նորություններ 10 Հունիսի, 2026 • Աճող գները հարվածում են ընտանեկան բյուջեին. բնակիչները հաճախ են բողոքում թանկությունից

Սննդամթերքի գների աճն ավելի ու ավելի է ազդում ընտանեկան բյուջեի վրա։ Ախալքալաքի բնակիչները նշում են, որ հատկապես թանկացել են մրգերն ու բանջարեղենը, իսկ աշխատավարձը սկսել է չբավարարել արդեն նույնիսկ այն ընտանիքներում, որտեղ բոլոր չափահասներն աշխատում են։

Նկատելի է հատկապես մրգերի և բանջարեղենի գների աճը։ Գնորդները նշում են, որ շուկայում և խանութներում սեզոնային մթերքների գինը զգալիորեն աճել է նախորդ տարվա համեմատ։ Կաթնամթերքը, միսը, հացը և այլ կենցաղային ապրանքներ նույնպես թանկացել են։

Ախալքալաքի մի երիտասարդ ընտանիք, որը դեռևս երեխաներ չունի, ապրում է ծնողներից առանձին, ասում է, որ իրենց աշխատավարձը հազիվ է բավարարում մինչև ամսվա վերջ։ Նրանց խոսքով, իրենք իրենց ավելորդ ծախսեր թույլ չեն տալիս։

«Ես զգում եմ գնաճի ազդեցությունն իմ սեփական բյուջեի վրա։ Մենք գնումներ ենք կատարում աշխատանքից հետո, երբ շուկան և հացի փռերն արդեն փակ են։ Ստիպված ենք մթերք գնել խանութներից, որտեղ գներն ավելի բարձր են։ Այս տարի մրգերն ու բանջարեղենը առանց այն էլ շատ թանկ են, իսկ խանութներում՝ առավել ևս։ Պարզապես համեմատեք լոլիկի գինն այս տարի ու անցյալ տարի։ Մենք ամսվա վերջին արդեն սկսում ենք խնայողաբար ծախսել։ Հազիվ ենք մեր եկամուտով ապրում, նույնիսկ չենք էլ պատկերացնում, թե ինչպես կապրենք, երբ երեխաներ ունենանք, ինչպես պիտի խնայենք, որ տուն կամ այլ անհրաժեշտ իրեր գնենք։ Մինչդեռ մեր աշխատավարձերն Ախալքալաքի չափանիշներով համարվում են միջին», — ասում է մեր հարցվողը։

Բոլոր հարցվողները համաձայնեցին խոսել մեզ հետ պայմանով որ չենք հրապարակի իրենց անունները։

Տնտեսական դժվարությունները հատկապես սուր են զգում Երեխաներ ունեցող ընտանիքները, թոշակառուները և ցածր եկամուտ ունեցող մարդիկ։ Սննդի և կոմունալ ծառայությունների գների աճը մեծացնում է ընտանիքների ֆինանսական բեռը։

Երեք երեխա դաստիարակող մեծ ընտանիքն ասում է, որ հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Տղամարդիկ մեկնել են Ռուսաստան աշխատելու և դեռ գումար չեն ուղարկել տուն։ Ընտանիքն ունի նաև թոշակառու, ուստի հիմնական ծախսերը կնոջ վրա են ընկնում։

Նա նշում է, որ գների ընդհանուր աճից բացի, երեխաների ծախսերը նույնպես աճել են, հատկապես հիմա, երբ սկսվել է դպրոցական էքսկուրսիաների սեզոնը։

«Ես զբաղվում եմ մանրածախ առևտրով, բայց բիզնեսն այժմ վատ է։ Շրջանի շատ բնակիչներ ապրանքները գնում են առցանց, իսկ կենսաթոշակը հերիքում միայն կոմունալ ծախսերին։ Մինչև հիմա դեռ երեկոյան ժամերին ջեռուցում ենք միացնում։ Դպրոցական ծախսերը շատացել են։ Երեխան տեսնում է իր դասընկերներին նոր հեռախոսով, մոդայիկ հագուստով ու ծնողներից էլ նույնն է խնդրում։ Հիմա էքսկուրսիաների սեզոնն է։ Ավելին, մեր հասարակությունը հղբացել է․ վերջին զանգը, մկրտությունները, ծննդյան օրերը և այլ միջոցառումներ նշվում են մեծ շուքով։ Ետ մնալ չես կարող, չես ուզում, բայց արդեն ամոթ է 100 լարի տալը։ Մեր մոտ ընդունված չի ետ մնալ», — ասում է մեկ այլ հարցվող։

Մրգերից և բանջարեղենից բացի, գների աճ նկատելի է նաև մսի, կաթնամթերքի և այլ առօրյա ապրանքների նկատմամբ։

Մակարոնեղենի և շատ այլ ապրանքների գինն աստիճանաբար է բարձրանում՝ ամեն անգամ 30-40 թեթրիով։ Սակայն ընդհանուր առմամբ այս ամենը զգալիորեն անդրադառնում է ընտանեկան ծախսերի վրա։ Եթե նախկինում 100-150 լարի ծախսելով հնարավոր էր ընտանիքը ապահովել մեկ շաբաթվա անհրաժեշտ մթերքներով, այժմ այդ գումարը այլևս բավարար չէ։

«Ամեն անգամ խանութ գնալիս, նոր գներ ենք նկատում։ Գնում ես նույն ապրանքը, ինչ նախկինում, բայց ծախսում ես ավելի շատ։ Աշխատավարձերն այլևս ամեն ինչին չեն հերիքում», — ասում է տեղի բնակիչներից մեկը։

Սակայն, բնակիչների ծախսերը չեն սահմանափակվում միայն սնննդամթերքով։ Անհրաժեշտ է գնել հագուստ և առաջին անհրաժեշտության ապրանքներ, վճարել երեխաների ուսման վարձը, գումար գտնել արձակուրդի համար և հոգ տանել առողջության մասին։ Բոլորն էլ դեղորայքի և բուժման կարիք ունեն, և՛ երեխաները, և՛ մեծահասակները, հատկապես թոշակառուները։ Հետևաբար, շատ ընտանիքներ նշում են, որ իրենց աշխատավարձերը արդեն չի բավարարում ոչ միայն խոշոր գնումների, այլև առօրյա ծախսերի համար։

Շատ ընտանիքներ ստիպված են վերանայել իրենց ծախսերը և հրաժարվել որոշակի գնումներից: Բնակիչներն ասում են, որ այսօր, նույնիսկ երբ ընտանիքի բոլոր չափահաս անդամներն աշխատում են, ավելի ու ավելի դժվար է դառնում իրենց պահպանել սովորական կյանքի մակարդակը։

Բնակիչները հասկանում են, որ գների բարձրացումը պայմանավորված է գնաճով, արտադրության և տեղափոխման ծախսերի աճով, ինչպես նաև արտաքին շուկայի փոփոխությամբ: Սակայն, շատերը մտահոգված են, որ իրենց եկամուտները համընթաց չեն գնաճին: Ծնողները խոստովանում են, որ անհարմարություն են զգում իրենց երեխաներից, քանի որ միշտ չէ, որ կարողանում են կատարել նրանց ցանկությունները: Ընդ որում իրենք աշխատում և գումար են վաստակում, սակայն իրենց եկամուտները զգալիորեն ավելի դանդաղ են աճում, քան գները։

Զբոսաշրջության ոլորտի աշխատակցուհին նշում է, որ իր ընտանիքը համեմատաբար ապահով է զգում միայն իրենց բիզնեսից ստացված լրացուցիչ եկամտի շնորհիվ: Նա ասում է, որ առանց իրենց սեփական բիզնեսի, նույնիսկ տեղական չափանիշներով լավ աշխատավարձով, նրանք չէին կարողանա շատ բաներ իրենց թույլ տալ:

Հարցվածներից մեկն աշխատում է տուրիստական ընկերությունում և նշում է տրանսպորտի, ռեստորանների և հյուրանոցների գների աճի մասին։

«Անցյալ տարվա համեմատ տրանսպորտի ծախսերն աճել են առնվազն 30%-ով, ռեստորանների գները՝ 3-5%-ով, իսկ հյուրանոցների գները՝ 5-8%-ով։ Ես իմ ծառայությունների գինը բարձրացրել եմ ընդամենը 30 լարիով։ Ես դրանից շատ չեմ կարող բարձրացնել այն, հակառակ դեպքում կկորցնեմ հաճախորդներին։ Մարդիկ ավելին ծախսելու հնարավորություն չունեն։ Արդյունքում, գների բարձրացումը անմիջականորեն ազդում է իմ եկամտի վրա, և ես ստիպված եմ իմ եկամտից փակել ծախսերի մի մասը։ Մխիթարողը այն է, որ որոշ չափով դոլարի կուրսը էժանացել է», — ասում է նա։

Չնայած եկամտի տարբեր մակարդակներին և կենսակերպին, բնակիչների մեծ մասը համամիտ է, որ կենսապահովման արժեքը բարձրանում է աշխատավարձից ավելի արագ։ Մարդիկ ավելի հաճախ ստիպված են խնայել, հետաձգել խոշոր գնումները և վերագնահատել ընտանեկան ծախսերը։ Այս պայմաններում շատերի համար գլխավոր խնդիրը մնում է իրենց գնողունակության և ապագայի նկատմամբ վստահության պահպանումը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝