Գյուղատնտեսական սեզոնի ուշ մեկնարկի և անկայուն եղանակային պայմանների պատճառով Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերները կրկին բախվում են բերքի կորստի վտանգին: Չնայած գյուղատնտեսական ապահովագրության պետական սուբսիդիաներին և մի քանի ապահովագրական ընկերությունների առկայությանը, բերքի ապահովագրության ծրագիրը, տեղացի ֆերմերների շրջանում, դեռևս ժողովրդականություն չի վայելում:
Շատ գյուղերում դեռևս չի ավարտվել կարտոֆիլի ցանքսը: Նման անկանխատեսելի եղանակային պայմանների պատճառով գյուղատնտեսական ապահովագրությունը, կարծես թե, ֆերմերների համար պետք է լիներ ամենապահանջված ծրագրերից մեկը: Սակայն, Ախալքալաքում, պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական բերքի ապահովագրության ծրագիրը դեռևս ժողովրդականություն չի վայելում:
Ֆերմերները տարբեր պատճառներ են նշում. ոմանք չեն վստահում ապահովագրական ընկերություններին, ոմանք դժգոհ են ներկայացուցիչների աշխատանքի օպերտիվությունից, իսկ ոմանք էլ դժգոհ են ապահովագրության պայմաններից: Կան նաև մարդիկ, ովքեր չեն կարողանում ապահովագրել իրենց հողերը, քանի որ այն հնարավոր է միայն հողամասի պետական գրանցման դեպքում, իսկ նրանք դեռևս չունեն գրանցում:
Ապահովագրական ընկերություններն էլ, իրենց հերթին ակտիվ չեն Ախալքալաքի մունիցիպալիտետում և գործնականում ոչ մի տեղեկատվական արշավ չեն անցկացնում: Ոչ բոլոր ընկերություններն ունեն ներկայացուցիչներ Ախալքալաքում, ինչը նույնպես նպաստում է ֆերմերների՝ իրենց բերքն ապահովագրելու, ցանկության բացակայության վրա: 2015 թվականից ի վեր, Ախալքալաքի մունիցիպալիտետում, միայն «Ալդագի» -ն ունի մշտական գրասենյակ:
Ընկերության ներկայացուցիչ Լևան Վախթանգիշվիլին հայտնեց, որ ընկերությունը շարունակում է գործել Ջավախքում և ունի իր գրասենյակը:
«Մենք, իհարկե, այս տարի ապահովագրություն կատարել ենք, բայց դեռ ոչ բոլորն են ավարտել կարտոֆիլի ցանքսը: Դրանից հետո արդեն ֆերմերները կդիմեն ապահովագրության համար», — ասաց Լևան Վախթանգիշվիլին:
Նրա խոսքով, կարտոֆիլի և հացահատիկային մշակաբույսերի ապահովագրական պոլիսների քանակը մոտավորապես նույնն է, բայց թե ինչ թվերի մասին է խոսքը ընկերությունը չի պարզաբանում:
«Նյու Վիժն Ինշուրանս»-ն Ախալքալաքում գործում է 2022 թվականից: Որոշակի տարիներ ընկերությունը գրասենյակ է բացել է Ախալքալաքում, սակայն եղել են տարիներ, երբ այն գործել է առանց գրասենյակի: Այս տարի ընկերությունը վերաբացել է իր գրասենյակը։
«Նյու Վիժն Ինշուրանս»-ի ներկայացուցիչ Սուրեն Մուրադյանը հայտնեց, որ իրենք արդեն մեկ ամիս է աշխատում են մունիցիպալիտետում և ապահովագրել են մոտավորապես 70-80 հեկտար կարտոֆիլի դաշտեր։
«Մենք արդեն մեկ ամիս է աշխատում ենք, իրականացնում ենք տեղեկատվական աշխատանքներ ու արդեն ապահովագրել ենք մոտավորապես 70-80 հեկտար կարտոֆիլ: Եթե գյուղացին բանկից վարկ է վերցնում, ընկերությունը նաև վճարում է այդ տոկոսները», — ասաց Սուրեն Մուրադյանը։
Նշենք, որ ապահովագրական ընկերություններն ավելի շատ հետաքրքրված են կարտոֆիլի ապահովագրությամբ, քան հացահատիկային մշակաբույսերի, քանի որ հացահատիկն ավելի խոցելի է անբարենպաստ եղանակային պայմանների նկատմամբ։
Ամեն տարի ծրագիրն իրականացվում է տարբեր ապահովագրական ընկերությունների կողմից: Տարբեր տարիների դրանց թիվը հասնում էր մինչև ութի: Այս տարի գյուղատնտեսական ապահովագրության շուկայում գործում է չորս ընկերություն՝ Aldagi, New Vision Insurance, TBC Insurance և Alfa:
Մեր տեղեկությունների համաձայն, Alfa-ն գործում է առցանց, իսկ TBC Insurance-ը ապահովագրում է TBC Bank-ի հաճախորդներին:
Բերքի ապահովագրությունը պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիր է: Պետությունը վճարում է ապահովագրված գումարի 70%-ը, իսկ հողատերը՝ 30%-ը: Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր ապահովագրական ընկերություններն բերքն ապահովագրում են կարկուտից, ջրհեղեղներից, աշնանային ցրտահարություններից և փոթորիկներից:
Կարտոֆիլի դաշտի մեկ հեկտարի համար ապահովագրման ընդհանուր գումարը կազմում է 1275 լարի, որից՝
— ֆերմերը վճարում է 382.5 լարի,
— պետությունը վճարում է 892.5 լարի:
Ապահովագրական կանոնակարգերի համաձայն, 100% վնասի դեպքում ֆերմերը, կարտոֆիլի դաշտի մեկ հեկտարի համար, կարող է ստանալ մինչև 15,000 լարի փոխհատուցում։ Այս գումարը հաշվարկվում է կարտոֆիլի 1 կիլոգրամը 0.60 թեթրի գնի հաշվարկով՝ ենթադրելով մեկ հեկտարից 25,000 կիլոգրամ բերքատվություն։
Ցորենի ապահովագրման գումարը կազմում է 1500 լարի։ Գարու ապահովագրման գումարը՝ 1320 լարի, որից 70%-ը վճարում է պետությունը, իսկ 30%-ը՝ հողատերը։
Մեր դիտարկումների համաձայն, Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերների շրջանում գյուղատնտեսական ապահովագրության նկատմամբ հետաքրքրությունը փոքր-ինչ աճել է, բայց այնուամենայնիվ, ծրագիրը մնում է ոչ ժողովրդական։



