նորություններ 31 Մայիսի, 2026 • Թբիլիսիում 112-րդ անգամ նշվեց ավանդական Վարդատոնը

Մայիսի 31-ին Թբիլիսիի պատմական Մեյդանի հրապարակում տեղի ունեցավ Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնը, որը տարիներ շարունակ համախմբում է հայ համայնքի ներկայացուցիչներին, մշակույթի գործիչներին և բազմաթիվ հյուրերի՝ մեծարելու հայ մեծ աշուղի հիշատակը։ Տոնական միջոցառումը կազմակերպվել էր Վիրահայոց թեմի և մշակութային կառույցների նախաձեռնությամբ։

Ավանդույթի համաձայն՝ օրվա ընթացքում մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Սայաթ-Նովայի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրա շիրիմին, որից հետո տոնակատարությունը շարունակվեց Մեյդանի հրապարակում՝ մշակութային գեղեցիկ ծրագրով և համերգով։ Մինչ տոնակատարության սկիզբը, հավարտ Սուրբ և Անմահ պատարագի, եկեղեցու բակում հանգչող Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ:

vardaton 2

vardaton 1

Վարդատոնը ոչ միայն հիշատակի օր է, այլև հնարավորություն՝ նոր սերնդին ներկայացնելու Սայաթ-Նովայի ստեղծագործական ժառանգությունն ու նրա բացառիկ ներդրումը հայ, վրաց և տարածաշրջանային մշակույթների զարգացման գործում։

vardaton 6

Տոնական համերգային ծրագրի ընթացքում ելույթ ունեցան Թբիլիսիի և Ջավախքի տարբեր ստեղծագործական խմբեր ու անհատ կատարողներ։

vardaton 5

vardaton 3

vardaton 4

Մեյդանի հրապարակը ժամեր շարունակ լցված էր երաժշտությամբ, պարով ու տոնական տրամադրությամբ։ Տարբեր սերունդների ներկայացուցիչները միասին նշեցին Սայաթ-Նովայի հիշատակի օրը՝ վերահաստատելով, որ Վարդատոնը շարունակում է մնալ Թբիլիսիի հայկական կյանքի կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկը։

Հիշեցնենք, որ վերջին տարիներին հանդիսությունն իրականացվում է «Վիրահայերի միության», Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների համակզամակերպմամբ և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի, Վրաստանում Հայաստանի դեսպանության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի աջակցությամբ:

Վարդատոնը առաջին անգամ նշվել է 1914 թվականին, Թբիլիսիում։
Հայ մեծանուն բանաստեղծ Հովհ․Թումանյանի արխիվներում պահպանվում է նամակ, որը բանաստեղծը ստացել էր բժշկապետ Բագրատ Նավասարդյանից՝ 1914թ․ հունիսի 15-ին։
«Մեծարգո պարոն Հովհաննես Թումանյան, մայիսը վարդի ամիս է, Սայաթ-Նովան՝ վարդի երգիչ է, և վարդի սիրահար։ Իմ սրտի ամենամոտ ընծան, որ ես հնար ունեմ բերել Սայաթ-Նովայի հուշարձանին, ծաղիկների թագուհի վարդն է, ուստի այդ օրը առավոտյան վաղ բարեհաճեցեք մարդ ուղարկել պարտեզս՝ Տղայոց երկրորդ գիմնազիայի մոտ, ստանալու ինձանից մի հարյուր և մի տեսակ վարդ․․․»
Հովհաննես Թումանյանն ու մի շարք մտավորականներ այդ վարդերով, Համբարձման փողոցից իջնում են Սուրբ Գևորգ եկեղեցի՝ Սայաթ-Նովայի ճերմակ, մարմարե շիրմաքարի բացման արարողությանը։ Շիրմաքարը պատրաստվել էր գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախագծով, իսկ այն բացելու պատիվը վերապահվել էր Հովհաննես Թումանյանին և Իոսեբ Գրիշաշվիլիին։ Հենց այդ օրը հիմք է դրվել ՍԱՅԱԹՆՈՎՅԱՆ «ՎԱՐԴԱՏՈՆԻՆ», որը մեծ շուքով նշվում է առայսօր։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝