Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների վերսկսման ժամկետն անորոշ է։ Դեռևս 2024 թվականի աշնանը կատարվել են քանդման որոշ աշխատանքներ, ինչից հետո դադարեցվել են բոլոր աշխատանքները և այդպես էլ չեն վերսկսվել։
Jnews-ը այս հարցով դիմեց Ախալքալաքի քաղաքապետարան։ Չնայած այս հարցի լուծումը քաղաքապետարանի իրավասությունների մեջ չէր մտնում, սակայն քաղաքապետարանի ենթակառուցվածքի ճարտարապետության ծառայությունների պետ Արա Մովսիսյանը փորձեց տեղեկություն ստանալ իր վերադասից։
«Ըստ իմ ունեցած տեղեկությունների, այս հարցը դեռևս ոչ մի լուծում չունի, նոր մրցույթի հայտարարման ժամկետների հետ կապված որևէ ինֆորմացիա չկա», — ասաց նա։
Այն հարցին, թե ինչ է սպասվում մանկապարտեզին, քանի որ մինչև 2027 թվականը բոլոր մանկապարտեզները պետք է լիազորագրվեն, Արա Մովսիսյանը պատասխանեց․
«Եթե մոտ ժամանակներս մրցույթ հայտարարեն, կարծում եմ 2027 թվականի ընթացքում կհասցնեն ավարտել մանկապարտեզի վերանորոգումը, քանի որ առանձնապես շատ աշխատանք չկա անելու»։
Նշենք, որ թիվ 3 մանկապարտեզի վերանորոգումն իրականացնում էր ՍՊԸ «Լագի Կապիտալի»-ը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը, ներառյալ բոլոր աշխատանքներն ու ծառայությունները, կազմում է 3,261,495 լարի։ Մրցույթը հայտարարվել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից` 2023 թվականի աշնանը, իսկ ընկերության հետ պայմանագիրը կնքվել է նույն թվականի դեկտեմբերի 19-ին։ Պայմանների համաձայն՝ աշխատանքները պետք է ավարտվեին պայմանագրի ստորագրումից հետո 16 օրացուցային ամսվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2025 թվականի ապրիլը։ Վերանորոգումը սկսվել է 2024 թվականի աշնանը, սակայն կատարվել են միայն որոշ քանդման աշխատանքներ։ Աշխատանքները դադարեցվել էին և չէին վերսկսվել։
Վերանորոգման շխատանքների դադարեցման պատճառներին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։



