նորություններ 5 Հունիսի, 2026 • Սառը հող և ցանքսի ուշացում. ինչ է սպասվում Ջավախքի գյուղատնտեսությանը

Ձգձգվող գարնան և հողի սառնության պատճառով Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղատնտեսական սեզոնն ուշացումով է ընթանում: Որոշ գյուղերում դեռևս շարունակվում է կարտոֆիլի ցանքսը, սակայն մասնագետները դեռևս խուճապի մատնվելու պատճառ չեն տեսնում: Նրանք ասում են, որ եթե այս ամռանը տաք, երաշտից զերծ եղանակ լինի, բույսերը կկարողանան հաղթահարել ուշացումը, և բերքը կհասունանա սովորական ժամկետներում:

Ախալքալաքի մունիցիպալիտետում այս տարվա գյուղատնտեսական սեզոնը մի փոքր հետ է մնում բնականոն ժամանակացույցից: Եղանակային պայմանները մնում են անբարենպաստ: Մունիցիպալիտետի որոշ գյուղերում կարտոֆիլի ցանքսը դեռևս չի ավարտվել: Թե ինչպիսին կլինի Ջավախքում գյուղատնտեսական տարին, մեծ մասամբ կախված է առաջիկա ամիսների եղանակից:

Գյուղատնտես Արշալույս Գալստյանը շատ զգույշ է իր կանխատեսումներում: Նա հույս ունի, որ եղանակն աստիճանաբար կտաքանա, և իրավիճակը կնորմալանա:

«Հողը ներկայումս սառն է, ուստի սերմերի զարգացումը դանդաղ է ընթանում։ Ակտիվ աճի համար երեկոյան ջերմաստիճանը պետք է լինի առնվազն 11 աստիճան։ Ամեն ինչ կախված է եղանակից։ Եթե տաքանա, սերմերն ավելի արագ կզարգանան։ Նույնիսկ ներկայիս ուշացման դեպքում, տաք եղանակի պայմաններում, բերքը կարող է երկու ամսում հասունանա։ Ինձ թվում է բնությունն ամեն ինչ կդնի իր տեղը։ Մինչև այժմ չի եղել դեպք, որ եղանակային պայմանների պատճառով, բերք չլինի։ Եթե հուլիսը և օգոստոսը տաք լինեն, բույսերը կկարողանան արագորեն վերականգնել բաց թողածը։ Շոգ եղանակին վեգետացիոն շրջանը ավելի արագ է ընթանում։ Բերքը, վերջին հաշվով, կախված է հետագա եղանակային պայմաններից», — ասում է Արշալույս Գալստյանը։

Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն և փորձագետ Մախարե Մացուկատովը նույնպես բերքահավաքի հեռանկարները կապում է առաջիկա ամիսների եղանակի հետ։

«Հողը դեռ բավականաչափ չի տաքացել, և որոշ գյուղերում կարտոֆիլի ցանքսը դեռ ընթացքի մեջ է։ Մինչև հունիսի 10-ը դեռ ժամանակ կա։ Եթե առաջիկա ամիսներին տաք եղանակը գերակշռի և երաշտ չլինի, բերքը կհասցնի հասունանալ։ Իմ դիտարկումների համաձայն, նախապայմաններ կան, որ հուլիս և օգոստոս ամիսները կլինեն շոգ։ Սակայն բերքը կախված է նաև աշնան եղանակից», — նշում է Մախարե Մացուկատովը։

Այսպիսով, մասնագետները դեռևս չեն շտապում, բերքատվության վերաբերյալ, վերջնական եզրակացություններ անել: Չնայած ցանքսի ուշացման ժամկետներին և ցուրտ եղանակին, նրանք կարծում են, որ ֆերմերները դեռևս լավատեսության հիմքեր ունեն: Առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն բերքի համար, եթե ամառը տաք լինի, իսկ աշունը՝ բարենպաստ, բույսերը կկարողանան փոխհատուցել ուշացումը, և Ջավախքում գյուղատնտեսական սեզոնը կավարտվի առանց լուրջ կորուստների:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝