Ջիգրաշեն գյուղի բնակիչների բողոքի ցույցերից հետո «Կոշտ թափոնների կառավարման ընկերության» տնօրենը այցելել է Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղու վրա գտնվող աղբավայր։ Հանդիպման արդյուքում որոշվել է անցկացնել աղբավայրի վիճակի փորձագիտական գնահատական, իսկ տեղի բնակիչները հայտարարում են, որ կրկին կարգելափակեն աղբահանության մեքենաների մուտքը, եթե իրենց պահանջները չբավարարվեն։
Անցյալ շաբաթ «Կոշտ թափոնների կառավարման ընկերության» տնօրենը և Սամցխե-Ջավախեթիի փոխնահանգապետն այցելել են Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղու վրա գտնվող աղբավայր։ Հանդիպմանը մասնակցել են նաև Նինոծմինդայի քաղաքապետը և Ջիգրաշեն գյուղի ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին գյուղի բնակիչները փակել էին աղբահանության մեքենաների մուտքը և պահանջում էին աղբավայրի անհապաղ փակումը։ Նրանց խոսքով, աղբավայրը լուրջ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը և բնակչության առողջությանը։
Ջիգրաշենի բնակիչները փակել են աղբավայրի մուտքը և պահանջում են նրա փակումը
Այդ հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները և գյուղի բնակիչները համաձայնության էին եկել, որ աղբավայրը մասամբ փակվի, իսկ նրա գործունեությունը սահմանափակվի մինչև նոր աղբավայրի բացումը։ Այդ ժամանակ ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին, որ նոր աղբավայրը կբացվի երկու տարի հետո։
Վերջին հանդիպման ժամանակ Ջիգրաշեն գյուղի ներկայացուցիչները, ընկերության տնօրենը և փոխնահանգապետը եկել էին այն եզրահանգման, որ անհրաժեշտ է աղբավայրի վիճակի գնահատում և փորձագիտական եզրակացության պատրաստում։
Հանդիպմանը ներկա գտնվող Ջիգրաշենի բնակչի խոսքով, ընկերության տնօրենը ասել է, որ ինքը տեղյակ չի եղել աղբավայրի վատ սանիտարական վիճակի մասին։
«Տնօրենն ասաց, որ իրեն տեղյակ չեն պահել, որ աղբավայրն այսպիսի վատ վիճակում է։ Նինոծմինդայի քաղաքապետը տեղյակ է եղել իրավիճակի մասին։ Տնօրենը նշեց, որ անհրաժեշտ է փորձագիտական եզրակացություն։ Դրանից հետո առկա կառույցներն ու վագոնները, որոնք նրանք խոստացել էին հեռացնել մեր հետ առաջին հանդիպման ժամանակ, կապամոնտաժվեն։ Մասնագետները պետք է գնահատեն աղբավայրի ներկայիս վիճակը և դրա հետագա շահագործման նպատակահարմարությունը, որից հետո որոշում կկայացվի», — ասաց Ջիգրաշեն գյուղի բնակիչը։
Բնակիչների խոսքով, ընկերության տնօրենը նաև հերքել է իր ենթակաների այն տեղեկատվությունը, որ նոր աղբավայրը կբացվի երկու տարի հետո։ Նա նշել է, որ նոր աղբավայրի բացումը հնարավոր է միայն երեք տարի հետո։
Ջիգրաշենի բնակիչները հայտարարում են, որ շարունակում են անդրդվելի մնալ իրենց պահանջներում և կրկին կարգելափակեն աղբահանող մեքենաների մուտքը, եթե իրավիճակը չփոխվի։
Ներկա պահին աղբավայրի մոտ գտնվող դաշտերն արդեն մաքրվել են աղբից, իսկ աղբավայրի ներսում տարվում են թափոնների հողով ծածկման աշխատանքները։ Ինչպես նաև, բնակիչների խոսքով, Նինոծմինդայի տեղական ինքնակառավարման մարմինը խոստացել է խճապատմամբ հարթեցնել աղբավայրի կողքով անցնող, արոտավայրեր տանող ճանապարհը։


