Մայիսի 4-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղի մոտ 50 բնակիչ բողոքի ակցիա են անցկացրել Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղու վրա գտնվող աղբավայրի մոտ։ Նրանք արգելել են աղբատար մեքենաների մուտքը դեպի աղբանոց և պահանջել աղբավայրի անհապաղ փակումը, որը, նրանց պնդմամբ, լուրջ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը և բնակչության առողջությանը։
Երեկ՝ մայիսի 4-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղի մոտ 50 բնակիչ, նախապես պայմանավորվածության համաձայն, հավաքվել էին աղբավայրի մուտքի մոտ հանդիպելու «Կոշտ թափոնների կառավարման ընկերության» ներկայացուցիչների հետ։
Բնակիչները փակել էին աղբատար մեքենաների մուտքը։ Ժամը 10:00-ի դրությամբ որոշ բեռնատարներ հասցրել էին բեռնաթափել իրենց թափոնները։ Բողոքի ակցիայի ընթացքում Ախալքալաքի մունիցիպալիտետից միայն մեկ աղբատար մեքենա էր եկել աղբավայր։ Նրա մուտքը բնակիչները փակել էին իրենց մեքենաներով։
Տեղի բնակիչները բողոքում են, քանի որ իրենց գյուղատնտեսական դաշտերը ծածկված են աղբով և ցելոֆանե տոպրակներով: Գյուղում անընդհատ տհաճ հոտ է տարածվում, հատկապես տարվա տաք եղանակներին: Նրանք ասում են, որ աղբավայրը գտնվում է չափազանց մոտ ոչ միայն դաշտերին, այլև արոտավայրերին: Եղել են դեպքեր, երբ անասունները կերել են ցելոֆանե տոպրակները և սատկել:
Ավելին, բնակիչները պնդում են, որ թափոնները միշտ չէ, որ ժամանակին ծածկվում են հողով: Միևնույն ժամանակ, ամեն օր աղբավայր աղբ է բերում 10-15 աղբատար մեքենա:
Բնակիչները պահանջում են աղբավայրի լիակատար փակումը և դրա ռեկուլտիվացիան՝ թափոնների ծածկումը հողով, քանի որ թափոնները ներկայումս բաց վիճակում են:
Աղբավայրը գտնվում է բլրի վրա, մինչդեռ դաշտերն ավելի ցածր են գտնվում: Բնակիչներն ասում են, որ ցանկապատը այնքան էլ բարձր չէ, և քամու ու անձրևի ժամանակ աղբը և աղտոտված ջուրը թափվում են գյուղատնտեսական հողերի վրա՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ:
«Մենք պահանջում ենք աղբավայրի փակումը։ Թող այն կազմակերպվի այլ վայրում, բնակավայրերից հեռու։ Այստեղ աղբ է թափվում ոչ միայն Նինոծմինդայից, այլև Ախալքալաքի մունիցիպալիտետից՝ ըստ էության՝ մոտ 100 գյուղի և քաղաքի թափոնները», — ասում է գյուղի բնակիչ Անդրանիկ Քթոյանը։
Մեկ այլ ցուցարար նշեց, որ անասնապահությունն իր եկամտի միակ աղբյուրն է.
«Ես 4000 լարիով կով եմ գնել, որ նա ցելոֆան ուտի և սատկի։ Այս աղբավայրը վարակի աղբյուր է։ Մենք այստեղ ենք՝ մեքենաների մուտքը կանխելու և նրա փակմանը հասնելու նպատակով»։
Բնակիչները պնդում են, որ մի քանի տարի առաջ իրենց խոստացել էին, որ աղբավայրը կփակվի մեկ-երկու տարվա ընթացքում, բայց անցել է վեց տարի, և իրավիճակը չի փոխվել։
«2020 թվականին, մեզ խոստացել էին, երկու տարվա ընթացքում, լուծում գտնել, բայց ոչինչ չի արվել։ Դաշտերը մշակելն անհնար է, հողով չծածկված թափոնները քամին քշում է գյուղով մեկ», — ասում է Սայաթ Գևորգյանը։
Բողոքի ակցիայի ժամանակ աղբավայրում աշխատում էր տեխնիկա, իսկ աշխատողը դաշտերից հավաքում էր ցելոֆանե տոպրակները։ Սակայն բնակիչները պնդում են, որ աշխատանքները սկսվել են միայն իրենց բողոքներից հետո։
Ավելին, աղբավայրի շուրջը հավաքվում են տասնյակ թափառող շներ։
Բնակիչների հետ հանդիպման էր եկել թափոնների կառավարման ընկերության ներկայացուցիչը (ով չներկայացավ), նաև Նինոծմինդայի տեղի իշխանությունների ներկայացուցիչները։
Ըստ ընկերության ներկայացուցչի, նրանք տարիներ շարունակ տեղական իշխանություններին դիմել են աղբավայրի համար նոր տարածք հատկացնելու խնդրանքով։
«Մեզ վերջերս հողատարածք հատկացվեց Ծալկայի կողմում։ Այն շուտով կփոխանցվի ընկերությանը, որից հետո կսկսվեն նախագծային աշխատանքները։ Շինարարությունը կտևի մոտ երկու տարի։ Կկառուցվի ժամանակակից աղբավայր, իսկ սա կփակվի», — ասաց նա։
Բնակիչները պնդում էին աղբավայրի անհապաղ փակմանը։ Սակայն ընկերության ներկայացուցիչը նշեց, որ գործունեության կտրուկ դադարեցումը լուրջ հետևանքների կհանգեցնի։
Բողոքի ակցիայի մասնակիցների, ընկերության ներկայացուցիչների և Նինոծմինդայի տեղական իշխանությունների միջև բանակցություններից հետո կողմերը եկան փոխզիջման. աղբավայրը մասամբ կփակվի, իսկ նրա շահագործումը կսահմանափակվի մինչև նոր աղբավայրի բացումը։
«Թափոնների տարածումը կանխելու համար, աղբավայրի մի մասը կծածկվի հողով։ Աղբը ժամանակավորապես կպահեստավորվի առկա կառույցների և վագոնների տեղում, որոնք նախատեսվում է հեռացնել, և աղբը կլցվի սահմանափակ ծավալով՝ մինչև նոր աղբավայրի կառուցումը։ Մեզ խոստացել են, որ տարածքում կապահովվի մաքրությունը», — հայտնեց Արշալույս Մարաբյանը։
Ջիգրաշենի բնակիչները պահանջում են աղբավայրի փակում. նրանց դաշտերը ծածկվում են աղբով





