Ախալքալաքի և Նինոծմինդայի բիզնեսների հազարների հասնող ջրի հաշիվների գործն առաջընթաց ունի: Ազգային կարգավորման հանձնաժողովը բավարարել է բողոքներից մեկը, որի արդյունքում 6000 լարիի հաշիվը զրոյացվել է: Մնացած մոտ 50 դեպքերի համար պատասխան է ստացվել, սակայն վերանայման ժամկետն երկարաձգվել է մեկ ամսով:
Փաստաբան Վասիլի Բալախաձեն, որը ներկայացնում է Ախալքալաքի և Նինոծմինդայի մոտ 50 բիզնես հաճախորդների շահերը, որոնց տարեսկզբին ՍՊԸ «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերություն» -ը հազարների հասնող վճարման հաշիվներ էր ներկայացրել, մարտի վերջին դիմել էր Ազգային կարգավորման հանձնաժողով։
Փաստաբանը գտնում է, որ ներկայացված գումարները չափազանց ուռճացված են և բավարար հիմնավորում չունեն: Հետևաբար, նա դիմել է հանձնաժողովին պահանջով՝ ուսումնասիրել յուրաքանչյուր կոնկրետ դեպքը:
Jnews-ը հետաքրքվեց փաստաբանից, թե ինչ պատասխան է ստացել և արդյոք իր հաճախորդների բողոքները բավարարվել են։
Վասիլի Բալախաձեի խոսքով, բողոքներից մեկն արդեն բավարարվել է հաճախորդի օգտին, իսկ մնացած գործերի վերանայման ժամկետը երկարաձգվել է։
«Մենք արդեն ստացել ենք հաճախորդի համար դրական պատասխան մեկ գործով, բայց դեռ սպասում ենք մնացածին։ Ես ներկայացրել եմ մոտ 50 բողոք։ Վերանայման ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով, քանի որ յուրաքանչյուր գործ պահանջում է մանրամասն վերանայում։ Հուսով եմ, որ մնացած գործերը նույնպես կլուծվեն մեր օգտին։ Երկարաձգված վերանայման ժամկետը դեռ չի լրացել», — ասաց փաստաբան Վասիլի Բալախաձեն։



