նորություններ 30 Մայիսի, 2026 • Ախալքալաքի Սակրեբուլոյում քննարկեցին «Օգնություն գյուղին» ծրագրի խնդիրները

Երեկ՝ մայիսի 29-ին, Ախալքալաքի Սակրեբուլոյի նիստում պատգամավորները հաստատեցին 2026 թվականի մունիցիպալ բյուջեի հերթական փոփոխությունները, ինչպես նաև քննարկեցին և հաստատեցին մունիցիպալիտետին վերաբերող մի շարք այլ հարցեր։

Բյուջեի փոփոխությունները պատգամավորներին ներկայացրեց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանը։ Նրա խոսքով, փոփոխությունների ընդհանուր գումարը կազմել է 981,228 լարի։

Այս գումարից 830,478 լարին, որպես համաֆինանսավորում տեղական բյուջեից, հատկացվել է «Օգնություն գյուղին» ծրագրին։ Այս փուլում, ծրագրով ընտրված աշխատանքներն ավարտին հասցնելու համար, միջոցներ է հատկացվել 30 գյուղի համար։ Ընդհանուր առմամբ, տեղական բյուջեն, այդ գյուղերին ծրագրով հատկացված միջոցներին ավելացրել է հիմնական գումարի գրեթե 200% -ի չափով։

Մնացած գյուղերի աշխատանքների նախագծերը դեռևս պատրաստ չեն, ուստի պատգամավորները, դրանց համար նախատեսված համաֆինանսավորման չափերը, կքննարկեն սակրեբուլոյի հաջորդ նիստում: Նախնական գնահատականով, այս գյուղերի համար լրացուցիչ գումարը միջինում կազմում է մոտ 180%:

Պատգամավորները հետաքրքրված էին, թե արդյոք նախագծողներին տրվել է նախագծի պատրաստման կոնկրետ ժամկետ, քանի որ մտավախություններ ունեին, որ գործընթացը կարող է ձգձգվել: Պետք է նշել, որ այս տարի, աշխատուժի գների փոփոխությունների պատճառով, «Օգնություն գյուղին» ծրագիրն արդեն մոտ 15 օրով հետ է մնացել գրաֆիկից:

Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսեսյանը նշեց.

«Նախագծողներին, 22 գյուղի նախագծերը պատրաստելու համար, տրվել է 33 օր: 30 գյուղի նախագծերն այժմ պատրաստ են, ևս 22 գյուղի նախագծերը պատրաստ կլինեն մոտ 15 օրից: Այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում հրատապ խոշոր նախագծեր չկան», — ասաց Մովսեսյանը:

Քննարկման ընթացքում պատգամավորները նաև պարզեցին, որ աշխատուժի և նվազագույն աշխատավարձի բարձրացված գների պատճառով, գյուղերը չեն կարողանա այս տարի ավարտել բոլոր նախատեսված աշխատանքները՝ չնայած տեղական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորմանը։

Ազավրեթի տարածքային շրջանը ներկայացնող պատգամավոր Սիփան Շիպակցյանը նշեց, որ եթե փոփոխությունները նախապես հայտնի լինեին, բնակիչները կընտրեին միայն մեկ նախագիծ։ Նա հավելեց, որ Ազավրեթի բնակիչների մոտ այժմ հարցեր են ծագում, քանի որ գյուղը սկզբում ընտրել է երկու նախագիծ, բայց իրականում, աշխատավարձի ծախսերի աճի պատճառով, կարող է իրականացնել միայն մեկը։

Արա Մովսեսյանը հայտնեց, որ արդեն հանդիպել է գյուղերում քաղաքապետի ներկայացուցիչների հետ, բացատրել է իրավիճակը և առաջարկել, որ այն գյուղերը, որոնք ընտրել են երկու կամ ավելի նախագիծ, թողնեն միայն մեկը։

Պատգամավորները նաև հետաքրքրվեցին, թե ինչու են մունիցիպալիտետում փոսային նորոգման աշխատանքները ուշանում, քննադատեցին «ՋավախԱվտոԳզա» ընկերությանը՝ ուշացումով և անորակ վերանորոգման համար: Նրանք պահանջեցին կապալառուի նկատմամբ վերահսկողության ուժեղացում և գյուղական ճանապարհների ներառում փոսային նորոգման ծրագրում:

Կարեն Մերգելյանը ներկայացրեց 2026 թվականի առաջին եռամսյակի կատարված աշխատանքների հաշվետվությունը և գնահատականը: Նրա խոսքով, առաջին եռամսյակի բյուջեի կատարումը կազմում է 25%, ինչը տարեսկզբի համար նորմալ ցուցանիշ է, քանի որ շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել:

Նիստում ներկայացվեց Ազմանա գյուղում խաղահրապարակի և մինի-մարզադաշտի վերականգնման նախագիծը: Պատգամավորները հաստատեցին նախագիծը, ֆինանսավորման դեպքում, աշխատանքները հետագայում սկսելու մտադրությամբ:

Այն բանից հետո, երբ մունիցիպալիտետներին հնարավորություն տրվեց մասնակցել դպրոցների վերանորոգման աշխատանքներին, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը հետաքրքրվեց Խանդո գյուղի դպրոցի ջեռուցման նախագծի ընթացքով։

Ի պատասխան՝ Արա Մովսեսյանը նշեց, որ մնացել է լուծել տեխնիկական հարցերը։ Նա նշեց, որ մունիցիպալիտետն արդեն ստացել է պետական բյուջեից հաստատված պատվիրակված փոխանցումը, բայց դեռ սպասում է նախագծի նկատմամբ փորձաքննության պատասխանին, որից հետո հնարավոր կլինի անցնել աշխատանքների կատարմանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝