Ախալքալաքի վրացական պարերի «Մուրջի» և Դիլիջանից «Նազանի» պարային համույթների միջև բարեկամությունը, որը սկսվել էր մի քանի տարի առաջ համատեղ նախագծի ընթացքում, վերաճել է սերտ մշակութային համագործակցության: Հունիսի 5-ին, Ախալքալաքում, համույթներն առաջին անգամ միասին ելույթ կունենան, ներկայացնելով անվճար համերգ և իրենց երկարամյա ստեղծագործական բարեկամության պտուղները:
Ախալքալաքի և Դիլիջանի ժողովրդական պարերի համույթների համագործակցությունը սկսվել է երկու տարի առաջ, «Վրացական պարի վարպետաց դաս» նախագծի ժամանակ, որը կազմակերպվել էր Երևանի Վահան Բադալյանի անվան գեղագիտական կենտրոնի կողմից: Ժամանակի ընթացքում այս համագործակցությունը վերաճել է իսկական բարեկամության: Արդեն մի քանի տարի է Դիլիջանի «Նազանի» ժողովրդական պարերի համույթը և Ախալքալաքի վրացական պարերի «Մուրջի» համույթը համատեղ վարպետության դասեր և համերգներ են անցկացնում:
«Նախագծի ընթացքում մեզ բաշխեցին տարբեր մարզերով, և մենք հայտնվեցինք Դիլիջանում։ Այնտեղ ես հանդիպեցի Արթուր Գրիգորյանին։ Ես պարի վարպետության դաս անցկացրի նրա «Նազանի» համույթում, և այդպես սկսվեց մեր բարեկամությունը», — ասում է «Մուրջի» համույթի գեղարվեստական ղեկավար Գիորգի Մետրևելին։
2024 թվականին Գիորգի Մետրևելին, հայկական պարի վարպետության դաս անցկացնելու համար, Արթուր Գրիգորյանին հրավիրում է Ախալքալաք։ Արթուր Գրիգորյանը դասեր է անցկացրել ոչ միայն «Մուրջի» համույթի, այլև «Ջավախք», «Վաչիան», «Line Up», «Martin Studio» և Ախալքալաքի այլ համույթների համար։
Արթուր Գրիգորյանը ՀՀ պարարվեստի միջազգային և ազգային խորհրդի անդամ է, Մշակույթի և արվեստի նախարարության ոսկե մեդալակիր, պրոֆեսիոնալ պարուսույց, պարող, ՀՀ վաստակավոր արտիստ և «Նազանի» համույթի գեղարվեստական ղեկավար։
«Մուրջի» համույթը երկու անգամ՝ 2025 թվականին և այս տարվա մարտին, Արթուր Գրիգորյանի հրավերով, այցելել է Դիլիջան, որտեղ համույթները համատեղ համերգներ և վարպետության դասեր են անցկացրել։ Հայաստանի և Վրաստանի երկու մշակութային գործիչների ծանոթությունն աստիճանաբար վերածվում է երկու ժողովուրդների միջև բարեկամության։
Համագործակցությունն արդյունավետ է լինում հենց համույթների համար։ Այս բարեկամության շնորհիվ նրանց պարացանկում ավելանում են նոր ժողովրդական պարեր։
Արթուր Գրիգորյանը «Մուրջի» համույթի համար բեմադրել է երկու պար՝ «Ծաղկեփունջ» և «Քոչարի», որոնք անսամբլը պարբերաբար կատարում է իր համերգների ժամանակ։ Իսկ «Նազանի» համույթի պարացանկում ներառվել են վրացական երկու պար՝ «Ռաճուլի» և «Օսական պար»։
Հունիսի 5-ին, Գիորգի Մետրևելիի հրավերով, «Նազանի» համույթը կայցելի Ախալքալաք և անվճար համատեղ համերգ կտա Ախալքալաքի Մշակույթի տանը։
«Գլխավոր նպատակն այն է, որ մարդիկ տեսնեն մեր բարեկամությունը, որպեսզի մեր աշակերտները նույնպես ընկերանան, և այս բարեկամությունը շարունակվի ոչ միայն մեր, այլև երիտասարդ սերնդի միջև։ Մենք ուզում ենք, որ նրանք հետևեն մեր օրինակին», — ասում է Գիորգի Մետրևելին։
Հունիսի 5-ին կայանալիք համատեղ համերգին «Նազանի» պարային համույթը կկատարի 16 համար։ Ելույթ կունենան նաև «Ջավախք» և «Վաչիան» համույթները, ինչպես նաև «Մուրջի» համույթի մեծերի և փոքրերի խմբերը։
Համերգը տեղի կունենա ժամը 18:00-ին Ախալքալաքի Մշակույթի տանը։ Մուտքն ազատ է։
Սա «Նազանի» համույթի, ամբողջական կազմով, առաջին այցն է Ջավախք։ Իսկ Արթուր Գրիգորյանը եղել է Ախալքալաքում, սակայն առանց համույթի։ Այցի ընթացքում հյուրերը կայցելեն նաև Վարձիայի պատմական քարանձավային վանական համալիր։



