների չի հանդիպել, բայց երբեմն դժվարությունը ոչ թե երեխայի, այլ ծնողի հետ է կապված։ Երբեմն դժվար է օգնել ծնողին անցնել «մերժման» փուլը և ընդունել երեխայի առանձնահատկությունները, որպեսզի կարողանանք համագործակցելով աշխատել։ Իսկ այն հարցին, թե կա՞ արդյոք փոփոխություն հասարակության ընկալման հարցում իր գործնեության սկզբում և հիմա, տիկին Զարինեն պատասխանում է, որ այս 4 տարիների ընթացքում դրական տեղաշարժ ու դինամիկա է նկատվում։
«Երբ նոր էի աշխատում, ծնողների մոտ ավելի շատ էր վախը, ամոթի զգացումն ու թաքցնելու միտումը։ Այսօր մարդիկ ավելի տեղեկացված են։ Պարզապես պետք է հիշել, որ աուտիզմը կամ զարգացման այլ հապաղումները պետք չէ դիտել որպես «դատավճիռ»։ Հասարակությունն աստիճանաբար դառնում է ավելի ընդունող, թեև դեռ շատ աշխատանք կա անելու, հատկապես՝ կարծրատիպերը կոտրելու և լիարժեք ներառում ապահովելու ուղղությամբ»։
Նրա խոսքով, ծնողները պետք է հասկանան, որ խնդրի լուծման համար պետք է ամենավաղ փուլում սկսել աշխատել, իսկ աշխատանքը երկարաժամկետ և շարունակական գործընթաց է, և պահանջում է հետևողականություն։
Հոգեբան Զարինեի սաներից մեկի մայրիկը` Լուսինեն, խոսելով իր երեխայի մասին, պատմեց, որ աուտիզմի առաջին նշանները նկատել են, երբ երեխան 4 տարեկան էր. «Տղաս 4 տարեկան էր, երբ նկատեցի, որ իր վարքային զարգացումը տարբերվում է հասակակիցներից, ուներ նաև խոսքի հապաղում, բայց ի տարբերություն այդ ամենի շատ լավ զարգացած հիշողություն ուներ։ Գնացինք Երևան, դիմեցինք մասնագետների, որոնք էլ ախտորոշեցին աուտիզմը»։
Լուսինեի տղան արդեն չափահաս է, շատ լավ տիրապետում է օտար լեզուներին, չնայած դպրոցում սկզբնական շրջանում ունեցել է որոշակի վարքային դրսևորման դժվարություններ, սակայն միշտ եղել է սիրված հասակակիցների և ուսուցիչների կողմից։
«Հոգեբանորեն շատ դժվար է համակերպվել այդ մտքին, հատկապես սկզբնական շրջանում, երբ նոր ես սկսում գիտակցել, որ երեխադ տարբերվում է մյուսներից, անընդհատ ասում ես ինչո՞ւ հենց իմ երեխան, սակայն ժամանակի հետ հասկանում ես, որ քո երեխան պարզապես ուրիշ է և աշխարհը այլ կերպ է ընկալում»,- ասում է Լուսինեն։
Այն հարցին, թե ինչ խորհուրդ կտա այն ծնողներին, ովքեր նոր են նկատում իրենց երեխաների վարքային զարգացման առանձնահատկությունները, Լուսինեն ասում է.
«Ամենաառաջին բանը, որ կարող եմ ասել, դա այն է, որ պետք չէ ընկճվել, եթե զգում եք, որ ձեր երեխան ուրիշ է, պետք չէ խուճապի մատնվել, դիմեք մասնագետների, հասկացեք ձեր երեխայի առանձնահատկությունները, ընդունեք նրան այդպիսին, տվեք շատ սեր և ուշադրություն։ Միայն դուք կարող եք հասկանալ ձեր երեխայի կարիքները և ուղղորդել դեպի շփում` առաջինը ձեր, հետո էլ հասարակության հետ։ Եթե նրա մոտ կան վարքային դրսևորման տարբերություններ, դա չի նշանակում, որ նա չի կարող լինել հասարակության լիարժեք անդամ։ Պետք է լինել համբերատար, մի մեկուսացեք և մի առանձնացրեք ձեր երեխային հասարակությունից»։
Աուտիզմով երեխայի ծնողների խնդիրը պարզերից չէ, միայնակ հաճախ դժվար է լինում. պետք է մասնագետները, ծնողները և նաև երեխաները համատեղ աշխատեն այս ուղղությամբ, որպեսզի ցանկալի արդյունքը հնարավորինս շուտ լինի։



